«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2003-06-26 | #121, 2003-06-27 | #122, 2003-06-28


ԿԱՍՊԱՐՈՎՆ ԻՐ ԳՐՔԻ ՄԱՍԻՆ ՍԲ. ՎԱՐԴԱՆ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ

Ամերիկայի Հայաստանյայց եկեղեցու արեւելյան թեմից էլ. փոստով ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ առաջիկա հուլիսի 13-ին, ժամը 14.30¬17.30 Նյու Յորքի Սբ. Վարդան մայր տաճարի Հայկ եւ Ալիս Քավուքչյան հանդիսասրահում հանդիպում է տեղի ունենալու շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի հետ։ 1985-ին 22 տարեկանում շախմատի աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը դարձած բաքվեցի է Կասպարովը, որն իր մոր ազգանվան (Գասպարյան) ռուսական տարբերակն է ընտրել իր համար, խոսելու է իր նոր գրքի ստեղծման մասին եւ պատասխանելու է ներկաների հարցերին։ Գիրքը, որի շնորհանդեսն է լինելու նաեւ այդ օրը, կոչվում է «Կասպարովն ընդդեմ աշխարհի»։ Դա 1999 թվին «Մայքրոսոֆթ զոուն» համակարգի դեմ իր շախմատային մենամարտի, որը պատմության եզակի երեւույթներից է, մանրամասն նկարագրությունն է։

«Ուրախալի առիթ է լինելու մոտիկից ծանոթանալու այս անձնավորության հետ, որը Բաքվի հայտնի իրադարձությունների օրերին բազմաթիվ հայ ընտանիքների է փրկել», նշել է Նյու Յորքում վերջերս տեղի ունեցած նրա համակարգչային հանդիպման կազմակերպիչներից Սեդրակ Ագոնյանը։

Հիշեցնենք, որ մարտին Սբ. Վարդան մայր տաճար իր առաջին այցելության ժամանակ Կասպարովն ասել էր. «Բաքուն այժմ շատ է փոխվել։ Ես ծնվել եմ մի քաղաքում, որտեղ մարդիկ համերաշխ էին եւ ճանաչում էին միմյանց։ Ունեին միեւնույն հետաքրքրությունները։ Բայց այժմ քաղաքը շատ է փոխված»։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4