«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2003-06-12 | #111, 2003-06-13 | #112, 2003-06-14


ԿԱՄԱՐԻՍԸ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐԱՆՆԵՐՈՒՄ

Կամարիս գյուղում 400 ընտանիք է ապրումՙ 2450 բնակիչ։ Գյուղացիք հիմնականում բանջարաբուծությամբ եւ անասնապահությամբ են զբաղվում, փոքրիկ տնամերձ այգիներ ունեն։ Գյուղի հողերի միայն 10-20 տոկոսն են օգտագործում, որովհետեւ դրանք անջրդի են, ոռոգման ջուր չկա։ Ոռոգման ջրի ցանցը քայքայված է, բայց քանի որ ընտանիքների մեծ մասը ոռոգման ջրի դիմաց չի կարողանում վճարելՙ ցանցի նորոգումն էլ հարցականի տակ է։ Անցած տարի գյուղի ոռոգման ջրի պարտքը գյուղապետարանի բյուջեի հաշվին է փակվել։ Այս գյուղում ավելի քան 200 ընտանիք իրեն աղքատ է հայտարարել։

Կամարիսցի 6 երեխաների մայր, 35-ամյա Գայանեն վերջին երեք երեխաներին տանն է ծննդաբերել։ Եվս 2 երեխա ծնվելուց մի քանի ամիս անց մահացել են։ Ընտանեկան ծնունդ համարվող վերջին երեք երեխաներից ավագը 3,2 տարեկան է, կրտսերըՙ 3 ամսական։ Նրանք ծննդյան վկայական չունեն։ Այսինքնՙ 3 մարդ եւ կան, եւ չկան։ Չկան ընտանեկան նպաստի ցուցակներում, ընտանիքի սոցիալական անձնագրում, քանի որ առանց ծննդյան վկայականի ոչ մի օրենք չի թույլատրում նրանց մարդ համարել եւ սնվելու իրավունք տալ։ Երեխաները կան ընտանիքի բանավոր ցուցակում, որով ամեն օր 6 երեխա պիտի սնվի, մերկությունը ծածկի եւ պարզապես մեծանա։ Տանը ծննդաբերելու գլխավոր պատճառ Գայանեն նշեց ընտանիքի անվճարունակությունը։ Վերջին երեք երեխաներից մեկին սարում է ծննդաբերել, բայց որ գյուղում էլ լիներ, միեւնույն է, փող չկարՙ ծննդատուն չէր գնալու։

Ծնվելուց մի քանի ամիս անց 3 տարեկանի համար փորձել է ծննդյան վկայական ստանալ։ Գյուղապետարանի տեղեկանքով գնացել է Աբովյանի ծննդատուն, սակայն այստեղ, նրա ասելով, ծննդի վերաբերյալ փաստաթուղթը ձեւակերպելու համար 15 հազար դրամ են պահանջել։ Դրանից հետո Գայանեն այլեւս չի դիմելՙ մտովի հաշվելով, որ 3 երեխայի համար ծննդատնից փաստաթուղթ վերցնելը կլորիկ գումար է նստելու։ Բնականաբար, փաստաթուղթ չունեցող 3 երեխայի ծննդյան միանվագ նպաստն էլ չէին ստացելՙ յուրաքանչյուրին 5900 դրամ։ Նույնիսկ մահացած երեխաներից մեկի համար, որը հիվանդանոցում էր ծնվել եւ ծննդական էր ունեցել, Գայանեն 96 թե 97 թվին երեխայի ծննդյան միանվագ նպաստը չէր ստացել։ Ասել էինՙ հարկերը կմուծեսՙ կտանք։

