«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2003-09-09 | #162, 2003-09-10 | #163, 2003-09-11


ՕՐՄԱՆՅԱՆԻ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՀԵՏՆՈՐԴԸ

Լույս է տեսել «Ազգապատումի» Դ հատորը

Գլենդեյլում (Կալիֆոռնիա) հրատարակվող «Նոր կեանք» երկլեզվյան (հայերեն եւ անգլերեն) շաբաթաթերթի օգոստոսի 28-ի համարը տեղեկացնում է, որ տեղի ազգային առաջնորդարանի լսարանում կազմակերպությամբ նորընտիր առաջնորդ Հովնան արք. Տերտերյանի օգոստոսի 20-ին տեղի է ունեցել «Ազգապատում» չորրորդ հատորի երեք գրքերի շնորհանդեսն ու նրանց հեղինակ, արժանաշնորհ դոկտոր Զավեն ավագ քահանա Արզումանյանի մեծարումը։

Հայտնի է, որ «Ազգապատումի» երեք մեծածավալ հատորները, որոնք հայ ժողովրդի շուրջ երկու հազար տարիների վավերագրական պատմությունն են պարունակում, ժամանակին տարիների տքնաջան աշխատությամբ պատրաստել է Թուրքիայի հայոց պատրիարք Մաղաքիա արք. Օրմանյանը։ Տեր Զավեն Արզումանյանի Դ հատորը, ըստ լրատվության, պարփակում է 1910-1990 թթ. մեր պատմությունը, ներկայացված են Եղեռնը, երկու համաշխարհային պատերազմները, Սարդարապատի հերոսամարտը, խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում, եկեղեցական հոգեւորականների հետապնդումները, Խորեն Ա. Մուրադբեկյան կաթողիկոսի սպանությունը, Գեւորգ Զ. Չորեքչյան կաթողիկոսի փրկարար դերը, նրա անձնական տեսակցությունը Ստալինի հետ, «Սասունցի Դավիթ տանկային շարասյան» ստեղծումը, ամերիկահայոց առաջնորդ Գարեգին արք. Հովսեփյանցի Կիլիկիո կաթողիկոս ընտրվելը, եւ բազում այլ հետաքրքրական տեղեկություններ։

Հայր Զավեն Արզումանյանը, որպես ճշմարիտ պատմաբան, հետեւել է մեծանուն Օրմանյան սրբազանի օրինակին։ Պահպանել է նրա լեզվի ոճը, պարզությունն ու հստակությունը։ Դեպքերի նկարագրությունները ճշգրիտ են եւ հետաքրքրական։

Ավազանի անունով Դանիել, հայր Զավենը ծնվել է Եգիպտոսում 1933-ին։ Շրջանավարտ է տեղի Գալուստյան ազգային վարժարանի։ 1949-ին ընդունվել է Անթիլիասի դպրեվանքը եւ ավարտելուց հետո ձեռնադրվել քահանաՙ ստանալով Տ. Զավեն հայր սուրբ անունը։ Ուսումը շարունակել է Լոնդոնի համալսարանում, ապա նաեւ Մայամի Թեմպլ եւ Նյու Յորքի Կոլումբիա համալսարաններում (ԱՄՆ)։ Պաշտպանել է դոկտորական աստվածաբանության, պատմության եւ սուրբ գրական ուսումնասիրությունների գծով։ Եղել է Ադիս Աբեբայի եւ Մայամիի հայ համայնքների հոգեւոր հովիվ եւ կանադահայ թեմի առաջնորդական փոխանորդ, կատարել է թարգմանչական լուրջ աշխատանքներՙ անգլերեն լույս ընծայելով մեր հին պատմիչներից Ուխտանեսի եւ Ղեւոնդ պատմիչի գործերը։ Իր ամենակարեւոր աշխատությունը, սակայն, «Ազգապատումի» ներկա Դ հատորն է (3 գրքից բաղկացած), որն, ըստ թերթի, «հանրագիտարանային արժեք ունի»։

Ֆրանսիացի գրող եւ քաղաքական գործիչ Շատոբրիանը մի առիթով ասել է, որ հունական պատմությունը բանաստեղծություն է, հռոմեականըՙ նկարչություն։

Գլենդեյլի ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցած շնորհանդեսին հրավիրված դասախոս Թորգոմ Փոսթաճյանն իր խոսքն ավարտել էՙ մեջբերելով Շատոբրիանի խոսքերը, ավելացնելով, որ հայոց պատմությունը բանաստեղծություն եւ նկարչություն լինելուց բացի, նաեւ ողբերգություն է եւ դյուցազներգություն։ «Մեր պատմության առաջին դյուցազներգակը եղել է մեր պատմահայր Մովսես Խորենացին, որի արժանավորագույն զավակն է Օրմանյան սրբազանը։ Նրանց հարազատ շառավիղն է նաեւ դյուցազներգակ պատմիչ տեր Զավեն քահանա Արզումանյանը», ասել է նա։

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4