«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2003-07-31 | #146, 2003-08-01 | #147, 2003-08-02


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՄԵՐՁԵՑՄԱՆ ԱՄԵՆ ՄԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՎ

Մայիսի կեսերին Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ կարգավորելու հարաբերությունները, եթե նա ճանաչի թուրքական պետության տարածքային ամբողջականությունը։ Թեեւ ամբողջականության ճանաչումը ենթադրում էր պաշտոնապես պահանջատիրությունից հրաժարվելը, իսկ այդ դեպքում անիմաստ էր դառնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, այնուամենայնիվ, Հայաստանում եւ սփյուռքում որոշ շրջանակներ Գյուլի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների առումով առաջընթաց քայլ համարեցինՙ պատճառաբանելով, թե թուրքական նորընտիր իշխանությունները, ի տարբերություն նախորդների, զերծ են մնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը որպես նախապայման առաջադրելուց։

Իրականում հայտարարությունն ամենեւին չէր բխում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամությունից։ Դրանով Գյուլը Մադրիդում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ նպաստավոր պայմաններում հանդիպելու նախադրյալներ էր ստեղծում եւ միաժամանակ փորձում էր սահմանափակել հակազդման հնարավորություններն այն միջազգային ուժերի ու կազմակերպությունների, որոնք ակնկալում են Թուրքիայի հետ Հայաստանի այսպես կոչված մերձեցումը։

Ըստ երեւույթին հայտարարությունը նպատակին ծառայել էր, որ Օսկանյան-Գյուլ հանդիպումից հետո Թուրքիան Հայաստանի հետ մերձեցման պատրաստակամությունը շահարկելու համար օրակարգ մտցրեց հայկական սահմանի բացման հարցը։ Դրան նպաստեցին թուրքական թերթերը։ Հունիսի 4-ին երկու երկրների արտգործնախարարների մադրիդյան հանդիպումից 1 օր անց թուրքական «Փոստան» շտապեց գրել, որ Թուրքիայի հայկական սահմանը բացվում է Իգդիրի հատվածում, շուտով կգործի Ալիջանի սահմանադուռը։

«Փոստային» միացան այլ թերթեր, որոնց էջերում հայտնվեցին հրապարակումներ, թե սահմանի բացման մասին անձամբ կհայտարարի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նույնիսկ մատնանշվեցին հայտարարության օրն ու տեղըՙ հունիսի 27-ին, հենց Կարսում։

Հիրավի, Էրդողանն այդ օրը Կարսում ելույթ ունեցավ, սակայն հայտարարեց ոչ թե սահմանի բացման, այլ դրա աննպատակահարմարության մասին։ Նա նշեց, որ քանի դեռ Հայաստանը հետամուտ է 1915 թ. ցեղասպանության ճանաչմանը, չի ճանաչում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, իսկ հայերն ԱՄՆ-ում, Եվրոպայում «հակաթուրքական» գործունեություն են ծավալում, Թուրքիան չի կարող իր սահմանը բացել։

Այլ կերպՙ նա 1915 թ. Ցեղասպանության մասին չհիշատակելու եւ պահանջատիրությունից հրաժարվելու Գյուլի առաջադրած նախապայմանները հաստատեց եւ դրանց ավելացրեց նաեւ հայկական սփյուռքի հակաթուրքական գործունեությունը դադարեցնելու նախապայմանը։

Էրդողանի հայտարարությունը ցույց տվեց, որ թուրքական կառավարությունն ի սկզբանե հայկական սահմանի բացման խնդիր չի ունեցել։ Ակամա հարց է ծագումՙ այդ դեպքում ինչո՞ւ էր պատրաստակամություն հայտնում։ Հարցին հունիսի 25-ի համարում պատասխանում է թուրքական «Ռադիքալը»ՙ գրելով. «ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ մադրիդյան հանդիպումից հետո արտգործնախարարությունը հրավիրեց մի շարք խորհրդակցություններ, որոնց արդյունքում որոշվեց ակտիվ շփումներ ծավալել ե՛ւ ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների, ե՛ւ թե Հայաստանի պետական գործիչների հետ»։ Սա քաղաքական նախաձեռնություն էր։ Ակնհայտ է, որ սահմանների բացման աննպատակահարմարության մասին հայտարարելու դեպքում հայկական կողմը շփումներում Թուրքիային չէր ընդառաջի, նրա նախաձեռնությունը կձախողվեր, իսկ դա զգալի կմեծացներ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձեւի հաստատման հավանականությունը։

Ուրեմն Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ամեն մի պատրաստակամություն նպատակամղված է Թուրքիայի քաղաքական որոշակի առաջադրանքի կատարմանը։ Երբ նրա պատրաստակամությունն արձագանք է գտնում եւ հայկական կողմն ընդառաջում է թուրքական նախաձեռնություններին, ապա Թուրքիան կառչում է նախապայմաններից, որպեսզի ի վիճակի լինի խուսափելու իր իսկ պատրաստակամությունից բխող քայլերից։

Հատկանշական է, որ Կարսում Էրդողանի հայտարարության պահին ամերիկահայ որոշ կազմակերպություններ, ընդառաջելով սփյուռքի հետ երկխոսության Թուրքիայի նախաձեռնությանը, արդեն հանդիպել էին արտգործնախարարության հետախուզության եւ հետազոտությունների բաժնի վարիչ Թեզջանին։ Այլ կերպՙ սահմանի բացման պատրաստակամությամբ Թուրքիան կատարել էր քաղաքական առաջադրանքը, այդ պատճառով էլ նպատակահարմար գտավ հրաժարվել։ Դեռ ավելինՙ Գյուլը թուրքական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հարկ համարեց ընդգծել. «Հայկական սահմանի բացման հարցը ընդգրկված չէ Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում եւ այսօր ոչ մի պատճառ չկա այդ հարցն օրակարգ մտցնելու համար»։

Գյուլի խոսքերը մեկնաբանություն չեն պահանջում։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը, ապա դա որպես նախապայման առաջադրելու համար բավական էր, որ ձախողվեին թուրք-ամերիկյան տարաձայնությունները հաղթահարելու փորձերը, եւ դրանց ծավալման հավանականությունը հետին պլան մղեր Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման Վաշինգտոնի շահագրգռությունները։ Ահա թե ինչու, վերադառնալով Վաշինգտոնից, Գյուլը հայտարարեց. «Երբ առկա խնդիրները լուծվեն, ապա մենք տեր կկանգնենք աղքատության մեջ տառապող 1,5 մլն հայերին։ Երկիրն ամայանում է։ Հայերը գաղթում են։ Սակայն այս ամենի կատարման համար անհրաժեշտ է, որ Ղարաբաղի հարցում առաջընթաց կատարվի»։

Այդ քայլը, ինչ խոսք, ենթադրում է ղարաբաղյան հիմնահարցի թուրք-ադրբեջանական շահերի համապատասխան կարգավորումը։ Այսպիսով, Հայաստանին առաջադրվող նախապայմանների թվում հայտնվում է նաեւ վերոհիշյալ հիմնահարցը։ Ուրեմն թուրքական նորընտիր իշխանությունները Հայաստանի եւ հայերի հարցում նախորդներից ոչնչով չեն տարբերվում։ Պարզապես եթե նախորդներն այդ նախապայմանները Հայաստանին առաջադրում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար, ապա իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կառավարությունն առաջադրում է Թուրքիայի հայկական սահմանի բացման համար։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4