«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2003-09-19 | #170, 2003-09-20 | #171, 2003-09-23


ՈՍԿՐԱԾՈՒԾԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ ԿՕԳՏՎԵՆ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 8-11-ը Բեռլինում էր «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը։ Երեւանում վերջերս գումարված հայ բժիշկների համագումարին ներկա գտնված Բեռլինի բժիշկների միության նախագահ պրոֆ. Հահնիՙ երեւանյան հիշյալ հաստատություն կատարած այցը առիթ էր տվել, որ պարոն Ավագյանը ԳԴՀ մայրաքաղաք հրավիրվի Բեռլինի քաղցկեղի ասոցիացիայի հրավերով։

Հիմնադրամի տնօրենը, որ եղել է Բեռլինի փոխպատվաստման գերարդիական սարքավորումներով հագեցած 4 կլինիկաներում, փոխանցում է, թե փոխպատվաստման հարցում Գերմանիան Եվրոպայում առաջինն է, եւ ուրախալի է, որ իր առաջին ճանաչողական այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ոչ միայն մի քանի տասնյակ հազար դոլարի սարքավորումներ առաքել երեւանյանՙ տարածաշրջանում միակը հանդիսացող իրենց հաստատությանը, այլեւ սկիզբ է դրվել ջերմ բարեկամության, համագործակցության։ Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել սեփական ֆինանսավորմամբ երեք ամիս եւ ավելի վերապատրաստման հրավիրել կենտրոնի հայ բժիշկներին։

«Ոչ ոք ապահովագրված չէ այնպիսի սարսափելի հիվանդությունից, ինչպիսին սպիտակարյունությունն է (լեյկեմիա)», մեր հեռախոսազրույցում ասում է հիմնադրամի տնօրենըՙ հիշեցնելով, որ սպիտակարյունության ամենաարդիական բուժման ձեւը ոսկրածուծի փոխպատվաստումն է։ Աշխարհասփյուռ 9-10 միլիոն հայերին ոչ մի ծրագիր այնպես չի համախմբում, որքան ռեեստրը, խոսելով ոսկրածուծի դոնորների ծրագրի համահայկական բնույթի մասին հաղորդում է պարոն Ավագյանը։ Նրա տեղեկացմամբ, իրենց լաբորատորիայի մի մասնաճյուղ գործում է արդեն Լոս Անջելեսի արվարձան Գլենդեյլում, աշխատանքներ են տարվում, որպեսզի համանման լաբորատոր մասնաճյուղեր բացվեն նաեւ Իրանում, այնուհետեւ Լիբանանում։ Համահայկական հիշյալ հիմնադրամին կարելի է նպաստել թե՛ ֆինանսապես, թե՛ ոսկրածուծի դոնոր դառնալով, եւ սա աշխարհի տարբեր անկյուններում հաստատված մեր հայրենակիցներին հետեւողականորեն պիտի լուսաբանել։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4