«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2003-08-27 | #153, 2003-08-28 | #154, 2003-08-29


ԱՄՆ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։

Մայր աթոռ ս.Էջմիածնի օծման 1700-ամյակի առթիվ Հայաստան ժամանած ԱՄՆ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների պատվիրակությունըՙ առաջնորդությամբ Բալթիմորի արքեպիսկոպոս կարդինալ Ուիլյամ Կիլերի, օգոստոսի 28-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր կատարվեց հոգեհանգստի արարողություն։ Կաթոլիկ եկեղեցու պատվիրակները եղան նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

«Կյանքը Աստծո պարգեւն է, եւ մենքՙ քրիստոնյաներս ամեն ջանք պետք է գործադրենք, որպեսզի այդ պարգեւը չվտանգվի եւ չոչնչացվի», ասաց կարդինալ Քիլերը ի պատասխան այն հարցի, թե ինչ ներդրում կարող է ունենալ Հայ Առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիների գործակցությունը 1915թ. Մեծ եղեռնի ճանաչման հարցում։

Նույն օրը Երեւանի սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կարդինալը աղոթք կատարեց եւ հանդիպում ունեցավ երիտասարդների հետ։

Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը լրագրողների հետ զրույցում մեծապես կարեւորեց երկու եկեղեցիների փոխգործակցությանը եւ անդրադարձավ դրա հիմնական ուղղություններին։

ԱՄՆ կաթոլիկ հոգեւորականներին նախորդ օրը Մայր աթոռ սբ. Էջմիածնում ընդունել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, իսկ օգոստոսի 28-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի եւ վարչապետի հետ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4