«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2003-06-27 | #122, 2003-06-28 | #123, 2003-07-01


ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Հանդիպման նախաձեռնությունը համագումարինն է

Մինչ Թուրքիայի արտգործնախարարության հետախուզության եւ հետազոտությունների բաժնի վարիչ Քադրի Էջվեթ Թեզջանը հանդիպում էր Ամերիկայի հայկական համագումարի գլխավորությամբ ամերիկահայ կազմակերպությունների հետ, իսկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում էր Կարսում հայտարարություն անել Հայաստանի հետ սահմանների բացման առնչությամբ, ահա Մ. Նահանգներ է գործուղվում Թուրքիայի Ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի պատվիրակությունը։

Օգտվելով առիթից նշենք, որ Թեզջանի հանդիպումները նպաստել են սփյուռքի հետ երկխոսություն հաստատելու Թուրքիայի նախաձեռնությանը, իսկ Էրդողանը Կարսում թեեւ թուրք-հայկական սահմանի բացման հարց է բարձրացրել, բայց եւ այնպես, ավելացրել է, որ դրա լուծումը բարդ խնդիր է, հայերը, այսինքնՙ Հայաստանն ու սփյուռքը, կառչելով Հայոց ցեղասպանության ճանաչումից, հակաթուրքական ընդգծված գործողություն են ծավալում։

Այլ կերպ, վարչապետ Էրդողանի հայտարարությամբ հօդս են ցնդում Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների բարելավման միտումները, գոնե առայժմ։ Սակայն դա ամենեւին չի խանգարում, որ Ամերիկայի հայկական համագումարը Մեջլիսի պատվիրակության հետ հանդիպելու նախաձեռնություն ցուցաբերի։

Էրդողանը Կարսում հայտարարություն էր արել հունիսի 27-ին։ Մեջլիսի պատվիրակության Մ. Նահանգներ կատարած այցի մասին «Անատոլու» գործակալությունը Վաշինգտոնից տեղեկացնում է հունիսի 29-ին։ Տեղեկատվության մեջ ասվում է. «Ժողովրդավարության կենտրոն կոչվող կազմակերպության հրավերով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությունը հանդիպեց ազդեցիկ հայկական կառույցներից Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարներին։ Հանդիպման առաջարկն արել է նշված համագումարը։ 9 հոգանոց պատվիրակությունը ղեկավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահի տեղակալ Ռեհա Դենեմեչը նշեց, որ հանդիպումն օգտակար է եղել եւ ավելացրեց. «Հարաբերությունների կարգավորումը պետք է ձեռնարկել ամենադյուրին գործից։ Առեւտուրն այստեղ կարեւոր դեր է խաղալու»։ Դենեմեչն ընդգծեց, որ այս մոտեցումն ընդունելի է նաեւ Հայաստանի համար։ Այնուհետեւ նա ավելացրեց. «Ամերիկայի համագումարի ղեկավարությունը ցանկություն հայտնեց հինավուրց Անի քաղաքի, ինչպես նաեւ Արփաչային հատող կիսակառույց կամրջի հատվածներում սահմանի բացումը իրականացնել, որպեսզի Հայաստանից Թուրքիա անցնելու հնարավորություն լինի»։ Դենեմեչն այն տպավորությունն է ստացել, որ Հայոց ցեղասպանության առնչությամբ ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված բանաձեւն ընթացք չի ունենալու»։

Ցեղասպանության բանաձեւի ընթացքը կարեւոր է այն առումով, որ հունիսի 30-ին Կարսում որպես թուրքերի նկատմամբ, այսպես կոչված, հայերի իրագործած եղեռնի ապացույց, «բացվում» է իբր 362 թուրքի պատկանող ընդհանուր մի գերեզման։ Կարծում ենք, գերեզմանի բացման նախաձեռնությունը լրացնում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման, ինչպես նաեւ սփյուռքի հետ երկխոսության թուրքական նախաձեռնությունները։ Ինչ վերաբերում է Անի այցելելու Ամերիկայի հայկական համագումարի պահանջին, եթե դա քաղաքական նախաձեռնություն չէ, ապա թուրքական նախաձեռնություններին նպաստելու հերթական փորձ է։

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4