«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2003-08-01 | #147, 2003-08-02 | #148, 2003-08-21


ՀԱԿՈԲ ԱՍԱՏՈՒՐՅԱՆ

Ամերիկահայ գրականության նահապետը

Թեքեյան մշակութային միության Նյու Յորք-Նյու Ջերսիի մասնաճյուղի վարչությունից ստացված հեռագիրը գուժում է ամերիկահայ գրականության նահապետ Հակոբ Ասատուրյանի մահը, որը պատահել է օգոստոսի 11-ին, Նյու Ջերսիում (Մ. Նահանգներ)։

ԹՄՄիությունը, որի տեղի մասնաճյուղերի հիմնադիրներից էր Հակոբ Ասատուրյանը, այս տարվա մարտի 3-ին նշել էր նրա 100-ամյակը փառաշուք հանդիսությամբ, ինչպես ժամանակին տեղեկացրել էր «Ազգը»։ Միությունը նշել էր նաեւ, դեռեւս 20 տարի առաջ, նրա 80-ամյակը, այդ առթիվ հրատարակելով հոբելյանական գրքույկ։ Այդ կապակցությամբ Ամենայն հայոց հայրապետ, երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսը Հ. Ասատուրյանին շնորհել էր հայրապետական կոնդակ եւ «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշան։

Հ. Ասատուրյանն իրավամբ համարվում էր ամերիկահայ ավագ սերնդի վերջին մոհիկանը։ Ալեք Գլըճյանի, Անդրանիկ Անդրեասյանի, Բենիամին Նուրիկյանի, Վահե Հայկի եւ այլոց հետ նա մաս էր կազմում «Նոր գիր» գրական-մշակութային հանդեսին, որտեղ ավագ սերունդը Երկրի կարոտը սրտում ներկայացնում էր ամերիկյան ափերում հայտնված հայ զանգվածների առօրյա տվայտանքները, որոնք մեկ բառով Ձուլում են կոչվում։

Ապրելով եւ ստեղծագործելով շուրջ մեկ դար, Հակոբ Ասատուրյանը պահեց-պահպանեց ու հարստացրեց այն ազնիվ երակը, որը սփյուռքահայ գրականությունը եւ ի մասնավորի ամերիկահայ գրականությունն ուղիղ գծով կապում էր արեւմտահայ գրականության ակունքներին։ Հ. Ասատուրյանի հերոսները ներկայացնում են Նոր աշխարհում հայտնված հայ մարդուն պարտադրված ձեւափոխումներն ու հոգեկան խեղումները, նոր բարքերին համակերպումն ու ընդվզումը դրանց դեմ։

Հատկանշական է Հ. Ասատուրյանի լեզունՙ վճիտ արեւմտահայերեն, կենսունակ, հարուստ եւ հյութեղ, որը հրաշալի ներդաշնակություն է կազմում հեղինակի երաժշտական գործունեության հետ։ Այո, հանգուցյալը նաեւ երաժիշտ էր, երգիչ եւ երաժշտագետ։ Տասնամյակներ շարունակ նա հայ տոհմիկ երգարվեստին ծառայել է ոչ միայն երաժշտագիտական աշխատություններով, հոդվածներով ու հրապարակային դասախոսություններով, այլեւ կենդանի երգասացությամբ, որոնց պսակը 1947թ. Նյու Յորքում հրատարակված նրա ձայնապնակների ալբոմն է «Հայ երգ» վերտառությամբ։

Դրանից մեկ տարի առաջ, 1946-ին, Հ. Ասատուրյանը Բոստոնում հրատարակել է «Անդաստան» քերթվածների ժողովածուն։ Ավելի ուշ, 1962 թ. Բեյրութում հրատարակվել է «Կոմիտաս վարդապետ եւ հայ երգը» աշխատությունը, այնուհետեւ հաջորդաբար, միշտ Բեյրութում, «Յովակիմի թոռները» (1965), «Քարի եւ հողի պատմութիւն» (1969), «Պարոյր Սեւակի հետ» (1971)։ «Յովակիմի թոռները» 1974 թ. հրատարակվել է նաեւ Երեւանում, խեղված հրատարակությամբ։ 1982 թ. Հ. Ասատուրյանը հրատարակել է ամերիկահայ արդեն 3-րդ սերնդի գեղարվեստականացված պատմությունըՙ «Յովակիմի թոռնորդիները» վերնագրով, իսկ 1986 թ. Նյու Յորքում «Տօ, լաճ տնաւեր» եւ 1990 թ.ՙ Լոս Անջելեսում «Ո՞ւր, Վահրամ» ժողովածուները։

Հ. Ասատուրյանի մահով վերջնականապես փակվում է սփյուռքահայ գրականության մի սրտառուչ էջՙ ազգային ինքնությունը կորցրած եւ նոր ինքնությանը դեռեւս չհարմարվող հայ մարդու տվայտանքների պատմությունը։

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4