«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2003-06-06 | #107, 2003-06-07 | #108, 2003-06-10


ՀՐԵԱ ՀԵՂԻՆԱԿԻ ԱՆԿԵՂԾ ԽՈԿՈՒՄՆԵՐԸ

«Կարող եմ սխալվել, բայց ինչ-որ բան իմ մեջ մահանում է։ Չկա այլեւս այն կայծը, որ մշտապես իմ ներսում բոցավառվում էր։ Քննադատություններիս կողքին ես միշտ ուրախություն եւ հպարտություն էի ապրում, որ պատկանում եմ մի յուրահատուկ ամբողջության, որը լի է խոստումներով», գրում է հրեա ճանաչված վիպասան Դեյվիդ Գրոսմանը, որն իր «Խորը նայիր։ Սեր» գլուխգործոցը հրատարակելուց հետո երկու նոր գիրք է գրել արեւմտյան ափի պաղեստինցիների եւ Իսրայելում ապրող արաբների հանդեպ Իսրայելի կառավարության վերաբերմունքի մասին։

Դրանցից մեկումՙ «Մահը որպես ապրելու միջոց» գրքում, որը գրախոսվել է «Նյու Յորք թայմս» թերթի մայիսի 21-ի համարում, հեղինակը լրագրողի սուր աչքով եւ արվեստագետի ու մտավորականի զգայնությամբ ինքնաքննարկման ենթարկելով իրադարձությունները, ցավով հարկադրված է լինում փոխել անսահման հավատը իր ժողովրդի նկատմամբ։ Միայն դիմացինին հասկանալն ու ըստ այդմ գործելը կարող է ճանապարհ հարթել դեպի ապագան, ընդգծում է նա։ Փոխարենը նա ամենուրեք (երկու կողմում էլ) տեսնում է «աղմուկ, աղաղակ, պայթյուններ, կրակահերթեր, լաց ու կոծ եւ ցույցեր», որոնցից փախչելու համար մարդն առանձնանում է, «մեկուսանում, ամփոփվում ինքն իր մեջՙ դարձյալ այդ աղմուկի ու աղաղակի մեջ խրվելու գայթակղությամբ, քանի որ լռությունն առավել անտանելի է»։ Գիրքը մեկնաբանությունների հավաքածու է, գրված վերջին տասը տարիների ընթացքում։ Սկսվում է Օսլոյի հուսադրող համաձայնությունիցՙ 1993-ին եւ վերջանում անցյալ տարվա մահապարտների թափած արյունովՙ ի պատասխան Գազայում եւ արեւմտյան ափում Իսրայելի ասպատակությունների։ «Գրոսմանի տրամադրությունների շարունակական անկումը շատ նման է մոնիտորի վրա սրտի զարկերի նվազման պատկերին, որն աստիճանաբար գնում է դեպի վերջնական հանգում», գրում է գրախոս Ռիչարդ Էդերը։ Օսլոյին հաջորդեցին Ռաբինի սպանությունը, կարծրթեւային Նաթանյահուի նշանակումը եւ ապա Բարաքի հայտնությունը, համաձայնության գալու ձախողումները, երկրորդ ինթիֆադայի առաջացումըՙ մահապարտների թվի ավելացումով եւ Շարոնի ընտրական հաղթանակը։

«Գրոսմանն Իսրայելի եւ հրեական հայրենիքի անխոնջ ջատագովներից է։ Այդ հանգամանքն ու երկու կողմերի միջեւ հակամարտությանը վերջ տալու նրա բարոյական եւ անկեղծ մոտեցումները գիրքը դարձնում են գրավիչ եւ այժմեական», գրում է Էդերը, վեր հանելով հեղինակի զգուշացումները, որ ամենասարսափելին համաձայնության գալու մտադրության պակասն է։ «Նույնիսկ նրանք, ովքեր պաղեստինյան պետություն հիմնադրելու առաջարկ են ներկայացնում, գործնականում չեն խրախուսում», գրում է Գրոսմանըՙ ավելացնելով, որ պաղեստինցիներն էլ կորցրել են հավատը։ «Դուք մեզ դարձյալ մոլորության մեջ եք գցելու», մեջբերել է նա պաղեստինցիների խոսքը։ Վերջում նա երկու տվյալ է նշել. մեկը, որ պաղեստինցի երեխաների մեկ երրորդը տառապում է թերասնումից, եւ մյուսը, որ իսրայելցի երեխաները վաղ հասակից պետք է սովորեն տարբերակել մահապարտներին։ «Եթե երկու կողմերը չկարողանան հասկանալ կապն այս երկու տվյալների միջեւ, ապա մենք հավիտյան դատապարտված կլինենք մեկս մյուսի պատանդը դառնալու եւ դրա հետեւանքով անիմաստ զոհեր տալու», եզրակացրել է Գրոսմանը։

Գիրքը թարգմանվել է անգլերեն եւ հրատարակվել «Ֆատար, Սթրաուս եւ Ժիտու» հրատարակչատան կողմից։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4