«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2003-10-01 | #178, 2003-10-02 | #179, 2003-10-03


ԳԵՐՄԱՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՀԱՅ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 22-26-ը Ներքին Սաքսոնիայի (ՆՍ) Ցելլե քաղաքում անցկացված սեմինարը տնտեսական ոլորտում տուգանքների բռնագանձման պարզեցված կարգի վերաբերյալ էր։ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցների համար սեմինարը կազմակերպել էր Ներքին Սաքսոնիայի մենեջմենթի գերմանական ակադեմիան։ Հայաստանյան կողմից սեմինարին մասնակցում էին նախարարության աշխատակիցներ Հմայակ Նավասարդյանն ու Միսակ Մարտիրոսյանը։ Ինչպես ծանուցում է լուրը մեզ տրամադրած Հայ-գերմանական զարգացման գործակալություն միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Թադեւոսյանը, ծրագրի նպատակն է սատարել Հայաստանի արդարադատության համակարգում իրավական թափանցիկ համակարգի ստեղծմանը, ինչը կապահովի տնտեսական ոլորտում արտասահմանյան ֆիրմաների իրավական անվտանգությունը։ Հայաստանյան պատվիրակներն ընդարձակ զեկուցմամբ գերմանացի գործընկերներին են ներկայացրել ՀՀ իրավական համակարգը, դրանում տեղ գտած բարեփոխումները։

ՀՀ արդարադատության համակարգի հայ պաշտոնյաներին ընդունել են Ներքին Սաքսոնիայի արդարադատության նախարարությունում, երկրամասի խորհրդարանում (Լանդթագում), որտեղ հանդիպում է կայացել նաեւ ՆՍ-ի պետքարտուղարի հետ։ Հայ պաշտոնատարները այցելել են Ցելլեի բանտ, հանդիպել Ցելլե քաղաքի գլխավոր դատախազին, դատարանի նախագահին, երկրամասային գերագույն դատարանի դատավորին, այլ պաշտոնյաների։ Սեմինարի ավարտին Հմայակ Նավասարդյանն ու Միսակ Մարտիրոսյանն արժանացել են Ներքին Սաքսոնիայի մենեջմենթի գերմանական ակադեմիայի հավաստագրերին։ Գերմանացի եւ հայ իրավապահները համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։

Սեպտեմբերի սկզբին Գերմանիայում էր գտնվում հայ իրավաբանների մեկ ուրիշ խումբ։ Գերմանական տեխնիկական համագործակցություն կազմակերպությունը կովկասյան նախաձեռնություն ծրագրի շրջանակներում տեղեկատվական այցի նպատակով Բրեմեն եւ Բեռլին էր հրավիրել Վրաստանի գերագույն դատարանի նախագահ պրոֆեսոր Լադո Չանտուրիային եւ Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանին։ Հայաստանյան պատվիրակության կազմում էին Արման Մկրտումյանը, ծրագրի համակարգող Վարդան Պողոսյանը։

ԱՆ. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4