«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2003-06-28 | #123, 2003-07-01 | #124, 2003-07-02


ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Կազմակերպիչների կարծիքով, դա կլինի աննախադեպ միջոցառում

Սեպտեմբերի 22¬24-ը նախատեսվում է Երեւանում անցկացնել հայրենիք-սփյուռք առաջին համահայկական տնտեսական համաժողովը, որի նախապատրաստման գործընթացը ներկայացնելու նպատակով երեկ լրագրողների հետ հանդիպեցին կազմակերպիչ կառույցների ներկայացուցիչներըՙ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը, ԱԳՆ սփյուռքի հետ կապերի գործակալության պետ Ջիվան Մովսիսյանը եւ Զարգացման հայկական գործակալության պետ Վահագն Մովսիսյանը։

Տիգրան Դավթյանը, որը հիմնական բանախոսն էր, նախ տեղեկացրեց, որ արդեն բացվել է համապատասխան ինտերնետային էջըՙ www. bisnesdiaspora.org։ Այնուհետեւ նշվեց, որ այս համաժողովը բացառապես տնտեսական ուղղվածություն ունի։ Տեղի են ունենալու ինչպես լիագումար նիստեր, այնպես էլ, ըստ առանձին ոլորտների, հանդիպումներ եւ քննարկումներ։ Ամենայն հավանականությամբ, բիզնես-համաժողովը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում։ Մասնակիցների թիվը կկազմի մոտ 1000 մարդ։ Ընդ որումՙ նախատեսվում է, որ Հայաստանն ու սփյուռքը կներկայանան հավասարապեսՙ 50-ական մասնակիցներով։ Մտցվել է մասնակցության վճարՙ 100 եվրո։ Դա առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարը բացատրեց նախ պետբյուջեից ծախսեր չկատարելու մտադրությամբ, ապա միջազգայնորեն ընդունված գործելակերպով, համաձայն որի բիզնես-համաժողովներն ինքնածախսածածկմամբ են կազմակերպվում։

Տնտեսական համաժողովի ուղղվածությունը լինելու է դեպի բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որն, ըստ Տիգրան Դավթյանի, արագորեն զարգանում է։ Բացի այդ, տեղեկատվության տրամադրումը կատարվելու է էլեկտրոնային ձեւովՙ CD-ներով։ Ակնկալվում է նաեւ այս միջոցառմանը միջազգային կազմակերպություններիՙ Համաշխարհային բանկի, Առեւտրի համաշխարհային կազմակերպության, Միջազգային արժութային հիմնադրամի, ՄԱԿ-ի կառույցների եւ ուրիշների մասնակցությունն ու աջակցությունը։ Համաժողովի հիմնական նպատակային ուղղությունները երկուսն ենՙ ներդրումների ներգրավում եւ արտահանման խրախուսում։ Այդ օրերին կգործի նաեւ ցուցահանդես, որտեղ կներկայացվեն հայկական արտադրության ապրանքները։

Արտգործնախարարության ներկայացուցիչ Ջիվան Մովսիսյանը հայտնեց, որ Հայաստանի դեսպանատների միջոցով սփյուռքի բոլոր կազմակերպություններին, հայտնի անձանց տեղեկացվել է համաժողովի անցկացման եւ ինտերնետային էջի մասին։

Զարգացման հայկական գործակալության տնօրեն Վահագն Մովսիսյանը բարձր գնահատեց առաջիկայում սպասվող համաժողովը եւ կարծիք հայտնեց, որ եթե արտերկրից ժամանած հայ գործարարների 5 տոկոսն էլ որոշի ներդրումներ կատարել, ապա դա արդեն կլինի լուրջ քայլ։

Մեր հարցնՙ ուղղված առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարին, հետեւյալն էր. Հայաստանի տնտեսության մեջ առանձին ոլորտներում առկա արհեստական մենաշնորհները, որոնց առնչությամբ սփյուռքի որոշ գործարարներ արդեն դժգոհություն էին հայտնել, արդյոք չե՞ն հանգեցնի վերջնական հիասթափության։ Տիգրան Դավթյանը պատասխանեց, որ խոսքը հավանաբար գերիշխող դիրք ունեցողների մասին է, եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զբաղվում է այդ խնդրով։ Պատասխանի շարունակությունն ավելի «միամիտ» էրՙ քանի որ Հայաստանի շուկան փոքր է, ապա 1¬2 ներկրող կազմակերպություններ ծածկում են տվյալ ապրանքի պահանջարկը։

Տիգրան Դավթյանը, պատասխանելով հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր դրական կամ բացասական հետեւանքների մասին հարցին, որպես տնտեսագետ ասաց, որ Հայաստանի տնտեսությունը «պատրաստ է դրան այսօր, պատրաստ էր երեկ եւ պատրաստ կլինի վաղը»։ Նրա կարծիքով, սահմանի բացումը երկաթուղային հաղորդակցություն եւ նոր շուկաներ կբացի Հայաստանի ու հայկական ապրանքների համար։ Դա նշանակում է 600 միլիոնից մինչեւ 1 մլրդ դոլարի արտաքին առեւտրի ծավալների ավելացում, այսինքնՙ ներկա ծավալների գրեթե կրկնապատկում։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4