«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2003-07-08 | #129, 2003-07-09 | #130, 2003-07-10


ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ 2003 Թ.

Հայկազյանի շրջանավարտներին

Որպես Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, դիպլոմների հանձնման իր առաջին հանդիսության ժամանակ վերապատվելի դոկտ. Փոլ Հայդոստյանն այս տարի բակալավրի գիտական աստիճան է շնորհել արվեստի եւ գիտությունների բնագավառի 33, վարչական գործարարության եւ էկոնոմիկայի բնագավառի 44, իսկ մագիստրոսի աստիճանՙ երկու շրջանավարտների, մեկը կլինիկական հոգեբանության, մյուսըՙ դաստիարակության բնագավառում, հաղորդում է համալսարանի հասարակայնության հետ հարաբերությունների գրասենյակը։ Նույն օրը պատվավոր կոչումների են արժանացել նաեւ 7 գերազանց սովորած ուսանողներ։

Տերունական աղոթքից հետո համալսարանի նախագահը խոսք առնելովՙ «Լիբանանի եւ Հայկազյանի համար հպարտության պահ» է անվանել հանդիսությունը, խնդրել հոտնկայս շնորհավորել ինչպես շրջանավարտներին, այնպես էլ ծնողներին, եւ հորդորել շարունակել Հայկազյանի ավանդույթները։

Օրվա գլխավոր բանախոսն է եղել Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ դոկտ. Հարություն Արմենյանը, որը բարձր է գնահատել համալսարանի ձեռքբերումները։ «Հայկազյանը տարբերվում է ուրիշ համալսարաններից նրանով, որ կարողանում է լավագույնս ներդաշնակել հայկական, լիբանանյան եւ ամերիկյան մշակույթները եւ համապատասխան գիտելիքներով զինել իր շրջանավարտներին», ասել է նա։

Դոկտ. Արմենյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվավոր մեդալով պարգեւատրել է Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտ. Հայդոստյանին։

Շրջանավարտների անունից հանդես են եկել արվեստի եւ գիտությունների բաժնից Ալի Աբդել Սատերը եւ վարչական գործարարության բաժնիցՙ Նանոր Կարագյոզյանը։

Դիպլոմների եւ գիտական աստիճանների շնորհմանը մասնակցել են արվեստի եւ գիտությունների բաժնի դեկան, դոկտ. Արդա Էքմեջին եւ վարչական գործարարության բաժնի դեկան, դոկտ. Ֆադի Ասրաուին։

Հիշեցնենք, որ համալսարանը հիմնվել է 1955 թ.։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4