«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2003-10-11 | #186, 2003-10-14 | #187, 2003-10-15


ԲՅՈՒՐԵՂԱՅԻՆ ՁԱՅՆ, ՈՐԻՆ ՇՆՉԱԿՏՈՒՐ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐ ՈՒՆԿՆԴԻՐԸ

«Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերան բոլոր առաջ գնալու ձգտում ունեցող դիվաների ռուբիկոնն է։ Ինչ ձեռքբերում էլ ունենա նախկինում, այն սոպրանոն, որը կարողանում է հաջողությամբ գլուխ հանել այդ չափազանց բարդ գլխավոր դերից, որը շատերի կողմից Համլետի օպերային տարբերակն է համարվում, անմիջապես հավասարվում է աստղերի վեհանիստ գագաթում բնակություն հաստատած Մարիա Կալլասին եւ Ջոան Սադերլենդին»։ Այսպիսի խոսքերով է իր հոկտեմբերի 9-ի համարում անդրադառնում հեղինակավոր «Վաշինգտոն թայմս» թերթը Վաշինգտոն օպերայի «Դար» սահմանադրության դահլիճում Հասմիկ Պապյանի դերակատարությամբ ներկայացված «Նորմա» օպերային, որին անդրադարձել է նաեւ մեծազդեցիկ «Վաշինգտոն Փոստ» թերթը, ինչպես գրել էինք մի քանի օր առաջ։

«Նորմայի» այս առաջին բեմականացմանը Վաշինգտոն օպերան առողջ բանականությունն ու երջանիկ բախտավորությունն էր ունեցել հրավիրելու հայ տաղանդավոր սոպրանո Հասմիկ Պապյանինՙ կատարելու Նորմայի կրքոտ դերը։ Նրա կատարման որակն անվերապահորեն հոյակապ էր եւ ներշնչում էր դերակատարների ամբողջ կազմինՙ հասնելու կատարողական արվեստի նոր բարձունքների։

Պապյանի ձայնային արտահայտչական շառավիղն ապշեցնող է, եւ նա այդ դիապազոնի կարիքն ուներ հատկապես օպերայի բացման մեներգում։ Նա առանց ջանք գործադրելու սահուն անցում կատարեց ամենացածր տոնից դեպի ամենաբարձրը։ Նրա բյուրեղային ձայնն ունկնդիրներին հեշտությամբ առաջնորդեց յուրաքանչյուր նրբերանգի միջով։ Դա հիշարժան եւ ազդեցիկ կատարում էր, որին շնչակտուր հետեւում էր ունկնդիրը։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4