«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2003-06-03 | #104, 2003-06-04 | #105, 2003-06-05


ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎ ԳԻՏԱԺՈՂՈՎՙ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Բրյուսելի միջազգային ընկերությունների պալատից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ այնտեղ հունիսի 18-19-ը Բեռլինի «Հայաստանի վերաբերյալ փաստավավերաթղթերի կենտրոնի» կազմակերպությամբ լուսանկարների ցուցահանդես է բացվելու, որը կրելու է «Հայոց ցեղասպանությունը. կենդանի պատմություն» խորագիրը։ Կենտրոնը հիմնվել է 1985-ին դոկտ. Ժիրայր Քոչարյանի եւ դոկտ. Թեսա Հոֆմանի նախաձեռնությամբ, եւ փաստագրական լուսանկարները նախապես ցուցադրվել են Հայդելբերգում (1999-ի նոյեմբերին), Քյոլնում (2002-ի հունվարին), Ֆրանկֆուրտում (2002-ի փետրվար-մարտին) եւ Լոնդոնում (2003-ի հունվարին)։

Հայկական հարցն ու Հայոց ցեղասպանության պատմական փաստերը եվրոպական հասարակությանը ներկայացնելու նպատակով հունիսի 19-ին վերոհիշյալ կենտրոնում տեղի է ունենալու նաեւ «Կոտորած եւ վերածնունդ» խորագրով գիտաժողով, որին մասնակցելու են Իվ Թեռնոնը (Ֆրանսիա), Հելեն Փիրալյանը (Ֆրանսիա), Քլեր Տետեյանը (Ֆրանսիա), Թեսա Հոֆմանը (Գերմանիա), Կլոդ Մութաֆյանը (Ֆրանսիա), Արմեն Հախնազարյանը (Գերմանիա), Ալի Էրթեմը (Գերմանիա) եւ Հայկ Դեմոյանը (Հայաստան)։ Գիտաժողովի կազմակերպիչներն են Եվրախորհրդարանի անդամներ Յոնաշ Շոսթեդը եւ Լենարտ Սագրեդեոսը, Եվրոպայի «Հայկական ասոցիացիաների ֆորումի», Հունաստանի «Հայաստան» սոցիալ-մշակութային կենտրոնի, Ֆրանսիայի «Ազատ ասոցիացիայի», Մեծ Բրիտանիայի «Արշավ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման» կազմակերպության, Լատվիայի «Հայոց մշակութային կենտրոնի եւ Կիպրոսի «Ազատ ձայն» ամսաթերթի համագործակցությամբ։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4