Հաշվառված երեք երեխայով եւ ընտանիքի մյուս երեք անդամով ծանրաբեռնվածՙ նրանք ընդհանրապես որեւէ նպաստի ցուցակում չէին հայտնվելՙ բացառությամբ անցած տարվա ԱԸՆ-ի եռամսյա վճարումը։ «Ոչ անասուն ունենք, ոչ ուրիշ ունեցվածք, ապրում ենք ամուսնուս եղբոր տանը։ Էս տարի երրորդ երեխաս պիտի դպրոց գնարՙ շոր ու կոշիկ չհասցրի առնել, չգնաց»։ Մեր այցելությունից մեկ-երկու օր առաջ արդեն տան ալյուրը վերջացել էր, եւ ընտանիքը միայն հաց ճարելու մասին էր մտածում (ամիսը պարկ ու կես ալյուր է անհրաժեշտ)։ Գայանեի տան ներսուդրսի աչք ծակող ծայր աղքատությունը պերճախոս էր, եւ տունն էլ մի կերպ կարելի էր կացարան անվանել։ Գյուղացիներից շատերի նման նրա ամուսինն էլ անգործ է, բայց մի երկու սեզոն, ուրիշների հետ, ունեւորների անասունն է սարում պահում։ Այստեղ էլ ընտանիքի հոր բախտը չի բերել. գյուղում 3 տարի է դաբաղ կա, եւ նրա պահած անասուններից վեցը սատկել են, իսկ մնացածով, տան քիչ թե շատ արժեք ունեցող իրերն էլ վաճառելով հազիվ է տիրոջ «ջառմեն փակել»։ Այս ձմռանը Գայանեի ամուսինն անգործ է եղել, մի կերպ անցկացրել են, հիմա էլ նորից սար է բարձրացել մեծ երկընտրանքով։ Նոր պարտքի տակ ընկնելու հեռանկարը սարսափեցնում է։

Գայանեի ընտանիքը հող ունի, բայց վաղուց չի մշակել. սերմացու չի ունեցել (ցորեն), ջրի վարձը չի կարողացել տալ։ Նրանց միակ հույսը փոքրիկ տնամերձն է, ուր լոլիկ են աճեցնում, մեկ էլՙ մի տասը հավ ունեն։ «Ով երեխեքիս ծննդականները առանց գումարի հանել կտա, նրան էլ կտանք մեր ձայնը», պատգամավորության թեկնածուների հետ մտովի բանակցում էր Գայանեն։ Հաջողվե՞ց նրան որեւէ թեկնածուից իր հարցի լուծման խոստում ստանալՙ չգիտենք։ Աբովյան քաղաքի ծննդատուն գնացինք նաեւ իմանալու, թե հիվանդանոցում չծննդաբերելու դեպքերը ի՞նչ տարածում ունեն Աբովյանում եւ հարակից գյուղերում։

- Այդպիսի բան չի եղել, որ անվճարունակ մարդուց փաստաթղթի համար դրամ ուզենք,- միանգամից կտրեց գլխավոր բժիշկըՙ միաժամանակ չհիշելով կոնկրետ այդ դեպքը։

Այսինքնՙ ինչպե՞ս կարող է աղքատ մարդը ճիշտ ասել։ Իսկ ինչո՞ւ պիտի Գ. Ներսիսյանը ստեր։ Լ. Հովհաննիսյանը 14 ծննդկանի ազգանուն ցույց տվեց, որոնց համար փաստաթուղթ է ձեւակերպվել-տրվել 2003 թ. ընթացքում, բայց նրանք 2001-02 թվականներին տանն են ծննդաբերել։ Անգամ 1997-ին ծննդաբերածներ կային, որոնք մինչեւ հիմա չէին ձեւակերպել ծնունդը, եւ նրանց երեխաները տարիներ ծննդյան վկայական չեն ունեցել։ Հիմնական պատճառ Լ. Հովհաննիսյանը նշեց գյուղապետների, գյուղի բուժքույրերի վատ աշխատանքը, որոնք ծննդաբերողներին չեն բացատրում նրանց եւ նորածնին սպառնացող վտանգների մասին։ Եթե նրանք լավ տանեն բացատրական աշխատանքըՙ ծնող մայրերի պատասխանատվությունը կբարձրանա։ Անվճարունակությունը Լ. Հովհաննիսյանը պատճառ չի համարում։ Ըստ նրաՙ «հիվանդանոցում անվճարունակից նույնիսկ դեղի փող չեն վերցնում»։

