«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2003-06-06 | #107, 2003-06-07 | #108, 2003-06-10


ԱՐԱ ՇԻՐԱԶԻ ԱՆԴՐԱՆԻԿԸ

Արդի հայ արձանագործության առաջատարներից Արա Շիրազին այս դժվարին ճանապարհը վաղուց է հայտնի։ Նրա ստեղծագործության արգասավոր համապատկերում մի ամբողջ շարք հուշարձաններ այսօր արդեն դարձել են մեր ժողովրդի մշակութային հարստությունը։ Հայոց մեծերի այդ պանթեոնում բարձրարվեստ եւ ինքնատիպ մարմնավորումներ են ստացել աշխարհիկ ու հոգեւոր ոլորտի երեւելի այրերՙ Խրիմյան Հայրիկից եւ Վազգեն Առաջինից մինչեւ Ե. Չարենց ու Պ. Սեւակ, Վ. Սարոյան ու Ս. Փարաջանով։ Արվեստագետի լայնամասշտաբ ստեղծագործության բարձր պրոֆեսիոնալիզմն ու որականիշը նրան թույլ են տալիս առանց ավելորդ ճիգերի արդիականի եւ ավանդականի սահմաններն այնպես միահյուսել, որ նորածնունդ մոդեռն աշխատանքն անգամ ունենա կերպարային պլաստիկական հավաստիություն ու զուգահեռներով հարուստ բովանդակություն («Խաչելություն», 2001)։

Որքան հիշում եմ, քանդակագործի տարիների երազն էր ժողովրդի ծոցից ելած լեգենդար հերոսիՙ Զորավար Անդրանիկի եւ նրա գործի հավաքական կերպարն ամբողջացնող հուշարձան ստեղծել, որի համար մոտ երկու տասնամյակ որոնումների դժվարին բովով անցավ։ 1991-ին տեղի ունեցած հանրապետական մրցույթին նա ներկայացրել էր երկու տարբերակՙ Զորավարը երկու ձիերի վրա անսովոր լուծումով աշխատանքը եւ երկարուկ, ժապավենաձեւ ձգվող մի հորինվածք, ուր հերոսն ու իր քաջարի ֆիդայի զինակիցները մեկ առանցքի շուրջ էին ծավալվում։ Գեղարվեստական խորհուրդը նախապատվությունը տվեց առաջինին։ Ժամանակները ծանր էին, եւ հուշարձանն ավարտված տեսնելն իրական չէր, պետք էր համբերատար սպասել պատեհ առիթի։ Մոտ 10 տարի արձանագործը սպասում էր այդ օրվան։ Եվ ահա, եկավ նաեւ այդ օրըՙ շնորհիվ մի շարք շահագրգիռ մարդկանց բարի կամքի։

Զույգ ձի թամբող Զորավարի նմանատիպ լուծումը դիտողին առաջին հայացքից կարող է անսովոր թվալ։ Սակայն խոսքը ոչ թե սոսկ պատմական հերոսի լուսանկարչական-մեխանիկական արտացոլմանը, այլ ինչ-որ տեղ էպոսային-հեքիաթային երեւույթի ու անձի մասին է, որի անունն ու գործը մի ողջ ազգի եւ նրա արժանապատվության խորհուրդն ունի։ Կիսված ժողովրդի եւ կիսված հայրենիքի իրական պատկերը խորհրդանշող այս զույգ ձիերը մեր պատմական իղձերի ու երազների հավաքական տեսիլն է, նրա մշտաբորբոք անթեղված կրակը, որն արվեստային դաշտում դիտողի հոգու եւ մտքի մեջ արթնացնում է նաեւ այլ կենսական զուգահեռներ։

Հուշարձանի էսքիզային տարբերակից մինչեւ ավարտուն գործ դառնալու երկարատեւ ճանապարհին Արա Շիրազը համբերատար լսել է արվեստակից ընկերների տարբեր, երբեմն ծայրահեղ կարծիքներ, առաջարկություններ, գործըՙ ըստ իրենց առավել շահեկան տեսնելու ցանկությամբ, սակայն իր ներքին համոզմունքներին ու պատկերացումներին ապավինելով նա կերտեց այն, ինչ ցանկանում էր։ Այստեղ ֆորմալ ձեւառնական խնդիրներ լուծելու տեղը չէր, որքան հնարավոր էր պետք է ձգտեր պարզ, չխճողված ընդհանրական ձեւերի, որը կարտահայտեր ժողովրդական հերոսի ներքին պաթոսը։ Նրա վեր խոյացած թուրն առավել քան խաչ է հիշեցնում, նա գնում է հանուն ժողովրդի փրկության։ Այս ձիավորը մարդասպան չէ, ավարառու չէ լենկթեմուրների, չինգիզխաների, թուրանական ցեղերի հանգի, այլ մի ողջ ազգի գոյության համար կենաց¬մահու կռիվ տվող ժողովրդական հերոս, հայ քրիստոնյա, որը մեր գիտակցության մեջ է մտել որպես անսովոր, առաքելական մարդ, իրականի եւ հեքիաթայինի բնական միաձուլում։ Քանդակագործի ելակետը, որքան էլ այն համեստության երանգներ պարունակի, հնչում է այսպեսՙ այս արձանը հայ ժողովուրդն է ստեղծել, այն իր երեւակայության արդյունքն է, իսկ ես կատարել եմ իմ ժողովրդի հավաքական ցանկությունը հնարավորինս հավաստի, անկեղծ։

