«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2003-10-15 | #188, 2003-10-16 | #189, 2003-10-17


ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՑՈՒՅՑԵՐ ԿԻՊՐՈՍԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԸՆԴԴԵՄ ԴԵՆՔԹԱՇԻ

Արհմիութենական եւ ուսանողական կազմակերպությունների պաշտպանության ներքո հազարավոր կիպրացի թուրքեր բողոքի ցույցերով շարժվել են Նիկոսիայի թուրքական մասի փողոցներովՙ մեղադրական խոսքեր ուղղելով Ռաուֆ Դենքթաշի հասցեին։ Վերջինս իր Անկարայի գործընկերների համագործակցությամբ վերջին շրջանում մեծ թվով ինքնությունը բացահայտող քարտեր է սկսել բաժանել թուրք բնակիչներին, որպեսզի մեծացնի առաջիկա դեկտեմբերին կայանալիք ընտրություններում իր հաղթանակի հնարավորությունները, գրում է «Ազգի» հատուկ թղթակից Ջորջ Տեր-Բարթողը Նիկոսիայից։

Լայնախոհ ընդդիմադիր կուսակցությունների ժողովրդականության հարաճուն աճի պայմաններում այդ ընտրությունները ճակատագրական են համարվում Կիպրոսի խնդրի ապագայի տեսակետից։ Դենքթաշի մոտ կանգնած կոալիցիայի անդամները, որոնց մի մասն իր իսկ ղեկավարած Ազգային միասնության կուսակցությանն, իսկ մյուս մասն էլ իր որդու ղեկավարած Ժողովրդավարական կուսակցությանն են պատկանում, փութաջանորեն պայքարում են Կոֆի Անանի առաջարկած կղզու միասնության բանաձեւի կիրառման դեմ։

«Մեր նպատակն է տեւական խաղաղ կարգավորում եւ Եվրամիությանն անդամակցություն ձեռք բերել մարդու իրավունքների ապահովմամբ բոլոր օրինական քաղաքացիների համար», ասում է արհմիության առաջնորդ Մեհմեդ Թոսունը, շեշտելով «օրինական» բառը, որով այդ կարգավիճակի քաղաքացիներին ընդդիմադիր կուսակցությունները տարբերում են ապօրինի ձեւով Անատոլիայից կղզու հյուսիսային մաս տեղափոխվածներից։ Տարբեր հաշվարկներով նրանց թիվը 50-80 հազարի միջեւ է տատանվում։ Թոսունը «խայտառակություն» է համարում այդ վերաբնակեցումը, որի հետեւանքով խախտվում են հյուսիսային մասի ժողովրդագրական տվյալները։

Վերջին ցույցերը շարունակությունն են ավելի վաղ անցկացված 3 նման զանգվածային խլրտումների, որոնց մասնակցում էին կիպրացի թուրք երիտասարդներ եւ արհմիության ակտիվիստներ։ Ինչպես նախորդների, այնպես էլ այս անգամ նրանք քայլել են Կիպրոսի եւ Եվրամիության դրոշները պարզած։ Պաստառների գերակշռող մասի վրա գրված էին. «Սա մեր երկիրն է», «Մենք կիպրոսցի ենք», «Մենք իրավունք ունենք ապրելու խաղաղ եւ եղբայրական մթնոլորտում» խոսքերը։

79 տարեկան Դենքթաշը, վերջում տեղեկացնում է Ջորջ Տեր-Բարթողը, կղզու գրավյալ տարածքի բնակալ-առաջնորդն է 1974-ից ի վեր, երբ Թուրքիայի զինվորականությունը ներխուժեց Կիպրոս։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4