Գլխավորի ընդունարան մտնելուց առաջ զրուցեցի հենց կամարիսցի մի ծննդկանի հարազատների հետ (առանց լրագրող լինելս բացահայտելու), որոնք սպասում էին երեխայի մոր դուրս գրվելուն։ «Եթե իրենց ուզածով տանքՙ ծնունդը մի 50 հազար դրամ նստում է, բայց մենք իրենց ասած գներից պակաս ենք տալիս», վճարների մասին իմ հարցին պատասխանեց սպասողներից տարեց կինը։ Զուգահեռը ծնվում է ինքնին. անվճարունակ ծննդկաններից քչերը կուզենան այս գների պայմաններում հոգեկան նվաստացում կրել եւ երկրորդ կարգի մարդու կարգավիճակում հայտնվել, այդ պատճառով էլ ծննդաբերել են տանը։ Գ. Ներսիսյանին էլ կարելի է հասկանալ։

Ես այդ դեպքն անընդհատ քննարկում էի միջին օղակի տարբեր պաշտոնյաների հետ ու ոչ մի կարեկցություն չէի նկատում ապրելու միջոցներից զուրկ եւ վեց երեխա մեծացնող ընտանիքի հանդեպ։ Ընդհակառակը, անընդհատ լսում էի հարցըՙ եթե չեն կարող պահել, ինչո՞ւ են ունենում։ Բայց ծնելիության անկման խնդիր ունեցող պետության պաշտոնյան, այսինքնՙ պետությունն ինքը, հարցն այդպես դիտարկելու իրավունք ունի՞։ Պետությունը 5-6 երեխա ունեցողների նեցուկը պետք է դառնաՙ ընտանիքի անապահովության ամեն տեսակ սահմանային մեծություններ հորինելուց անկախ, իսկ պաշտոնյան, սոցծառայության աշխատակիցը, տեղական ինքնակառավարման մարմինն ամեն ինչ պետք է անեն, նույնիսկ սողանցքներ փնտրեն օրենքումՙ այդպիսի ընտանիքներին օժանդակելու համար։ Թե չէ ստացվում է, որ նպաստը, տարբեր պատճառներով, ամենաաղքատ շերտին անհասանելի է։

Գ. Ներսիսյանի ընտանիքում չգիտեինՙ բողոքելու դեպքում կարո՞ղ են հույս ունենալ, որ կընդգրկվեն ընտանեկան նպաստի այս տարվա ցուցակներում, թե՞ բավարարվեն եռամսյա նպաստին սպասելով։ Գրանցված երեխաներով հենց այդ նպաստի քարտեզում էին տեղավորել նրանց։ Ընդհանրապես նրանց մեջ բացակայում էր իրենց իրավունքների համար պայքարելու ցանկությունը։ Չինովնիկական քաշքշուկը հաղթահարելն անհնար է, համոզված էին նրանք։ Անհամբեր սպասում էին պատգամավորության այն թեկնածուին, որը հանձն կառներ երեխաներին ծննդյան վկայականներ պարգեւել։ Սակայն մայրաքաղաքին շատ մոտ լինելն այնքան էլ չէր հրապուրել ընտրազանգված որսացող մեր նախընտրականներին։

