«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2003-09-12 | #165, 2003-09-13 | #166, 2003-09-16


ԴԵՆՔԹԱՇՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

Նիկոսիայից մեր թղթակից Ջորջ Տեր-Բարթողը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանիՙ Կիպրոսի հարցի լուծման այլընտրանքային տարբերակը շուտով պատրաստ կլինի։

Այդ մասին Կիպրոսի թուրքական գրավյալ մասի ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ռաուֆ Դենքթաշը, ավելացնելով, որ իր նոր ծրագիրը «մեծ անակնկալ է լինելու, ճիշտ այնպես, ինչպես իր ապրիլի 23-ի որոշումը»։ Ապրիլի 23-ին նա բացել էր հրադադարի գոտին, որը 30 տարի փակ էր եղել, եւ կղզու հույներն ու թուրքերն ազատ երթեւեկելու հնարավորություն էին ստացել։

Անանի ծրագիրը քննարկվելու էր թուրքական մասի ընդդիմադիր կուսակցությունների կողմից դեկտեմբերին, երբ նրանք հույս ունեին ընտրություններում պարտության մատնել Դենքթաշին։ Վերջինս քննադատել է այդ կուսակցությունների հավակնոտ դիրքորոշումները, թե իբր վայելում են Անկարայի պաշտպանությունը։

«Այդպիսի բան չկա։ Նրանք ցանկանում են ընդունել Անանի առաջարկությունը, բայց Թուրքիան պնդում է, որ փոփոխություն մտցվի դրանում։ Նրանք ասում են, թե իբր ցանկանում են Թուրքիայի հետ լինել։ Իսկ մենք Թուրքիայի հետ չե՞նք։ Ուրեմն ինչո՞ւ նրանք մեզ չեն միանում», ասել է նա։

Կղզու թուրքական մասի ընդդիմությունը վայելում է միջազգային միջնորդ կազմակերպությունների աջակցությունը։ Նրանք անցյալ շաբաթվա սկզբներին հասկացրին, որ վայելում են նաեւ Մ. Նահանգների պետքարտուղարության համակարգող Թոմաս Ուեսթոնի աջակցությունը, ինչը զայրացրեց Դենքթաշին։ «Աշխարհի ոչ մի մասում Մ. Նահանգները չի պաշտպանում ընդդիմադիրներին», ասել է նա։

Դենքթաշը նշել է, որ ինքը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որ նա եւս արտահայտվել է հօգուտ Անանի ծրագրի փոփոխության։

«Սպասեք ընտրություններին։ Թող աշխարհը լսի ժողովրդի ձայնը եւ ասի, որ այդ մարդիկ պետություն են ստեղծել։ Նրանք թուրքեր են, որոնք չեն ընդունում օտար գերպետությունների պարտադրանքով իրենց այդ պետությունը չեղյալ համարելու անպատվությունը»։

Դենքթաշի գլխավոր նպատակն էր տպավորություն գործել Հունաստանի արտգործնախարար Ջորջ Պապանդրեուի վրա, որն աշխատանքային այցով գտնվում է Կիպրոսումՙ բանակցություններ վարելու ինչպես կղզու օրինական կառավարության, այնպես էլ թուրքական մասի քաղաքական կուսակցությունների հետ։ Ավաղ, նրա ջանքերն ապարդյուն անցան, երբ երկու մասերի հատման գծում թուրք ոստիկանները կալանավորեցին Պապանդրեուին ուղեկցող երեք հույն բարձրաստիճան անձնավորությունների։ Նրանցից մեկն Անոյայի (Կրետե կղզում) փոխքաղաքապետն է, իսկ մյուսն ամերիկյան անձնագիր է կրում։ Նրանց մեղադրում էին լրտեսության մեջ, բայց ՄԱԿ-ի ճնշումների ներքո ազատ են արձակվել։

Հ. Ծ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4