«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2003-07-30 | #145, 2003-07-31 | #146, 2003-08-01


«ՀԱՅ ԴԱՏԸ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՏ ՉԷ»

Հայտարարեց Բրյուսելի Հայ դատի հանձնախմբի նախագահը

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն

Քյոլնի հայ մշակութային միության, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի եւ Քյոլնի հայ համայնքի հովանավորությամբ հուլիսի 27¬ին «Հայ դատը, Սեւրի եւ Լոզանի դաշնագրերը» թեմայով տեղեկատվական երեկո անցկացվեց Քյոլնի Ս. Սահակ Մեսրոպ եկեղեցուն կից սրահում։ Պատմական եւ քաղաքական բաժինը ներկայացրեց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ տիկին Հիլդա Չոբոյանը, իրավաբանական բաժինըՙ Ալֆրեդ Նավասարդյանը։

Բանախոսներն անդրադարձան Հայ դատի ներկա վիճակինՙ մանրամասն վերլուծության նյութ դարձնելով 1920 թ.-ի օգոստոսի 10¬ին Սեւրի, 1923 թ.¬ի հուլիսի 24¬ին Լոզանի դաշնագրերը։ Խոստովանենք, որ իրավաբան Նավասարդյանիՙ մեր կարծիքով դժվարըմբռնելի հայերեն խոսքը, որ համեմված էր դաշնագրերում առկա հոդվածների զուտ անվանական հիշատակումով, քիչ բան կարող էր հստակեցնել այն հանրության համար, որ, ինչպես երեւաց, եկել էր իր կոնկրետ հարցին հատու պատասխան ստանալու։ Այդ տեսակետից շահեկանորեն տարբերվում էր պատմական եւ քաղաքական բաժինը ներկայացնող օրվա երկրորդ բանախոսը։ Այդուհանդերձ մեկ¬երկու դիտարկում, որ առանձնացրել ենք պրն Նավասարդյանի խոսքից։ Խոսելով Սեւրի դաշնագրի նշանակության մասին, իրավաբանն ընդգծեց, թե այն քաղաքական վերածնունդ էր Հայաստանի համար։ «Ես ավելի շուտ հաշտության փոխարեն կգործածեի զինաթափման դաշնագիր անվանումը», ասաց Բրյուսելից ժամանած հյուրըՙ նկատել տալով, թե հայերիս համար անշահեկան Լոզանի դաշնագրում էլ անուղղակիորեն կա փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ մի կետ, որը կարելի է ի շահ հայերի գործածել։ «Եթե սխալվում եմ, պատմաբանները կճշտենՙ Թուրքիայի հայերը հրաժարվել են այդ փոքրամասնության անվան տակ լինել», ասաց իրավաբանը։

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ տիկին Չոբոյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքների արդի բնույթին։ Ցեղասպանությունը ոչ միայն մարդու, այլեւ ազգերի իրավունքների խնդիր դիտարկելովՙ տիկին Չոբոյանն ասաց, թե ցեղասպանության ճանաչումը հանգրվանային գործընթաց է, որի ամբողջական անունը դարմանում է։ Դարմանումի գործընթացի առաջին քայլը ճանաչումն է, երկրորդ հանգրվանը հատուցումն է (քաղաքական, նյութական, բարոյական)։ Դարմանումի վերջին հանգրվանը պիտի դառնա հավաստում, երաշխավորում, որ տուժած կողմը կրկին չպիտի տուժի։ «Մեզ համար կարեւոր են Հայաստանի անվտանգության երաշխիքները։ Եթե Թուրքիան ասի ճանաչում է եւ վերջ, սա ճանաչում չէ, ճանաչման իմաստը մենք տեսնում ենք այս ամբողջականության մեջ», շեշտեց տիկին Չոբոյանըՙ այնուհետեւ անդրադառնալով ցեղասպանության ճանաչման նսեմացման փորձերին։ ԱՄՆ արտգործնախարարության ստեղծած թուրք¬հայկական հաշտության կոմիտեն միակ խոշոր տեսանելին է, բայց միակը չէ, ասաց նաՙ հիշատակելով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստեղծված «ավելի ծածուկ նախաձեռնություններ»։ Տիկին Չոբոյանի բնորոշմամբ, Թուրքիայի ստեղծած այս TARC¬2¬ը (թուրք¬հայկական հաշտության կոմիտե) համագործակցության սկիզբ է դրել երկու երկրների կանանց, փաստաբանների միջեւ, իսկ թուրք¬հայկական բիզնես խումբն էլ վերջերս գրասենյակ է բացել Բրյուսելում։ «Թուրքիան հասկացավ, որ սփյուռքի հետ գործ ունենալը դժվար է, իսկ Հայաստանի մեջՙ դյուրին», ասաց Հայ դատի գրասենյակի նախագահը։ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հաջողության մեջ կարեւորելով հայկական համայնքների միասնականությունն ու կազմակերպվածությունը, նա տեղեկացրեց, թե Բելգիայի ընտրությունների նախօրյակին Թուրքիայից մի զինվորական եկավ թուրքական բոլոր կազմակերպությունները համախմբելու նպատակով։ 15¬16 հազար քվե ներկայացնող թուրք ընտրողների կողմից պահանջ էր դրվելՙ ձայն կտանք, եթե Բրյուսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը քանդվի, փոխարենը Աթաթուրքի արձանը կանգնեցվի։ Ցեղասպանությունը մեզ համար եղած է զգայական, ընտանեկան, ներքին, ազգային խնդիր, ասաց տիկին նախագահըՙ հանրության ուշադրությունը սեւեռելով միջազգային այն օրենքներին, որոնց միջոցով հնարավոր է դառնում խնդրի քննարկումը։ Թուրքիան սպասում է, որ Եվրոպան հարցը մեկ կողմ դնի, ասաց տիկին Հիլդա Չոբոյանը, նստածներին կոչելով անհոգնել պայքարիՙ եթե մենք չլինենք, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ոչ ոք չի խոսի, մեզ պաշտպան ուժեր չկան։