Կամարիսում բազմաթիվ մարդկանց հետ մեր զրույցները պարզում էին, որ շատերը երեխաների ծննդյան միանվագ նպաստը չէին ստացել։ Այնքան խորն էր համոզվածությունը, թե հարկերը չեն մուծել, իրենց ոչ ոք այդ նպաստը չի վճարի։ Հենց այդպես ասաց նաեւ Աբովյանի ծննդատանը մեզ հանդիպած կամարիսցի տղամարդը, ում առաջին երեխայի նպաստը երկու տարի առաջ չէին վճարել հարկերը չմուծելու պատճառով։ Նա մոտ 100 դոլարի հասնող հարկերի պարտք էր կուտակել եւ հույս ուներ, որ 2 երեխայի ծննդյան նպաստըՙ մոտ 12 հազար դրամ, կկարողանար հանել այդ պարտքից։ Մեկը մյուսի հետ կապ չունենալու մեր դիտարկումը նա միամիտ համարեց։ Կամարիսցիներից շատերը երեխայի ծնվելուց հետո չէին գնում ծննդյան նպաստն ստանալու, որովհետեւ համոզված էին, որ պարտքի պատճառով նրանց չեն վճարի։ Ըստ Կոտայքի մարզի Աբովյանի տարածքի կենսաթոշակների նշանակման բաժնի պետ Գ. Ղազարյանիՙ գուցե մի երկու տարի առաջ այդպես է եղել, ինքը չգիտի, բայց այժմ այդպիսի բան չկա. հարկերի վճարումը ոչ մի կապ չունի իրենց ծառայության հետ, այդ կարգի որեւէ հարց իրենք չեն տալիս դիմողներին։ Եթե ամեն ինչ այդպես է, ուրեմն մարդիկ իրազեկման կարիք ունեն եւ պարզապես իրենց իրավունքները չգիտեն։ Իրազեկման պարտավորությունը տեղական իշխանությանն է։

Տեղեկատվական շրջափակման մեջ էր գորիսցի երեք կանանցից կազմված փախստականներիՙ Հասմիկ, Մանուշակ, Մարինե Խաչատրյանների ընտանիքըՙ մայրն ու դուստրերից մեկը հաշմանդամության կարգով։ Նրանք ապրում էին ծայր աղքատության մեջ, միայն մի սենյակում, որը տանտիրոջից գնել էին ժամանակին։ Հող չունեին, եկամտի միակ աղբյուրը հաշմանդամության թոշակն էր։ Անցած տարվա օգոստոսից մինչեւ դեկտեմբեր, հիվանդանոցում բուժվելու ընթացքում, հաշմանդամ աղջկա թոշակը չէին ստացել։ Չգիտեինՙ իրավունք ունե՞ն ստանալու, եւ, ի վերջո, կկարողանա՞ն ստանալ։ Նրանց հոսանքն անջատված էր. իրենց ասելով, 500 կիլովատ պարտք կա իրենց վրա, որի համար վեճ է առաջացել գյուղի էլեկտրիկի եւ ընտանիքի միջեւ։ Կանայք պնդում էին, որ իրենք մեկ ամսում շատ քիչ հոսանք են ծախսում, էլեկտրիկի ասելով խոսքն ավելի քան 7 ամսում կուտակված 27 հազար դրամ պարտքի մասին է, որի համար էլ անջատել է էլեկտրականությունը։

Սոցիալական նպաստի համակարգով 35-36 բալ հավաքած մի ընտանիք չէր ձգել մինչեւ բաղձալի 38 բալը մեկ կովի պատճառով. չորս երեխայով, կիսաշար պատը վաղուց այլեւս կանգնեցնելու հույս չունեցող, ցեմենտե տանն ապրող ընտանիքի հայրը նույնպես աշխատանք չունի։ Թեկուզ մի երկու ամսով էլ աշխատանք լիներՙ համաձայն էր, քանի որ զրկվել էին 10 հազար դրամ նպաստից։ «Այ, որ գյուղապետը գրերՙ կով չունենք», երազում էր ընտանիքի մայրը։ Այսինքն, այդ մտայնությունը կար գյուղում, որ գյուղապետն է վճռում, ի վերջո, ունեցվածքի հայտարարագրերում լրացված տվյալների ճակատագիրը։

