«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2003-06-25 | #120, 2003-06-26 | #121, 2003-06-27


«ՄԱԴՐԻԴՈՒՄ ԳՅՈՒԼՆ ՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ»

Պնդում է ադրբեջանական թերթը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

«Ազգը» հունիսի 26-ի համարում «Սփյուռքի հետ երկխոսությունը բխում է Թուրքիայի շահերից» խորագրով տեղեկացրել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների «բարելավման» յուրաքանչյուր նախաձեռնությանը, անկախ պատրանքային բնույթից, Ադրբեջանը բուռն հակազդեցություն է ցուցաբերում, որպեսզի թուրքական իշխանություններն ի վիճակի լինեն դրան հաղորդել իրականի հնչեղություն։ Այդ առումով բացառություն չէր Թուրքիայի արտգործնախարար, փոխվարչապետ Աբդուլլահ Գյուլի մադրիդյան հանդիպումը ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ։

Հանդիպմանն էլ ադրբեջանական հակազդեցության առումով չպետք է բացառություն համարել Բաքվում 5000 տպաքանակով հրատարակվող «Ուչ նոխդա» օրաթերթի հունիսի 17-ի համարի արձագանքը, որտեղ «Թուրքիա-Հայաստան հարաբերությունները» խորագրով Ֆիքրեթ Ֆերեմեզօղլի ստորագրությամբ հրապարակված հոդվածը երեւան է հանում հարաբերությունների կարգավորման այսպես կոչված բացասական հետեւանքներն Ադրբեջանի համար։

Հատկանշական է, որ Ֆերեմեզօղլու հոդվածը թուրքերեն թարգմանությամբ տեղադրվել է Թուրքիայի արտգործնախարարության «Արտերկրյա մամուլ» ինտերնետային էջում։ Այլ կերպՙ թուրքական արտաքին գերատեսչությունը հավանություն է տվել հոդվածում արտահայտվող տեսակետներին։ Հոդվածագիրն ընդգծելով, որ տարածաշրջանում Թուրքիան Ադրբեջանի ռազմավարական գլխավոր դաշնակիցն է, ուշադրություն է հրավիրում Հայաստանի հետ հարաբերություններն այլ հարթություն փոխադրելու թուրքական որոնումների վրա, ապա եւ հանգում հետեւյալ եզրակացության. «Թուրքիան պատրաստվում է Երեւանի հետ քննարկել այդ ուղղությամբ բոլոր տարբերակները»։ Այնուհետեւ նա ավելացնում է. «Դրանով հանդերձ, Հայաստանը ոչ մի կերպ չի հրաժարվում Թուրքիային ուղղված պնդումներից։ Նույնիսկ բարիդրացիական հարաբերությունների հաստատման դեպքում հայերը պահանջելու են, որ Թուրքիան ճանաչի այսպես կոչված Ցեղասպանությունը, եւ նրան հողային պահանջ ներկայացնեն։ Նրանք իրենց նպատակին հասնելու համար գործի են դրել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործող լոբբիստական կազմակերպություններին»։

Հոդվածում Ֆերեմեզօղլին նշում է, որ Մադրիդում, հանդիպելով իր հայ գործընկերոջ հետ, Աբդուլլահ Գյուլն արտահայտվել է երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների հաստատման օգտին, բայց եւ այնպես նա ընդգծել է, որ դրանց հաստատման համար Հայաստանը պետք է հրաժարվի խնդրո առարկա պնդումներից։ Հայկական կողմը, ըստ հոդվածագրի, դա չի ընդունել եւ լոբբիստական կազմակերպությունների միջոցով իբր սկսել է ճնշում գործադրել Թուրքիայի վրա։

Ֆիքրեթ Ֆերեմեզօղլին միաժամանակ անդրադառնում է երկու արտգործնախարարների հանդիպման առնչությամբ թուրքական մամուլի հրապարակումներին եւ նշում, որ, ըստ դրանց, Մադրիդում Գյուլը եւ Օսկանյանը սկզբունքային համաձայնության են եկել հայ-թուրքական հարաբերությունների շուրջ։ Թերեւս հոդվածում ուշագրավն այն է, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը հակված է նաեւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, եւ նա Կարսում պատրաստվում է դրա առնչությամբ ընդարձակ պարզաբանումներ տալ։

Ըստ երեւույթին, Էրդողանի պարզաբանումները լրջորեն մտահոգում են հոդվածագրին, որ նա գրում է. «Թուրքիան քաջատեղյակ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Ադրբեջանի հետ լուրջ բարդություններ է ունենալու, ուստի զգուշավոր մոտեցում է դրսեւորում»։ Այնուհետեւ նա ընդգծում է. «Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի համար կնշանակի առհավետ փոխհատուցում վճարել։ Այդ իսկ պատճառով նա ճանաչման նախապայմանը չի ընդունելու»։

Նշելով հանդերձ այս ամենը, Ֆերեմեզօղլին, այնուամենայնիվ, գտնում է, որ Թուրքիան հակաիրաքյան պատերազմից հետո իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ էլ ավելի չսրելու եւ ԵՄ-ին անդամակցելու համար ճանապարհներ է որոնում, թե ինչ կարելի է անել առաջ քաշվող պահանջների առնչությամբ։ Ցեղասպանության ճանաչման հարցում ԵՄ-ի այսպես կոչված հետեւողականությունը նա պայմանավորում է հայկական լոբբիստական կազմակերպությունների ֆինանսական անսահման կարողություններով։ Նրա կարծիքով, իբր նման կարողություններ ունեն նաեւ ամերիկահայ կազմակերպությունները, սակայն պաշտոնական Վաշինգտոնը Թուրքիային դաշնակից է համարում, ուստի նրա հակազդեցությունից խուսափելու համար խոչընդոտում է Ցեղասպանության հարցի քննարկումը Սենատում։

Վերջում Ֆիքրեթ Ֆերեմեզօղլին եզրակացնում է. «Թուրքիան ամեն կերպ փորձում է հերքել հայերի պնդումները։ Դրանց առնչությամբ Թուրքիայի վրա գործադրվող ճնշումներն առավելագույնս կարող են հանգեցնել ԵՄ-ին նրա անդամակցության հետաձգմանը»։

Վերոհիշյալ հոդվածը մեկնաբանության կարիք չի զգում։ Պարզապես ասենք, որ դրա հեղինակը, ստանձնելով Թուրքիայի փաստաբանի պարտավորությունները, հայտնվում է հայկական դավադրության որոնումներում։ Բայց եւ այնպես, եթե նկատի ունենանք ադրբեջանական մամուլին բնորոշ սանձարձակությունները, ապա Ֆիքրեթ Ֆերեմեզօղլու հոդվածը կարելի է համեմատաբար զուսպ համարել։ Թվում է, թե Թուրքիայի հայկական քաղաքականությանը նպաստելու առումով նրա ոճն ավելի նախընտրելի է, քան անզուսպ սանձարձակություններով հեղեղված հոդվածները։ Թերեւս պատահական չէ, որ հոդվածը տեղ է զբաղեցրել Թուրքիայի արտգործնախարարության ինտերնետային էջում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4