«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2003-06-25 | #120, 2003-06-26 | #121, 2003-06-27


ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ԴԻՄԵԼ Է ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

Երեկ խմբագրությունը ստացավ մեր թերթի հոդվածագիրներից Հակոբ Ճարոյանի բաց նամակըՙ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանին։ Հիշեցնենք, որ Հակոբ Ճարոյանն արդեն 5 ամիս անհիմն մեղադրանքով կալանավորված է։ Ընդգծելով այդ փաստը, իր բաց նամակում նա վստահություն է հայտնում, որ ի վերջո Հայաստանում երկրի սահմանադրությունն ու օրենքներն են գործելու, այլ ոչ թե Գեղարքունիքի մարզի դատախազությանՙ ի դեմս Հ. Սարգսյանի, Վ. Ավետիսյանի, կամայականությունները։ «Ակնհայտ կեղծ տվյալներ պարունակող մեղադրական եզրակացությունը (նույնիսկ քրեական գործ հարուցելու եւ ինձ կալանավորելու ամսաթվերն են սխալ գրել) 2003 թ. մարտի վերջին Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի դատարան ուղարկելուց հետո մինչ օրս (24.06.03 թ.) ընդամենը երեք դատական նիստ է տեղի ունեցել։ Դրանցից երկրորդին «տուժողը» չի ներկայացել, իսկ երրորդին գործը քննող դատավորն է ինքնաբացարկ հայտնել (14.05.03)։ Մյուս դատավորն այն ավելի քան 25 օր հետո վարույթ է ընդունել (09.06.03 թ.) եւ մինչ օրս դատական նիստ չի նշանակել», իր նամակում նշում է Հակոբ Ճարոյանը եւ դրա պատճառը համարում քր. գործի անհիմն ու միտումնավոր լինելը։ Նա նաեւ նշում է, որ բազմիցս դիմել է գլխավոր դատախազին եւ այս անգամ եւս ներկայացնում է իր նկատմամբ դատախազության կատարած բազմաթիվ խախտումներն ու արհեստական ապացույցների ստեղծման փաստերը։

Բաց նամակի վերջում Հակոբ Ճարոյանը, քրեական գործը կեղծ ու շինծու ապացույցների վրա կառուցված լինելը հիմնավորելով, համոզմունք է հայտնում, որ այդ գործը պետք է հետ վերցվի Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի դատարանից, իսկ իրական մեղավորները պետք է պատժվեն։

Ա. Մ.

Հ. Գ. Բաց նամակի ամբողջական տեքստն ուղարկում ենք ՀՀ գլխավոր դատախազություն եւ ակնկալում ենք առարկայական պատասխան։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4