Գյուղի խանութի մատյանը պարտքի «դավթար» էր հիշեցնում։ Պարտքի մի «դավթար» էլ էլեկտրիկն ուներ։ «100 ընտանիք չի կարողանում վճարել հոսանքի համարՙ 15-20 հազար դրամի պարտք ունեն միջինը», տեղեկացրեց էլեկտրիկը, որը նոր, ապարդյուն փորձ էր անում Մանուկ Մինասյանից պարտքը վճարելու խոստում ստանալ։ Կով չունեցող ընտանիք է երեք մանկահասակ երեխա ունեցող Արմեն Բաղդասարյանի ընտանիքը։ Նրա մայրը համոզված է, որ «Փարոսի» ցուցակներում ընդգրկված են նաեւ անասուն, մեքենա ունեցող ընտանիքներ։ «Տեր պիտի ունենաս, աղջիկ ջան», ասում է նա։ «Գյուղապետարանո՞ւմ, թե՞ վերեւում», հարցնում եմ։ «Տոՙ գյուղապետարանում էլ, վերեւում էլ»։

Բոլոր այս մարդիկ եւ տասնյակ ուրիշները, ում հետ զրուցեցինք Կամարիսում, լիարժեք պատկերացում չունեին ոչ ընտանեկան նպաստի հաշվարկման, ոչ ծննդյան միանվագ գումարի, ոչ հաշմանդամության ստացման կարգի մասին։ Նրանց մեծ մասը համակերպվում էր տեղական իշխանության եւ տարածքային սոցծառայության կենտրոնի որոշումների հետ, անկախ այն բանից, արդար համարում է դրանք, թեՙ ոչ։ Ընդհանրապես ոչ ոք չի հիշում, որ երբեւէ իրենց մանրամասն բացատրվեն մատուցվող սոցիալական ծառայությունների կարգը, հրապարակային եւ հասանելի դարձնեն դրանք։

Ընտանիքների մեծ մասն աղքատ է, բայց ընտանեկան նպաստի համար դիմած 200 ընտանիքից միայն 40-ն են ընդգրկվել նպաստների համակարգում. այդ է պետության հնարավորությունը։ Արդյոք ընդգրկվա՞ծ են հենց նրանք, ովքեր աղքատների մեջ առավել աղքատ են։ Գյուղապետ Զարզանդ Եգորյանն ու նրա տեղակալը միաբերան պնդում ենՙ այո։ Իրենք այ այս խնդրում գործոն չեն, միայն տվյալներն են ներկայացնում սոցծառայության մարզային կառույցՙ «ով բալ է հավաքում», նա էլ ստանում է։ Թոշակները մի քանի դրամով բարձրացնելու պատճառով շատերը դուրս մնացին նպաստի համակարգից, մինչեւ 2000 թվականը գյուղում 100-ից ավելի նպաստ ստացող կար։ «Երեւակայիրՙ լրիվ մաքուր, ճիշտ տալիս են», ասում է գյուղապետի տեղակալը։ «Երեւակայեցինք»։ Բայց ինչպես էլ «երեւակայում ենք», չենք պատկերացնում, թե 6 երեխա, 9 շունչ ունեցող Գ. Ներսիսյանի ընտանիքը ինչպես է, որ մինչեւ հիմա ընտանեկան նպաստի հասցեատերը չէ։

