«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2003-06-06 | #107, 2003-06-07 | #108, 2003-06-10


ԹՈՒՐՔԻԱՆ ԿՔՈՒՄ Է ՊԱՐՏՔԵՐԻ ՏԱԿ

«Թուրքիան պայքարում է հաղթահարելու իր աճող պարտքերի կույտը» խորագրով հոդվածում լրագրող Ջաստին Քին «Ուոլ սթրիթ ջոռնլ» հեղինակավոր թերթի մայիսի 21-ի համարում 177 մլրդ դոլար համընդհանուր պարտքի տակ կքացող Թուրքիայի ջանքերը համեմատում է հունական դիցաբանության հայտնի առասպելի հետ, որտեղ աստվածներին ընդդիմացող Սիզիփոսը հարկադրված էր հավերժորեն բարձր լեռան կատարը գլորել անընդհատ գահավիժող ծանր քարը։

«Թուրքիայի պարտքերի ներկա ճգնաժամային վիճակը սկիզբ է առնում 1980¬90-ական թթ.-ից, երբ երկրի բանկերն էժան պետական փոխառության տոմսեր հրապարակ հանեցին հատկապես գյուղատնտեսության բնագավառի խթանման համար», գրում է նա։ Անցյալ տարի Թուրքիայի մասնավոր հատվածի պարտքեր վերցնելու պահանջները կազմեցին համախառն արտադրանքի 14 տոկոսը, որը բարձր ցուցանիշ է ցանկացած երկրի համար։ Հրապարակ հանված յուրաքանչյուր պարտատոմս առավել սրում է ճգնաժամը։ Այսօր Թուրքիան վատթարագույն վիճակում է հայտնվածՙ լինելով Բրազիլիայից հետո աշխարհում երկրորդ խոշորագույն պարտքն ունեցող երկիրը (177 մլրդ դոլար), որը նրան խիստ խոցելի է դարձնում արտաքին ամենափոքր ցնցումներից։

«Մոտ 22-ի հասնող իրական տոկոսաչափերով եւ համախառն արտադրանքի ընդամենը 2 տոկոսի աճով փաստորեն զգալիորեն աճել են նախկին պարտքերը», նշել է այս առթիվ Լոնդոնի «Ինգ բարինգս» ընկերության ավագ տնտեսագետ Ֆիլ Պուլը, որի գնահատումներով առաջիկայում ծանր տնտեսական տարիներ են սպասվում Թուրքիայի համար, քանի որ ընդհանուր պարտքերի 50 տոկոսը լիրայով կամ դոլարով թողարկված պարտատոմսերի գոյացած ներքին պարտքերն են։ Ներկա դրությամբ Թուրքիան Միջազգային արժութային հիմնադրամի ամենամեծ պարտատերն է։ Նա պետք է այս տարի այդ կառույցին վճարի 2.3 մլրդ դոլար, առաջիկա տարի 9.3 մլրդ դոլար, իսկ 2005-ինՙ 9.7 մլրդ դոլար։

Երկրում լուրջ կասկածներ կան այդքան կանխիկ գումար հայթայթելու առնչությամբ։ Անկարան փորձում է սիրաշահել Միջազգային արժութային հիմնադրամին։ Վերջինս ընդառաջել է 701 մլն դոլար վճարել, որն էլ էկոնոմիկայի նախարար Ալի Բաբականին հիմք է տվել հայտարարելու, որ վերոհիշյալ կասկածներն ավելորդ են։ Բայց պետք է նշել, որ ներկա պայմանագրի համաձայն, Թուրքիան մինչեւ մյուս տարվա վերջը ՄԱՀ-ից կարող է պարտք վերցնել եւս 3.9 մլրդ դոլար, իսկ Համաշխարհային բանկիցՙ 1.2 մլրդ դոլար։

Մյուս կողմից, Ամերիկայի խոստացած 1 մլրդ դոլարը կարող է հավելյալ 8 մլրդ դոլարի վարկ ապահովել։ Լոնդոնում տեղադրված «Ուբս ուորբերգ» հիմնարկության մեկնաբան Ալեքս Գարրարդը չի հավատում, որ Թուրքիան կկարողանա պարտքերի ծանր բեռից ազատվել։ «Ինգ բարինգսի» ավագ տնտեսագետ Պուլը նույնիսկ ավելի հոռետես է, նշելով, որ եթե այս տարի պարտավորությունները չկատարելու համար նախատեսված է ընդամենը 5 տոկոս տուգանք, ապա առաջիկա երկու տարիների համար այդ տուգանքը, պարտքերի ավելի մեծ քանակին զուգահեռ, զգալիորեն ավելանալու է։

«Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Թուրքիայի մարտավարությունը», վերջում հարց է տալիս հոդվածագիրը եւ ինքն էլ պատասխանում. նախ երկիրը պետք է շարունակի մոտ հարաբերություններ պահպանել ՄԱՀ-ի հետ, բարձրացնի հարկերը երկրում, զարկ տա սեփականաշնորհմանը, հետեւի արտադրողականության աճին, կայունացնի տնտեսությունը եւ պայմաններ ստեղծի դրա հետագա զարգացման համար։ Ապա, եւ սա նույնքան, եթե ոչ ավելի կարեւոր է, փորձի վերագտնել իր վարկը, որը վերջերս խաթարվել է, եւ վստահություն ներշնչի ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4