«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2003-09-19 | #170, 2003-09-20 | #171, 2003-09-23


ՆՇՎԵՑ ԱԼ. ՍԱՐՈՒԽԱՆԻ 105-ԱՄՅԱԿԸ

Իր արվեստի միջոցով մարդկանցՙ այդ թվում քաղաքական, մշակութային, հասարակական գործիչների թերությունները ձաղկելու, տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ սեփական կարծիքն արտահայտելու եւ միշտ արդարության ու ճշմարտության ջատագովը լինելու եզակի երեւույթ էր Ալեքսանդր Սարուխանը, որի ծննդյան 105-ամյակին էր նվիրված սեպտեմբերի 19-ին Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում կազմակերպված ցերեկույթը։

Եգիպտահայ վարժարանների բոլոր տարիների աշակերտների երեւանյան անդրանիկ հավաքի շրջանակներում անցկացվող այս միջոցառմանը ներկա էին ինչպես հայրենի արվեստագետներ, այնպես էլ սփյուռքահայ մտավորականներ եւ հյուրեր։ Թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանի բացման խոսքերից հետո հայ երգիծանկարչական արվեստը համաշխարհային մակարդակի հասցրած եգիպտահայ արվեստագետ Ալեքսանդր Սարուխանի մասին խիստ շահեկան բանախոսությամբ հանդես եկավ Սաթենիկ Քանդայանը։ Մխիթարական էր լսել, որ երկար ժամանակ հայրենիքում անտեսված, սակայն «Հայ երգիծանկարչության նահապետի» բնութագրմանն արժանացած արվեստագետի արխիվըՙ մոտ 2000 ստեղծագործություն, որը պահվում է գրականության եւ արվեստի թանգարանում, այժմ մշակվում է եւ հայ ընթերցողի սեղանին կդրվի ավարտվելուն պես։ Հյութեղ հիշողություններով ելույթներ ունեցան ԳԱ ֆունդամենտալ գրադարանի նախկին աշխատակից Հարություն Մեքերյանը, ճանաչված ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանը, նախկին եգիպտահայեր Վանիկ Աճեմյանն ու Նորայր Բեյլերյանը, հայրենի վարպետ նկարիչ Հակոբ Հակոբյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Գրիգոր Սողիկյանը եւ արվեստագետ Երվանդ Մանարյանը։

Ալ. Սարուխանը ծնվել է 1898 թ. Բաթումի նահանգի Արտանուշ ավանում։ Նախնական կրթությունն ստացել է Պոլսի Մխիթարյան հայրերի վարժարանում։ Ավարտելով Վիեննայի գծագրական արվեստի համալսարանը, 1924 թ. Սարուխանը տեղափոխվել է Եգիպտոս եւ մինչեւ կյանքի վերջն աշխատակցել եգիպտական եւ հայկական մամուլին։ Հիշատակման արժանի են նրա երգիծանկարները «Ախբար Էլ-Յոմ», «Ախեր Սաա», «Արեւ» եւ «Սավառնակ» թերթերի էջերում։

Նրա գրչին են պատկանում Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» եւ Ե. Օտյանի «Ընկ. Փանջունի» հատորների նկարազարդումները, որոնք առավել մեկնաբանում են տվյալ կերպարներին։ Առանձին ալբոմ-հատորներով լույս է ընծայել նաեւ «Այս պատերազմը», «Տես խոսքերդ» եւ «Մենք մեր ակնոցով» գործերը։

Իր ստեղծագործական կյանքի ընթացքում մասնակցել է բազում ցուցահանդեսներիՙ Եգիպտոսում, Եվրոպայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում, ինչպես նաեւ հայրենիքում։ Նրա «Էլ-Մասրի Էֆենդի» (եգիպտացին) կերպարը ցարդ վառ է մնում Եգիպտոսի արաբ ժողովրդի սրտերում։ Նրա «Տես խոսքերդ» եւ «Մենք մեր ակնոցով» հատորներով շարունակվում են դաստիարակվել սփյուռքահայ բազմաթիվ երեխաներ։

Հույս ունենք, որ մոտ ապագայում բացի իր եւ իր ստեղծագործությունների մասին գրած հատորից, մեր սեղաններին կունենանք նաեւ իր գրքերի վերահրատարակումները։

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4