Հավաքվածների հարցերից պարզ դարձավ, որ ամենօրյա տեղեկատվության պակաս շատերը ունեն։ Սրահում գտնվող մեր հայրենակիցներին հուզում էին սահմանների վերաբացման, հայկական լոբբիինգի, Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների որդեգրած քաղաքականության տարբերությունների, Թուրքիայիՙ Եվրամիությանն անդամակցման եւ տարաբեւեռ այլ հարցեր, որոնց եռանդուն քննարկումը հանդիպման վերջը ճապուկ շրջանցում էր։ Ուստի հարցուպատասխանից մի քանի ընդգծված դրվագ ես էլ ներկայացնեմ։ Գերմանաբնակ լիբանանահայերից մեկը վեր կացավ, թե «ինչո՞ւ է Հայ դատը միայն դաշնակցության հարցը, ինչո՞ւ եկեղեցին չի «օգտագործվում» այդ ուղղությամբ»։ «Ցեղասպանության հարցը համազգային հարց է, ասաց Հիլդա Չոբոյանը։ Հայ դատ նշանակում է պահանջատիրություն։ Դաշնակցությունը Հայ դատի հանձնախմբեր է ստեղծել, բայց տարբեր կուսակցություններից կազմված հանձնախմբեր էլ եղել են, Ֆրանսիայում այն բաղկացած էր ռամկավարներից, դաշնակցականներից, հնչակյաններից, համայնավարներից։

Հայ դատի կոնցեպտն այնքան է տարածվել, որ միայն մեկ կուսակցության դատ չէ։ Շատ երջանիկ եմ, որ Ֆրանսիայում ռամկավարներն աջակողմյանների հետ են համագործակցում, եղավ տիկին Չոբոյանի պատասխանը։ Դաշնակցական¬ոչ դաշնակցական տարբերակումից բացի ընդգծվեց Սփյուռք¬Հայաստան սահմանագիծը։ Դահլիճում ներկա նախկին հայաստանաբնակներն իրենց անհամաձայնությունը հայտնեցին, երբ Հայ դատի հանձնախմբի նախագահն Քոչարյանի կառավարության որոշ պաշտոնյաների հետ ունեցած իր հանդիպումների տպավորությունը փոխանցեց։ Ասաց, ճիշտ է, Հայոց ցեղասպանության ճանաչումն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մաս է կազմում, բայց պիտի տարբերակելՙ ակտի՞վ, թե՞ պասսիվ քաղաքականության։ Հայաստանի ձեռքերն ազա՞տ են, ունի՞ անսահմանափակ ազատություն։ Քաղաքականապես կոռեկտ ըլլալու համար Հայաստանը չի կրնար ըսել, թե կնախընտրե սահմանները գոց ըլլան։ Ի՞նչ է Հայաստանի քաղաքական հայեցակարգը։ Հայաստանում դժվար կըմբռնեն, որ Ցեղասպանությունը միայն Սփյուռքի խնդիր չէ, այլ քաղաքական հզոր ազդակ, որ ի զորու է ավելացնելու Հայաստանի քաղաքական կշիռը, երկրի շուրջ ապահովության գոտի ստեղծել։ Հայաստանում ցեղասպանության հարցի նկատմամբ գերզգայնություն կա, բայց քաղաքական երկարատեւ ծրագիր գոյություն չունի», ասաց Հայ դատի հանձնախմբի նախագահը։

«Ինչպե՞ս եք գնահատում Սփյուռքիՙ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը», մեր հարցին ի պատասխան տիկին Չոբոյանն ասաց, թե չի կարող բավարար գնահատել, բայց պատճառներից մեկն այն է, որ սփյուռքահայությունը երկարատեւ վախ է ունեցել քաղաքականություն բառից, որն ըստ էության հանրության կյանքը կազմակերպել է նշանակում։ «Ի՞նչ պայմաններում Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը», մեր երկրորդ հարցին Բրյուսելից ժամանած հյուրը դժվարացավ պատասխանելՙ ասելով, թե. «...կրնանք երազել, որ Թուրքիան անդամակցելով Եվրամիության, կրնա ուրիշ երկիր դառնալ։ Ադիկա իրականության չի համապատասխաներ, հիշատակելով այն հանգամանքը, թե Թուրքիան Եվրախորհրդի հիմնադիր անդամ է»։

Մոտ 60 հոգանոց դահլիճը երեք անգամ 60 րոպե արդեն գլորել էր, չեք հավատա, բայց հայկական 3 եռագույն դրոշներն էլ իրենց ձիգ տեսքին էին վաղուց հրաժեշտ տվել, ուստի եվրոպահայերը բազմակետ դրեցին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4