«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2003-10-04 | #181, 2003-10-07 | #182, 2003-10-08


ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ

Նիկոսիայից մեր հատուկ թղթակից Ջորջ Տեր-Բարթողը հաղորդում է, որ անցած շաբաթավերջին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն Էդվարդ Թոփչյանի փայլուն ղեկավարությամբ երեք համերգով (մեկըՙ Նիկոսիայի Մակարիոս ամֆիթատրոնում, մյուսներըՙ Լիմասոլ եւ Լառնակա առափնյա քաղաքներում) մասնակցել է կղզու «Սայփրըս ինտերնեշնլ ֆեստիվալ» ամենահեղինակավոր փառատոնին, որի ընթացքում թատերական դերակատարումներով հանդես են եկել հույներն ու կիպրացիները, օպերային եւ բալետային ներկայացումներովՙ ռուսները, իսկ պարային համարներովՙ արգենտինացիներն ու ամերիկացիները։

Տարին խաչատրյանական լինելով, բնական է, որ, Չայկովսկու թիվ 4 սիմֆոնիայից բացի, Հայաստանի ֆիլհարմոնիկը նվագել է հատվածներ նրա ամենասիրած բալետիցՙ «Սպարտակից»։ Համերգին հրավիրված է եղել նաեւ տաղանդավոր մենակատար Ռուբեն Ահարոնյանը։ Նվագախմբի շրջագայությունը հնարավոր է դարձել Կիպրոսի կրթության ու մշակույթի նախարարության եւ հատկապես հայազգի պատգամավոր Պետրոս Գալայճյանի անդուլ ջանքերի, ինչպես նաեւ Կիպրոս-Հայաստան բարեկամական ընկերության համագործակցության շնորհիվ։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4