«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2003-09-12 | #165, 2003-09-13 | #166, 2003-09-16


ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐԻ «ԳԱԼՆՈՒՊՈ» ԴՊՐՈՑ

Այս օրերին Երեւանում անցկացվող եգիպտահայ վարժարանների շրջանավարտների համաշխարհային հավաքի շրջանակներում, Եգիպտոսի Գալուստյան, Նուպարյան եւ Պողոսյան ազգային վարժարանների նախկին սաների Կալիֆոռնիայի վարչության անդամներիցՙ Սոնա Մինագյանը (ատենապետուհի), Անահիտ Բաբայանը (գանձապահուհի) եւ Հայաստանի ԳԱ հիմնակազմ գրադարանի 32 տարվա նախկին աշխատակից Հարություն Մեքերյանը (միության հիմնադիր եւ ցկյանս նախագահ) սեպտեմբերի 11-ին այցելեցին Վանաձոր եւ հանդիպում ունեցան իրենց վարժարանների անունը կրող դպրոցի աշխատակիցների հետ։ Դպրոցի տնօրենուհիՙ տկն Կարինե Ստեփանյանը ջերմությամբ ընդունեց կալիֆոռնիաբնակ հյուրերին եւ նրանց տեղեկություններ տվեց հաստատության տնտեսական, նյութական եւ կրթական վիճակի մասին։

Շնորհակալական խոսքերով հանդես եկան Սոնա Մինագյանն ու Հարություն Մեքերյանը։ Վերջինիս ելույթից տեղեկացանք, որ Կանադայի օրինակով 1985 թվից Կալիֆոռնիայում դոկտ. պրոֆեսոր Գեղամ Բարսեղյանի, տկն Վարդուհի Տատուրի եւ Հարություն Մեքերյանի նախաձեռնությամբ գործում է եգիպտահայ վարժարանների շրջանավարտների միությունը, որը կրթասիրական եւ մշակութասեր հասարակություն լինելով, ջանում է օգտակար հանդիսանալ մայր հայրենիքին եւ հայրենի ժողովրդին։

1992-ից սկսած միության կազմակերպած միջոցառումների հասույթը տրամադրվել է Հայաստանին։ 1000 ԱՄՆ դոլար նվիրատվությամբ մասնակցել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի կառուցման նպատակով կազմակերպված թելեթոնին։ Հինգ հազար ԱՄՆ դոլար հատկացվել է Վանաձորի «Գալնուպո» (Գալստյան, Նուպարյան, Պողոսյան) դպրոցի վերանորոգման աշխատանքներին։ Իսկ բոլորովին վերջերս Հայ օգնության միության Արեւմտյան Ամերիկյան Գլենդեյլ մասնաճյուղի միջոցով կազմակերպությունն ստանձնել է Վանաձորի 8 հայ որբերի խնամակալությունը։

«Գալնուպոն» այսուհետեւ էլ հոժարակամ եւ տրամադիր է սատարել հայրենիքին։ Դրա վառ օրինակն է դրամական այն օգնությունը, որ հյուրերը հանդիպման ավարտին ցուցաբերեցին դպրոցի ուսուցիչներին, աշխատակիցներին եւ 10-րդ դասարանի աշակերտներին։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4