«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2003-07-15 | #134, 2003-07-16 | #135, 2003-07-17


ՀԱՄԲԻԿ ՃԱՊՈՒՐՅԱՆԻ «ԴՈՒԴՈՒԿՈՎ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՄԵՂԵԴԻՆԵՐ» ԽՏԱՑՅԱԼ ՍԿԱՎԱՌԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Մոնրեալի Հայ կաթողիկե Տիրամայր Ս. Նարեկի եկեղեցում տեղի ունեցած յուրահատուկ ներկայացումը, խտացյալ սկավառակի (CD) սովորական շնորհանդես լինելուց բացի, երաժշտական-գեղարվեստական բարձրաճաշակ հայտագիր էրՙ նվիրված Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության 1000-ամյակին, գրում է կանադահայ համայնքի «Ապագայ» ազգային-մշակութային եւ հասարակական շաբաթաթերթը։

Համբարձում Անտոնյանի հայերենով եւ ֆրանսերենով ներկայացված հավուր պատշաճի բացման խոսքերից հետո ծանոթ երաժշտագետ Հասմիկ Ինճեճիկյանը զեկուցել է սկավառակի, Ճապուրյանի արվեստի եւ դուդուկի յուրահատկությունների մասին։

Իր հորից ժառանգելով երաժշտության նկատմամբ սերը, Համբիկը հետագայում զարգացրել է դուդուկի նվագածության արվեստը։ Նա մասնակցել է միջազգային մի շարք փառատոների։ Համերգներով հանդես է եկել Միջին Արեւելքի, Եվրոպայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների երկրներում։ Այդ օրը նա դուդուկի վրա նվագել է մի քանի կտորՙ արժանանալով ներկաների գնահատանքին։

Շնորհավորական խոսքերով հանդես են եկել վերապատվելի Մհեր Խաչիկյանը, Տ. Գառնիկ քահանա Գոյունյանը եւ Տ. Վազգեն քահանա Պոյաճյանը, որը նաեւ կարդացել է կանադահայոց նախկին առաջնորդ Հովնան Տերտերյանի օրհնության գիրը։

Երեկոյի վերջում եկեղեցու Աբիկյան դահլիճում կազմակերպվել է ընդունելություն, որի ընթացքում Համբիկ Ճապուրյանը ստորագրել է իր սկավառակների վրա։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4