«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2003-06-14 | #113, 2003-06-17 | #114, 2003-06-18


ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔ ՍՏԵՂԾԵԼ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Մինչ թուրքական հանրային հեռուստատեսությունը Հայոց ցեղասպանությունը խեղաթյուրելու պետական առաջադրանքով շարունակում էր «Սարի աղջիկ» բազմասերիանոց ֆիլմի ցուցադրումն ու ազգային կրթության նախարարությունը «Թուրքերի նկատմամբ հայերի իրագործած ցեղասպանությունը» թեմայով երկրի կրթօջախներում շարադրությունների բաց մրցույթ կազմակերպում եւ դա պարտադրում էր նաեւ Պոլսո հայկական վարժարաններին, որպեսզի հայ ազգային ինքնության հետ թշնամացնի թուրքահայ դպրոցականներին, հանկարծ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման պատրաստակամություն հայտնեց։

Որքան էլ պատրաստակամությունը պայմանավորվի «պահանջատիրությունից պաշտոնապես հրաժարվելու» պահանջով եւ դրա կատարումն անհնար լինի հայկական իշխանությունների համար, այնուամենայնիվ, Հայաստանի հետ մերձեցման Գյուլի ստեղծած պատրանքը ծառայեց նպատակին։ Դրան նպաստեց շահագրգիռ միջազգային ուժերին ընդառաջող մամուլը, այդ թվումՙ հայաստանյան։ Այսպիսով հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի տպավորություն ստեղծվեց։

Այլ կերպ, Գյուլի պատրաստակամության պատրանքը վերածվեց առաջընթացի տպավորության։ Հունիսի 3-ին Մադրիդում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ վերջինի հանդիպմամբ դա խորացավ։ Առաջընթացի տպավորության խորացումը նպաստավոր պայմաններ ստեղծեց ամերիկահայ կազմակերպությունների հետ երկխոսություն հաստատելու ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան նախաձեռնության համար։ «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» հայ անդամները, հայտարարելով ստամբուլյան նիստում առաջացած «լավ մթնոլորտի» մասին, հիմնավորեցին նախաձեռնության անհրաժեշտությունը։

Խոսքը տվյալ դեպքում Թուրքիայի արտգործնախարարության հետախուզության եւ հետազոտությունների բաժանմունքից Քադրի Էջվեթ Թեզջանի մասին է։ Թուրքական իշխանությունները Հայաստանի եւ հայ-թուրքական հարաբերությունների ապագայի մասին սփյուռքի տեսակետներին ծանոթանալու համար նրան լիազորում են, իսկ ԱՄՆ-ում թուրքական դեսպանատունը հայկական կազմակերպություններին առաջարկում է հանդիպել նրա հետ։

Թուրք-ամերիկյան տարաձայնությունների ներկա փուլում Հայաստանի հետ իբր հարաբերությունների բարելավման, ինչպես նաեւ սփյուռքի հետ այսպես կոչված երկխոսության հաստատման այս երկու նախաձեռնությունները Թուրքիայի համար միանգամայն շահեկան են։ Այն առումով, որ նախաձեռնությունների դրական արձագանքի դեպքում, անկախ դրանց պատրանքային բնույթից, դրանք ուժի մեջ էին մնալու, ընդ որումՙ որպես Թուրքիայի բարի կամքի դրսեւորում։ Թեեւ նախաձեռնությունների բացասական արձագանքը հանգեցնելու էր դրանց ձախողմանը, սակայն ձախողման պատասխանատվությունն ընկնելու էր Հայաստանի եւ սփյուռքի վրա։ Այս պայմաններում, ինչ խոսք, Հայաստանը դառնալու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար գործադրվող ամերիկյան ճնշումների թիրախը։

Ուրեմն, թուրքական վերոհիշյալ նախաձեռնությունները չափազանց հաշվենկատ էին։ Դա ենթադրում էր արձագանքի հաշվենկատությունը, ինչն առաջին հերթին վերաբերում էր հայկական կազմակերպություններին, որովհետեւ Թեզջանը թուրքական պետության ներկայացուցիչն էր, այդ իսկ պատճառով նրա հետ ամեն մի հանդիպում ընկալվելու էր սփյուռքի հետ երկխոսություն հաստատելու Թուրքիայի պատրաստակամության ընդառաջում, ինչը համադրվելու էր Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման Գյուլի պատրաստակամության հետ։

