«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2003-06-25 | #120, 2003-06-26 | #121, 2003-06-27


ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԵՐԸ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ «ԳԾԻ ՏԵՐԵՐԻՆ»

Իշխանական կուսակցության «բիզնեսին» խոչընդոտում են տրամվայն ու տրոլեյբուսը

Այսպիսով Երեւանի քաղաքապետարանը տրամվայի թիվ 1 եւ 2 երթուղիներից հետո վերացրեց նաեւ թիվ 7 երթուղին։ Ակնհայտ է, որ այս քայլը կատարվեց երթուղային տաքսիների «գծի տերերի» ահագնացող ճնշման տակ, որոնց դիրքերը խորհրդարանական ընտրություններում հանրապետականների տարած «փառահեղ» հաղթանակից հետո, կարելի է ասել, անսասան են դարձել։ Իշխանության կուսակցության մենաշնորհը համարվող այս «բիզնեսն» այսուհետեւ ավելի է ամրապնդվելու, իսկ նրա ներկայացուցիչներն ավելի ամբարտավան են դառնալու։

Դրանում հավաստիանալու համար բավարար է ծանոթանալ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանիՙ «Հայոց աշխարհ» թերթում տրամվայի հերթական երթուղին փակելու կապակցությամբ տրված արդարացում-հիմնավորումներին։ Ընթերցողներին հիշեցնենք, որ մեր թերթում վերոնշյալ պաշտոնյան, փորձելով հիմնավորել թիվ 1 եւ 2 երթուղիների փակումը, նշում էր, որ կմնան միայն թիվ 5 եւ 7 երթուղիները։ Այժմ արդեն դրանցից մեկը փակվել է, իսկ մյուսի պահպանման խոստում անգամ չի տրվում։ Հաջորդը։ Նախկինում, հիմնավորելով տրամվայի երթուղիների փակումը, Արեգ Բարսեղյանը հավաստիացնում էր, որ տրոլեյբուսային երթուղիները կպահպանվեն եւ անգամ նոր երթուղի կբացվի, որը կփոխարինի Խանջյան փողոցից դուրս մղված տրամվայներին։ Այսօր այդ մասին ոչինչ չի ասվում։ Ավելին, նշվում է, որ անհնար է նաեւ տրոլեյբուսների հետագա պահպանումը։

Միջոցներ, պահեստամասեր եւ այլ հնարավորություններ չունենալու պատճառաբանությունները նախկինում էլ են եղել։ Սակայն բացահայտորեն չի ասվել, որ էկոլոգիապես մաքուր տրանսպորտը (տրամվայներ եւ տրոլեյբուսներ) ի վերջո դուրս է մղվելու։ Տարօրինակ տրամաբանություն ունեն մեր պաշտոնյաները։ Նրանց թվում է, թե իրենց բոլոր նախկին ասածները մոռացվում են կամ համընկնում են ներկա ասածների հետ։ Կամ մեկ այլ հանգամանք, որի մասին գիտակցաբար թե ոչՙ «մոռացվում» է։ Եթե փակվել են տրամվայի երկու երթուղիները, ապա բնական է, որ մնացած երկուսի սպասարկումը, գոնե տեխնիկապես փոքր-ինչ ավելի է դյուրանալու, որովհետեւ փակված երթուղիների տրամվայներն ու նրանց պահեստամասերը կարող են օգտագործվել գործողների համար։

«Միջոցներ չունենալու» մասին, ինչը սիրում են անընդհատ եւ յուրաքանչյուր առիթով կրկնել մեր պաշտոնյաները, այդ թվում նաեւ տրանսպորտի վարչության պետը։ Այդ ինչպե՞ս է պատահում, որ երկիրը տնտեսական ցնցող աճ է ապրում (5 ամիսների արդյունքով 13,8 տոկոս), իսկ ոչ շահութաբեր, բայց բնակչությանն անհրաժեշտ ծառայությունների պահպանման համար միջոցներ չեն գտնվում, եւ դրանք մեթոդաբար վերացվում են։ Ինչո՞ւ մինչ այդ պահպանվում էին, իսկ հիմաՙ փակվում։ Կարծում ենք, եզրակացությունը դարձյալ մեկն էՙ այդպես են ցանկանում այդ ծառայությունների վերացմամբ շահագրգիռ բիզնեսների շնաձկները։ Կամ, երբ «կառավարության պահուստային ֆոնդից» նախարարական կամ դրան հավասարեցված պաշտոնյաների համար նոր, թանկարժեք ծառայողական մեքենաներ են ձեռք բերվում, այդ ժամանակ «միջոցների բացակայության» մասին ինչո՞ւ չի հիշվում։ Ի վերջո, որքա՞ն կարելի է չարաշահել մարդկանց համբերությունը կամ փորձել հիմարացնել նրանց։

Վերադառնանք Արեգ Բարսեղյանիՙ թվում է, թե մեղմացուցիչ բացատրություններին։ Նա մասնավորապես նշում է եւ նախկինում էլ բազմիցս նշել է, որ սխալ է Երեւանի նման քաղաքը միկրոավտոբուսներով սպասարկելը։ Բացի դրանից, տրանսպորտի վարչության պետը նպատակահարմար է համարում զարգացնել ավտոբուսային ցանցը, ինչի համար նա, անձնական կարծիք հայտնելով, առաջարկում է ավտոբուսներն ազատել հաստատագրված վճարներից։ Սակայն հարց է առաջանումՙ ո՞ւմ են պետք նման «անձնական կարծիքները», եթե դրանք չեն դառնում Երեւանի քաղաքապետարանի կոնկրետ առաջարկ, որն էլ Երեւանի քաղաքապետը կներկայացնի կառավարությանը, վերջինս էլՙ Ազգային ժողովի քննարկմանը։ Ակնհայտ է, որ հարցի պատասխանը դարձյալ բախվում է հանրապետականների «բիզնեսին», որոնց կուսակցության ղեկավարը այժմ վարչապետ է, իսկ ԱԺ-նՙ նրանց լիակատար վերահսկողության ներքո։ Իրերի նման դասավորվածության դեպքում պարզ է, որ պաշտոնանկության հեռանկարի առջեւ կանգնած քաղաքապետը ոչ մի կոնկրետ առաջարկ էլ կառավարությանը չի ներկայացնի։

Ի՞նչ է ստացվում։ Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի տնտեսական զարգացումն ու քաղաքացիական հասարակության կայացումն արգելակող խնդիրների կարգավորումը բախվում է իշխանական գագաթին մոտ կանգնած անձանց եւ խմբերի շահերին։ Թերեւս դրանով էլ պայմանավորված է այդ նույն իշխանության քաղաքական կամքի բացակայությունն այդ խնդիրները լուծելու համար։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4