«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2003-10-08 | #183, 2003-10-09 | #184, 2003-10-10


Come hai fatto! ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

Հոկտեմբերի 7-ին Վաշինգտոն օպերայի բեմում առաջին անգամ ներկայացված «Նորման» արժանացել է դահլիճի հոտնկայս, երկարատեւ ծափողջույններին, ինչպես նաեւ գլխավոր տնօրեն Պլասիդո Դոմինգոյի հիացախառը զարմանքին. տեսնելով Հասմիկ Պապյանի փայլուն «Նորման»ՙ Դոմինգոն բացականչել էՙ «Come hai fatto! արտակարգ է, քեզ ինչպե՞ս հաջողվեց այսպիսի՛ Նորմա կերտել»։ Մեր հիշողությամբ հարգարժան տնօրենն առաջին անգամ չէ, որ իր իսկ ղեկավարած թատրոնի բեմից «ստիպված» է լինում հրճվանքը չթաքցնելՙ դեռ 1996-ին «Լա բոհեմում» Հասմիկ Պապյանի կերտած Միմին առիթ էր տվել աշխարհահռչակ տենորին խոստովանելուՙ այսպիսի՛ Միմի ես դեռ չեմ տեսել։

Ներկայացման մասին քննադատական հոդվածներ առայժմ չեն հրապարակվել, սակայն «Վաշինգտոն փոստը» հոկտեմբեր 5-ի կիրակնօրյա իր հավելվածում ակնարկել էր, որ աշխարհում եզակի են այն երջանիկները, ում տրված է հաղթահարել Բելլինիի «Նորմայում» նույնանուն դերերգըՙ այն համեմատելով Էվերեստի գագաթը բարձրացածի կամ անգլիական նեղուցը լողալով անցնողի հետ։

Երաժշտագետները համոզված են, որ 11 օպերաների հեղինակՙ 33 տարեկանում մահկանացուն կնքած Բելլինիի (1801-1835) ստեղծագործությունները մարդկային ձայնի գեղեցկության մասին են պատմում։ Նորմայի դերերգը բարդագույնն էՙ վոկալ, երաժշտական եւ դրամատիկ իմաստով։ Սոպրանոյի համար Նորմայի դերերգը նույնն է, ինչ դրամատիկ դերասանի համար Համլետի դերը, կարդում ենք Վաշինգտոն օպերային թատրոնի հիշատակված բեմադրությանը նվիրված էջում։

Ու մինչ անհամբեր սպասում ենք «Նորմայի» վաշինգտոնյան մամուլի արձագանքներին, մի փոքրիկ տեղեկանք Պապյանի երկրպագուներինՙ 2004-ի մայիս-հունիսին օպերա Ռեալ Մադրիդում Չայկովսկու «Պիկովայա դամայում» Լիզա -Պապյանի դերընկերը Հերման- Դոմինգոն է լինելու։

Ան. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4