Ավելին, քանի որ հանդիպման նպատակը ինչպես բարելավման դեպքում, երկխոսությունը չէր, այլ երկխոսության պատրանքի ստեղծումը, ուստի Թուրքիայի համար ամենեւին կարեւոր չէր, թե Թեզջանին քանի՞ կազմակերպություն կընդունի, կամ ինչի՞ կհանգեցնեն նրա հանդիպումները։ Բայց որ դրանք լուրջ վնաս էին հասցնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացինՙ ակնհայտ էր։ Միաժամանակ թուրքերին տալով հավելյալ լծակ, նրանց հետ բանակցություններում կաշկանդելու էր հայկական կողմին։

Որքան էլ դա պայմանավորվի Հայոց ցեղասպանությունը չճանաչելով հանդերձ որպես զսպաշապիկ Թուրքիայի դեմ օգտագործելու պաշտոնական Վաշինգտոնի նկատառումներով, այնուամենայնիվ, Հայ դատի հանձնախումբը Թեզջանի հետ հանդիպման առաջարկը միանգամայն իրավացիորեն կտրականապես մերժեց։ Միաժամանակ նա հայկական կազմակերպություններին կոչ արեց չընկնել թուրքերի նոր ծուղակը։

Հակառակ դրան, Թեզջանի հետ հանդիպման պատրաստակամություն հայտնեց Ամերիկայի հայկական համագումարը։ Թերեւս դա կարելի էր պայմանավորել ԱՄՆ Պետքարտուղարությանը ծառայություն մատուցելու պարտավորությամբ, եթե համագումարը չմոռանար, որ հանդիպման առաջարկը թուրքական կողմն է արել, ուստի նա էլ պետք է հայտնի, թե Թեզջանն ինչ նպատակ է հետապնդում, նրան որ հարցերն են հետաքրքրում եւ ինչպիսին են դրանց նկատմամբ Թուրքիայի մոտեցումները։ Համագումարը, սակայն, ոչ միայն մոռացավ, այլեւ առաջ անցնելով թուրքերից, ինքն առաջարկեց հանդիպման օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների վերաբացման, ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման եւ թուրքահայ համայնքի իրավունքների հարցը, ընդ որում նախազգուշացնելով. «Այլապես մենք մերժում ենք հանդիպումը»։

Ինչո՞ւ, որպեսզի պատրանք ստեղծվի, թե հանդիպման համար թուրքական կողմին նախապայմաններ է առաջադրվում։ Մինչդեռ թուրքական պետությունը Թեզջանին հենց այդ հարցերի շուրջ ԱՄՆ հայկական կազմակերպություններում տիրող կարծիքները ճշտելու եւ քննարկումներին սփյուռքի հետ Թուրքիայի երկխոսության բնույթ հաղորդելու առաջադրանքով էր լիազորել։ Հատկանշական է, որ Թեզջանը հայտարարելով հանդերձ, թե «երկխոսության հիմքում չպետք է դրվեն ինչ-ինչ նախապայմաններ, սիրահոժար հանդիպում է համագումարի ներկայացուցիչների հետ»։

Այլ կերպ, Թեզջանը գիտեր, որ օրակարգում քննարկման դրվող խնդիրները չեն կարող նախապայման լինել, եւ դրանք որպես այդպիսին ներկայացնելու համագումարի փորձերով ականատես եղավ ճղճիմ մտածողությանը։ Այդ առումով ավելի քան ճղճիմ էր Թեզջանի հետ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչությունում հանդիպելու առաջարկի ընդունումը։ Ակնհայտ է, որ երբ հանդիպման վայրը ընտրում է առաջարկող կողմը, ապա հանդիպումը վերածվում է ընդունելության։ Այդ ընթացքում հանդիպման առաջարկն ինքնաբերաբար դառնում է հրավեր։

Ուրեմն Ամերիկայի հայկական համագումարը, հանդիպելով Թեզջանի հետ թուրքական ներկայացուցչությունում, ընդառաջել է հրավերին, թերեւս դրանով էլ նպաստել սփյուռքի հետ երկխոսություն հաստատելու ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան նախաձեռնությանը։ Ցավոք, դրան ընդառաջեց նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության Արեւելյան շրջանի վարչությունը։ Ինչ վերաբերում է Թեզջանի հետ վերջիններիս հանդիպումների հնարավոր հետեւանքներին, ապա դա առանձին խնդիր է եւ մասնավոր մոտեցում է պահանջում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4