Որեւէ հուշարձանի գեղարվեստական որակական չափորոշիչը տարբեր դիտակետերի առանձին-առանձին եւ մեկը մյուսին լրացնող քանդակաձեւերի ու շարժումների սահուն եւ դիտարժան անցումներով է պայմանավորված։ Այս իմաստով Զորավարին պատկերող հուշարձանը դինամիկ սլացքի եւ ուրվագծային ներդաշնակ փոխանցումների համաձուլվածք է։ Պատվանդանից պոկվող թռչող ձիերի, նրանց ոտքերի, գլուխների եւ վերջավորության ճառագայթաձեւ հետագիծը փայլուն կերպով հարաբերվում է վեհորեն այս սլացքը սանձող Զորավարի մարմնի, գլխի եւ ձեռքերի շարժումների հետ։ Ազատատենչ ոգին, այն մարմնավորող դյուցազնական կերպարը դարձել են մի շունչ եւ մի մարմին, ու դեպի Մասիսները սլացող նրանց հետագիծը հայի երեկվա, այսօրվա, վաղվա երազները պահելու է կենդանի, որպես անմար կրակ։

Հայոց նորաստեղծ բանակի յուրաքանչյուր զինվոր ու սպա Զորավարի վեհաշունչ հավերժական կրակով պիտի լիցքավորվի այսօր եւ բոլոր ժամանակներում։

Դրվատանքի ջերմ խոսքեր պետք է ուղղել տաղանդավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանին, որի հետ երկար տարիներ համագործակցում է Արա Շիրազը։ Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ ճարտարապետն իմացությամբ եւ զգայուն կերպով «որսում» է արձանագործի մոնումենտալ ստեղծագործության էությունը, նրա տարածական-ձեւառնական խնդիրներըՙ ավելի արտահայտիչ դարձնելու հեղինակային պլաստիկական լուծումները, մեկ ամբողջական հորինվածք դառնալու բարդագույն խնդիրը։ Պատվանդանի քարեղեն սալիկների շարվածքն ու դեպի վեր խոյացող գծային ռիթմերն ինչ-որ տեղ զուգահեռվում են անմար կրակի շուրջ խոնարհված Մեծ եղեռնի հուշահամալիրի ընդհանուր պատկերի հետՙ որպես հայ ժողովրդի ճակատագրի երկու անքակտելի երեւույթներ։

Այսքան հրաշալի ուրվապատկերներ մեկ հուշարձանի մեջՙ աներկբայորեն խոսում են հեղինակների անուրանալի հաջողության մասին, նաեւ այն մասին, որ Երեւանում կողք-կողքի հարեւանելու են մեր հավատքը խորհրդանշող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին եւ մեր ժողովրդի ուժն ու արժանապատվությունը մարմնավորող Զորավարի հուշարձանը։

Այս բարդ եւ աշխատատար գործն էսքիզային վիճակից բնօրինակի վերջնական տեսքին հասցնելու պատասխանատու գործընթացում իր անժխտելի ներդրումն ունեցավ շնորհալի քանդակագործ ու հեղինակի գործընկեր, Երեւանում եւ հանրապետության այլ շրջաններում դրված մի շարք աշխատանքների հեղինակ Վիլյամ Պետրոսյանը։ Հսկայական չափի հուշարձանը հատված առ հատված, միլիմետրի ճշգրտությամբ հասցվում է հեղինակային բնօրինակի հարազատ վերարտադրմանը, նրա ընդհանուր գեղարվեստական կոնցեպցիայի եւ ձեւական խնդիրների պահպանմանը։

Բոլորիս համար ակնհայտ է, որ սոցիալ-տնտեսական այս դժվարին պայմաններում նման խոշորամասշտաբ արվեստի գործի ծնունդն ինչպիսի դժվարությունների հետ է կապված, եւ հուսադրող է, որ մեր ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք պատրաստակամ են օգտակար լինել ու մեր մշակույթին ծառայեցնել իրենց ֆինանսական միջոցները։ Այդ երեւելի մարդկանցից է սփյուռքահայ բարերար Վահրամ Շիրինյանը, որի օժանդակությամբ էլ ավարտին հասցվեց հայ մարդու համար թանկ այս հուշարձանը։ Սակայն առաջին հերթին արձանի հեղինակին թեւ ու թիկունք են կանգնել միշտ նման իրավիճակներում ճիշտ եւ ճիշտ ժամանակին հայտնվող, անվանի հրապարակախոս եւ գրող Զորի Բալայանն ու հանրապետության զինված ուժերի նախարար Սերժ Սարգսյանը, որոնց ջանքերի շնորհիվ մայրաքաղաքը հարստացավ եւս մեկ բարձրարվեստ կոթողով։ Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի, Անդրանիկ Զորավարի երեւանյան հուշարձանները հայոց ոգու արիության խորհուրդն են պարզելու աշխարհին եւ նոր սերունդների համար դառնալու են ուղեցույց ու ոգեշնչման աղբյուր։

ՊՈՂՈՍ ՀԱՅԹԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4