«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2003-10-14 | #187, 2003-10-15 | #188, 2003-10-16


ԲԱՂԴԱԴՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՊԱՅԹՅՈՒՆՈՎ ԻՐԱՔՑԻՆԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ

Բայց ոչ թե Թուրքիային, այլ իսլամական երկրներին

Հոկտեմբերի 14-ին Բաղդադում Թուրքիայի դեսպանատան առջեւ կատարված պայթյունից մահացել են երկու հոգի, որոնցից մեկը մահապարտն է։ 10 մարդ վիրավորվել է, վիրավորվածներից 3-ը թուրք դիվանագետներ են, իսկ մյուսներըՙ դեսպանատան աշխատակիցներ։ Հոկտեմբերի 15-ի առավոտյան թուրքական հանրային հեռուստատեսությունը, ինչպես նաեւ կենտրոնական թերթերն իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացրել էին այս միջադեպի վրա։

Պայթյունից զգալի տուժել է դեսպանատան շենքը։ Բաղդադում Թուրքիայի դեսպան Օսման Փաքսյութի վկայությամբ, մեծ ավերածության է ենթարկվել շենքը, միաժամանակ շարքից դուրս են եկել համակարգիչներն ու դեսպանատան կահույքը։ Շենքի պատերում առաջացել են խոր ճեղքվածքներ։ Շենքն այլեւս պիտանի չէ դեսպանության աշխատանքների համար։ Հավանաբար դեսպանությունը կփոխադրվի մեկ այլ շենքՙ իհարկե, փոխադրման հարցը նախապես համաձայնեցնելով թուրքական կառավարության հետ։

Ինչ վերաբերում է վիրավորվածներին, ապա թուրք դիվանագետներից մեկի վիճակը, ինչպես նշում է «Վաքիթ» թերթը, ծանր է։ Ի դեպ, ականատեսների վկայությամբ, վիրավորների թիվը 10-ից շատ պետք է լինի, որովհետեւ նրանցից 16-ը բուժվում են Բաղդադի ալ Քինդի հիվանդանոցում։

Սրանք Բաղդադում Թուրքիայի դեսպանատան առջեւ կատարված պայթյունի որոշակի մանրամասներն են։ Ինչ վերաբերում է արձագանքներին, նախ ասենք, որ միջադեպից հետո արտգործնախարար Աբդուլլահ Գյուլն իսկույն զանգահարել է թուրքական դեսպանատուն եւ հարցրել իրավիճակի մասինՙ փորձելով ճշտել, թե ինչի կարիք ունեն։

Դեսպանի հետ Գյուլի հեռախոսազրույցին հետեւել են երկրի բարձրագույն ղեկավարության արձագանքները։ Նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը պայթյունի առնչությամբ, հենց «Վաքիթի» վկայությամբ, ասել է. «Այս պահին մեկնաբանությունը ճիշտ չեմ համարում, որովհետեւ պայթյունի պատճառները հայտնի չեն։ Իրաք թուրքական զորք ուղարկելու կառավարական օրինագծին հավանություն տալը դեռեւս ուղարկել չի նշանակում»։

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է. «Մենք չենք ընդունում, որ ահաբեկչական այս գործողությունը պայմանավորված է Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Իրաք զորք ուղարկելու առնչությամբ կառավարությանը տված թույլտվությամբ։ Կարծում եմ, այս ամենը բխում է Իրաքում դրական տեղաշարժերը նախապես կանխելու նպատակամղվածությունից։ Ահաբեկչությունը երբեւէ չի նպաստի խաղաղության հաստատմանը»։

Թուրքիայի նախագահին եւ վարչապետին է միացել փոխվարչապետ Մեհմեդ Ալի Շահինը, ասելով. «Չեմ կարծում, որ այս հարձակումը Թուրքիային եւ թուրքական դեսպանատանը նշանակետ դարձնելու հատուկ նպատակով կազմակերպված լինի»։ Իր հերթին «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավորական խմբակցության փոխնախագահ Ֆաթսան հարձակումը վերագրել է այն շրջանակներին, որոնց շահերին հակասում է թուրքական զորքի մուտքն Իրաք։ Այդ ընթացքում Իրաքի ժամանակավոր կառավարության խորհրդի նախագահ Էյադ Ալավին, դատապարտելով հանդերձ Բաղդադում դեսպանատան առջեւ կատարվածը, ավելացրել է. «Եթե Իրաք օտարերկրյա զինվոր է գալու, ապա նա պետք է ժամանի ՄԱԿ-ի անմիջական հովանու ներքո»։

Թուրքական հանրային հեռուստատեսությունը Թուրքիայի դեսպանատան առջեւ կատարվածի մանրամասներին անդրադառնալիս հարկ համարեց հիշեցնել թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի նախորդ օրվա հայտարարությունը։ Դա արվել էր ի պատասխան քուրդ առաջնորդների սպառնալիքների, թե թուրքական զորքին թույլ չեն տալու անցնել Հյուսիսային Իրաքի տարածքով։ Գլխավոր շտաբը սպառնալիքին հենց սպառնալիքով էլ պատասխանել էր. «Մեր զորքերի վրա որեւէ հարձակման դեպքում հարձակվողները խստագույնս կպատժվենՙ ստանալով արժանի հակահարված»։

Հիրավի, դեսպանատան առջեւ կատարված պայթյունը հաջորդել էր գլխավոր շտաբի հայտարարությանը։ Հարկ է, սակայն, նշել, որ այս կամ այն գործողության իրականացումը մահապարտի ինքնազոհ արարքի միջոցով յուրահատուկ չէ քրդերին։ Դրա հետ Իրաքի արաբներն առնվազն քրդերի չափ դեմ են երկրի տարածքում թուրքական զորքի ներկայությանը եւ այդ մասին բազմիցս սպառնալիքներով նախազգուշացրել են թուրքական իշխանություններին։

Ի դեպ, դրան դեմ են նաեւ արաբական երկրները, իսլամական աշխարհըՙ նմանապես։ Ուրեմն, դեսպանատան պայթյունով իրաքցիները ոչ այնքան Թուրքիային են նախազգուշացնում, որքան համապատասխան ազդանշան են հաղորդում իսլամական երկրներին, որ նախազգուշացումը նրանք կատարեն։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Մալայզիայում հրավիրվել է Իսլամական կոնֆերանս կազմակերպության համաժողովը, որին Գյուլն արդեն մասնակցում էր, իսկ երեկ մասնակցելու համար իր տիկնոջՙ Սեմրա Սեզերի հետ Մալայզիա մեկնեց նաեւ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4