Ում էլ հարցնում էինքՙ մինչեւ վերջ չգիտեր աղքատության չափանիշները որոնք են։ Գիտեին, որ կարեւորը անասուն չունենալն է եւ նեղանում էին գյուղապետից, համոզված, որ նրա ձեռքում է իրենց ունեցած 1 կովի մասին տեղեկանքում չնշելը։ Չեն ասումՙ էդ մի կովը հաճախ կաթ չի տալիս, տա էլՙ մի քանի լիտր կաթը չի կարող դառնալ կոշիկի ու դասագրքի փող, որ երեխա դպրոց ուղարկենք», դժգոհում էին մարդիկՙ հիշելով, որ այսինչ կամ այնինչ հարեւանը կով ունի, բայց նպաստ է ստանում։ Ստացողների ընդհանուր կազմի մասին եւս ոչ ոք պատկերացում չուներՙ 40 նպաստառուի ցուցակը ոչ մի տեղ փակցված չէր եղել, որ մարդիկ իմանանՙ ովքեր են գյուղի առավել անապահովները։ Ո՛չ գյուղապետը, ո՛չ գյուղացիները չհիշեցին, որ իրենց գյուղից Աբովյանի տարածքային սոցծառայությունում աշխատող կաՙ Վարդան Ենոքյանը. ով-ովՙ նա հո գիտի ով է անապահով, ովՙ ոչ։

Անապահով ընտանիքներ կան, որ հատկապես դուրս են մնում նպաստի քարտեզից տարօրինակ պատճառով. այնքան աղքատ են, որ սերմացու գնելու, ջրի վարձ տալու հնարավորություն չունեն, քանի որ հողամասը չեն մշակում։ Նրանք հողը ստիպված վաճառում են, պարտքերը տալիս, իսկ մի երկու ամիս հետո հայտնվում են ծայր աղքատության մեջ։ Սա առուծախ է, եկամուտ է արտացոլվում ընտանիքի սոցիալական անձնագրում, եւ վերջինս զրկվում է ընտանեկան նպաստից։ Ըստ գյուղապետիՙ գյուղում 300 ընտանիքներ բառացիորեն մի կերպ օրվա հացի հոգսն են հոգում միայն։ Գուցե մի հին գորգ կամ կարպետ ունենՙ չեն վաճառում, դա էլ ունեցվածք է համարվում։ 150 մարդ գյուղում մեքենա ունի, բայց դրանց միայն 30-ն է տեխզննում անցած եւ համարները փոխած, մնացածները, գյուղապետի խոսքով, կանգնած են։ Գյուղի տղամարդկանց մեծ մասն առաջ խոպանչի է եղելՙ նորմալ եկամուտ է տուն բերել։ Կամարիսցի սոցծառայության աշխատակիցն այն կարծիքին է, որ մեքենա ունեցող ընտանիքն աղքատ չէ, բա ինչո՞ւ չի վաճառում մեքենան։ Իրականում այդ հին մեքենաները համարյա արժեք չունեն։

«Որեւէ մեկը դատարան դիմե՞լ էՙ աղքատության նպաստի համակարգում չընդգրկվելու որոշման դեմ բողոքարկելու համար», մեր այս հարցը ծիծաղ առաջացրեց գյուղումՙ դատարանի ծախս ո՞վ կարող է տալ։ Ոչ ոք կարգին չգիտերՙ ո՞ր դեպքում է նպաստառուն ընդգրկվում եռամսյա միանվագ նպաստի ծրագրում, ո՞ր դեպքումՙ աղքատության։ Պատահում էՙ միամտորեն թաքցնում են առուծախը եւ զարմանում, երբ նպաստը կտրվում է, չիմանալով, որ զանազան գերատեսչություններ տեղեկություն են մատուցում սոցծառայությանը։ Գյուղացիներից շատերը մերժումը բողոքարկելու կարգը չգիտեին եւ չէին լսել սոցիալական աջակցության խորհուրդների մասին։ Այս դեպքում անկատար է մնում աղքատության ընտանեկան նպաստի նշանակման եւ վճարման կարգի մասին կառավարության թիվ 350 որոշումըՙ այդ կարգը ԶԼՄ-ներով լուսաբանելու, նպաստ ստացողների ցուցակների հրապարակայնությունն ապահովելու համար։

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4