«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2003-09-13 | #166, 2003-09-16 | #167, 2003-09-17


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի նորանշանակ վարչապետ Իլհամ Ալիեւը Անկարայում էր։ Սա նրա վարչապետի կարգավիճակով պաշտոնական առաջին այցն էր, որի ընթացքում նա առաջիկա հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրությունների առնչությամբ հայցել էր Թուրքիայի ղեկավարների աջակցությունը։ Ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւին պաշտոնական Վաշինգտոնն է աջակցում, եւ թուրքերն այդ մասին քաջ գիտեն, որ ընտրություններում նախապես «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարին աջակցող Անկարան հանկարծ հրաժարվեց դրանից։

Համենայն դեպս, Անկարայում Իլհամ Ալիեւին ընդունել էին Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը։ Այս ընդունելությունները, կարծում ենք, որոշակի պատկերացում են տալիս Թուրքիայի ղեկավարներիՙ Ալիեւին աջակցելու պատրաստակամության մասին։

Աջակցության առումով հատկանշական է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Գյուլի պաշտոնական այցը Վրաստան, որը կատարվեց սեպտեմբերի 15-16-ին։ Թբիլիսիում Գյուլին ընդունել է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն, ապա նա հանդիպել է իր գործընկեր Իրակլի Մենաղարաշվիլուն, պետնախարար Ավթանդիլ Ջորբանաձեին եւ արտակարգ իրավիճակների նախարար Մալխաս Կակաբաձեին։

Մենաղարաշվիլու հետ հանդիպմանը Գյուլը նշել է, որ իրենք հետամուտ են պաշտոնական Թբիլիսիի առջեւ ծառացած խնդիրներին, եւ Թուրքիան միշտ պատրաստ է աջակցել դրանց լուծմանը։ Ըստ երեւույթին այս աջակցությունն առաջին հերթին վերաբերում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրներին, որ Գյուլը դրանց լուծումը պայմանավորել է Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքով։

Միաժամանակ նա նոյեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում Անկարայի աջակցությունն է խոստացել վրացական ներկայիս իշխանություններին։ Վրաստանի ներկա իշխանություններին աջակցելու Գյուլի պատրաստակամությունը միանգամայն հասկանալի է։ Թուրքիան ռազմական բնագավառում համագործակցում է Վրաստանի հետ, այս երկու երկրների ռազմավարական շահերը համընկնում են, Վրացական պետությունը անկախության առաջին իսկ օրից արտաքին քաղաքականության մեջ որդեգրել է թուրքամետ դիրքորոշում։

Սակայն 1997-ին «Կովկասն ու Կենտրոնական Ասիան ամերիկյան կենսական շահերի գոտի» հայտարարելուց, եւ հատկապես հակաաֆղանական պատերազմի ավարտին Վրաստանում ռազմական ներկայություն ապահովելուց հետո, մինչ այդ Անդրկովկասում Թուրքիայի միջոցով գործող ԱՄՆ-ն սկսեց առանց միջնորդի ինքնուրույն գործել։ Թվում է, թե այս հանգամանքը ստիպում է վրացիներին մտածել թուրքամետ արտաքին կողմնորոշումն ամերիկամետով փոխելու մասին։

Սա կարեւոր է։ Գյուլի այցի առումով կարեւոր է նաեւ ռուսական «Գազպրոմի» եւ ՌԱՖ ԵԷՄ-ի հետ բաշխիչ ցանցերի վերաբերյալ ստորագրված պայմանագրերի արդյունքում էներգետիկ ոլորտում Վրաստանում Ռուսաստանի ձեռք բերած շոշափելի ներկայությունը։ Մինչդեռ Թուրքիան Վրաստանին դիտում է իբրեւ էներգետիկ կարեւոր միջանցք եւ Բաքու-Ջեյհան նավթամուղի, ինչպես նաեւ Շահդենիզ-Էրզրում գազատարի շինարարությունը Վրաստանի դիրքորոշմամբ է պայմանավորում։

Ուրեմն, միանգամայն տրամաբանական է, որ Գյուլի այցը Վրաստան պայմանավորվի ոչ թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում Վրաստանի ներկա իշխանություններին աջակցություն հայտնելու մղումով, այլՙ թուրք-ամերիկյան տարաձայնությունների ներկա փուլում թուրքամետ կողմնորոշումը ամերիկամետով փոխարինելու վրացիների պատրաստակամությունից բխող մտավախությամբ, ինչպես նաեւ էներգետիկ ոլորտում ռուսական ներկայության ամրապնդմամբ։

Ակնհայտ է, որ ռուսական ներկայության հետ նաեւ թուրք-ամերիկյան տարաձայնությունները կարող են կասկածի տակ դնել ինչպես Բաքու-Ջեյհան նավթամուղի, այնպես էլ Շահդենիզ-Էրզրում գազատարի շինարարության նպատակահարմարությունը։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4