«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2003-09-24 | #173, 2003-09-25 | #174, 2003-09-26


ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԻՐ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Արամ Խաչատրյանը մի ժամանակ այնքան հայտնի էր, որքան իր «Սուսերով պարը»։ Հետո եկավ Ստալինը... իսկ այժմՙ նրա վերաիմաստավորումը»։ Այսպիսի բնաբանով է սկսում լրագրող-երաժշտագետ Ջեյմս Թեյլորը հատուկ «Լոս Անջելես թայմս» թերթի համար գրած իր հոդվածը, որը հրապարակվել է սեպտեմբերի 14-ի համարում։

Կարող է չիմանաք նրա անունը, բայց հաստատ լսած կլինեք նրա երաժշտությունը, գրում է Թեյլորը, եթե տեսել եք «2001։ Տիեզերական ոդիսական» եւ «Կալիգուլա» ֆիլմերը, կամ հեռուստատեսությամբ դիտել «Էլլի Մկբիլ», «Սիմպսոնները» եւ «Սկու-Բի Դու» շոու ծրագրերը, կամ առնվազն զանազան ապրանքատեսակների գովազդները։ Ապա շարունակում է, որ մի ժամանակ Արամ Իլյիչ Խաչատրյանն աշխարհի խոշորագույն դասական երաժիշտն էր։ Նրա ստեղծագործությունները (հատկապես 3 սիմֆոնիաները եւ ջութակի կոնցերտը) մշտապես կատարվում էին աշխարհի ամենաառաջավոր նվագախմբերը եւ մենակատարները։ Ամբողջությամբ իր ստեղծագործությունների ծրագրով ղեկավարել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ճանապարհորդելիս նրան ողջունել են որպես նշանավոր անձնավորության, հանդիպել է Չապլինին Ժնեւում, Հեմինգուեյինՙ Կուբայում եւ Հովհաննես XXIII պապինՙ Հռոմում։ Նա նույնիսկ ԱՄՆ-ում ժողովրդականություն վայելող երաժիշտների առաջին տասնյակում է եղել իր «Սուսերով պարով»։

Այս տարի նշվում է նրա ծննդյան 100-ամյակը։ Վերջին 25 տարիների ընթացքում նրա ժողովրդականությունը նվազել է։ «Չեմ հիշում, թե երբ է վերջին անգամ նրա գործերից մեկը կատարվել այստեղՙ Արեւմուտքում։ Ժամանակին նա ամենաճանաչվածն էր խորհրդային երաժիշտներից, ավելի ճանաչված, քան Շոստակովիչը։ Միայն Պրոկոֆեւն էր նրա մրցակիցը», ասում է Բարքլեյի Կալիֆոռնիա համալսարանի երաժշտության դասախոս Ռիչարդ Տարուսկինը։

Բարեբախտաբար իրավիճակը փոխվում է։ Այս աշնանն իսկական խաչատրյանական փառատոն է լինելու նոր վավերագրական ֆիլմի եւ «Հարյուրամյակի ալբոմ» խտացյալ սկավառակի թողարկումով, ինչպես նաեւ իր դաշնամուրային ստեղծագործությունների կատարումով։ Շահան Արծրունին այդ նպատակով շրջագայության է դուրս եկել։ Իսկ ֆիլմը, որի պրեմիերան կայանալու է հոկտեմբերի 18-ին Հոլիվուդում բացվող կինոփառատոնի օրերին, բացահայտելու է իր վերելքը, քաղաքական բանսարկությունների ներգրավվելը եւ բախումը 20-րդ դարի մեծագույն չարագործ Ստալինի հետ։ 1942-ին Ստալինյան մրցանակին արժանացած (100 հազար ռուբլի) հեղինակը վեց տարի անց Պրոկոֆեւի, Շոստակովիչի եւ ուրիշների թվում մեղադրվեց «ֆորմալիստական, հակաժողովրդական» երաժշտություն գրելու մեջ եւ խորտակվեց։ «Մեղադրանքը ոչ մի կապ չուներ նրա երաժշտության հետ։ Նրան մեղադրում էին մեծության համար։ Դա կոմունիստներին հատուկ վարվելաձեւն էր, որ հնչում էր մոտավորապես այսպեսՙ «Կարծում ես մե՞ծ ես։ Մենք ավելի մեծ ենք», նշում է Տարուսկինը։ Դրանից հետո նա սկսեց աշխատել «Սպարտակ» բալետի վրա։ Կուսակցության ղեկավարները դրան հավանություն էին տվել, որովհետեւ Կառլ Մարքսն ինչ-որ առիթով գրել է, որ այդ ապստամբը «պրոլետարիատի իսկական ներկայացուցիչն է»։

Այդ բալետը, որ Ռուսաստանում սենսացիա առաջացրեց ժամանակին, դարձյալ հնչելու է Փասադենայում «Գրիգորովիչ» բալետային ընկերության կատարմամբ։

Լոս Անջելեսում հարյուրամյակի պաշտոնական տոնակատարությունները մեկնարկելու են սեպտեմբերի 28-ին Կանոգա պարկի Աղաջանյան դահլիճումՙ Շահան Արծրունու դաշնամուրային համերգով։ Այնուհետեւ ՀԲԸՄ-ի հովանավորությամբ նա շուրջ 8 ամիս շրջագայելու է աշխարհի երկրներում եւ առաջիկա մայիսին եզրափակելու է շարքը Նյու Յորքում 7-ժամյա մարաթոնային համերգով։

Հարյուրամյակի այդ, ինչպես նաեւ խտացյալ ալբոմի թողարկումը նպատակ ունի մարդկանց ուշադրությանը հանձնել, վերակենդանացնել Խաչատրյանի երաժշտությունը։

Ըստ դաշնակահարուհի Դորա Սերվիարյան-Կունի, «Ռախմանինովը ռուս է, Չայկովսկին նույնպես։ Բայց Խաչատրյանի երաժշտության ուղն ու ծուծը հայկական է։ Նա եզակի է։ Եվ քանի որ հայերն ընդհանրապես վերապրելու ընդունակ են, Խաչատրյանի երաժշտությունը շարունակելու է իր հաղթարշավը»։ Այս խոսքերով էլ եզրափակում է իր հոդվածը Ջեյմս Թեյլորը։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4