«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2003-07-17 | #136, 2003-07-18 | #137, 2003-07-19


ԵԹԵ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱ ԴԱ ՊԵՏՔ Է ԾԱՎԱԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԹՇՆԱՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

«Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Տինքը, նույն թերթի հունիսի 13-ի համարում մի շարք այլ հայրենակիցների նման թուրք-հայկական երկխոսության գովքն էր անում եւ մոռանում, որ դրա շրջանակներում քննարկվող հարցերը ոչ այլ ինչ են, քան դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիայի կողմից համառորեն Հայաստանին առաջադրվող նախապայմաններ։ Խոսքը Հայոց ցեղասպանության, պահանջատիրության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է։

Քանի որ Թուրքիան այս հարցերում անզիջում դիրքորոշում է որդեգրել եւ շարունակում է թուրք-հայկական սահմանի բացումն ու Հայաստանի շրջափակման վերացումը պայմանավորել դրանց իր դիրքորոշման համապատասխան լուծումով, ուստի թուրքերի հետ յուրաքանչյուր երկխոսություն հայկական կողմին ակամա կանգնեցնում է թուրքական նախապայմանների ընդառաջման փաստի առջեւ։

Թերեւս այդ առումով պատահական չէր Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության նամակը Թուրքիայի արտգործնախարարության հետախուզության եւ հետազոտությունների բաժնի վարիչ Քադրի Էջվեթ Թեզջանին, որի հետ վերջերս Մ. Նահանգներում հանդիպել էին համագումարի ներկայացուցիչները։ Ըստ երեւույթին, հանդիպումների ընթացքում Թեզջանն ապակողմնորոշել է հայկական կողմին կամ քննարկվող հարցերի նկատմամբ նրա մոտեցումներին տրամագծորեն հակադիր դիրքորոշում է դրսեւորել պաշտոնական Անկարան, որ Համագումարի ղեկավարությունը նամակով հարկ է համարել բացատրություններ պահանջել Թուրքիայի կառավարությունից։

Նամակում մասնավորապես ասվում է. «Թուրքիայի կառավարությանն ուղղված այս նամակով մենք հստակեցումներ ենք պահանջում։ Եթե Թուրքիան իսկապես հետաքրքրված է Հայաստանի եւ սփյուռքի հետ նոր հարաբերություններ սկսելու գործում, ոչ մի խոչընդոտ չկա։ Իսկ եթե Թուրքիայի նոր կառավարությունը շարունակի Հայաստանի նկատմամբ իր ձախողված քաղաքականությունը եւ պատմական փաստերի ուրացումը, ապա դա հանդիսանալու է եւս մեկ մերժում Մ. Նահանգների ու միջազգային խորհուրդների»։

Նամակի փաստը, կարծում եմ, պարզորոշ ցույց է տալիս, թե այսպես կոչված թուրք-հայկական երկխոսությունը ո՞ւմ շահերին է ծառայում։ Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա նրանց էլ, որպես կանոն, մշտապես բաժին է հասնում հիասթափություն։ Ուրեմն հայկական կողմը պետք է իր առջեւ խնդիր դնի փոխել եթե ոչ երկխոսության ֆորմատը, ապա գոնե անընդմեջ քննարկվող հարցերի շրջանակը, եւ ոչ մի դեպքում թույլ չտա, որ թուրքական կողմը դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար սկսած 1991 թ.-ից համառորեն Հայաստանին առաջադրվող նախապայմանները երկխոսության սեղանի շուրջ քննարկման ներկայացնի առանձին հարցերի տեսքով, որովհետեւ նախապայմանը հարցից էապես տարբերվում է, եւ դրանք տարբեր մոտեցումներ են պահանջում։

Այլ կերպՙ եթե բարձրացված հարցերը անմիջականորեն բխում են թուրքական նախապայմաններից, ապա դրանք պետք է քննարկման դրվեն որպես նախապայման։ Այդ դեպքում թուրքերը ստիպված կլինեն բացատրություն տալ, թե ո՞րն է դրանց առաջադրման նպատակը եւ ինչո՞ւ Թուրքիան չի հրաժարվում առաջադրելուց։ Թեեւ բացատրությունից խուսափելու դեպքում երկխոսությունը կձախողվի, սակայն ձախողման պատասխանատվությունն անառարկելիորեն կընկնի թուրքական կողմի վրա։ Ինչ խոսք, Թուրքիան դրանով կզրկվի ինչպես հայերի հետ այսպես կոչված երկխոսության, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների նախաձեռնությունն իր ձեռքում պահելու եւ շնորհիվ դրա իր առջեւ դրված քաղաքական տարբեր նպատակներին հայկական կազմակերպություններին ծառայեցնելու հնարավորությունից։

Ի վերջո, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում են ոչ թե երկու երկրների կամ ժողովուրդների միջեւ առկա խնդիրները, այլ միջազգային պրակտիկային անհարիր նախապայմանները, որոնցից կառչելով Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Քանի որ մերժումը համազոր է հայ ժողովրդի անկախ պետականության իրավունքի մերժմանը, իսկ դա ակնհայտ թշնամանք է ենթադրում, ուստի երկխոսությունը պետք է ծավալել Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած թշնամական քաղաքականության շուրջ։ Այլապես հիասթափությունները հայկական կողմի համար կդառնան օրինաչափություն։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4