«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2003-10-17 | #190, 2003-10-18 | #191, 2003-10-21


«ԵԹԵ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԻՐԱՔՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ, ԱՊԱ ՄԵՆՔ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ»

Հայտարարում է Թուրքիայի վարչապետ Էրդողանը

Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովըՙ Մեջլիսը, լիագումար նիստում հաստատեց «Իրաք զորք ուղարկելու մասին» կառավարական օրինագիծը։ Թերեւս դրանով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը մեկ տարի ժամկետով երկրից դուրս զորք ուղարկելու իրավունքով արտոնվեց։

Մեջլիսում օրինագծի հաստատումը գոհունակությամբ էր ընդունել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը։ Պետքարտուղար Քոլին Փաուելն ընդունումից հետո իսկույն զանգահարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլին եւ շնորհակալություն հայտնել։ Սա պատահական չէր, այլ պայմանավորված էր օրինագծի ընդունման նպատակով Էրդողանի կառավարության վրա գործադրված ճնշումներով, որոնք դրսեւորվում էին պահանջի տեսքով։

Հոկտեմբերի 9-ին, «Ազգն», անդրադառնալով Մեջլիսում կառավարական օրինագծի հաստատմանը, հայտնել էր հետեւյալ կարծիքը. «Եթե ԱՄՆ-ը ճնշում էր Էրդողանի կառավարությանը, ապա վարչապետ Էրդողանն էլ որպես «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահ, ճնշում գործադրեց Մեջլիսի պատգամավորական խմբի վրա։ Փաստորեն, Իրաք զորք ուղարկելու հարցում Թուրքիայի ազգային մեծ ժողովը ենթարկվեց ԱՄՆ-իՙ Էրդողանի կառավարությամբ միջնորդավորված ճնշումներին»։

Մինչ Անկարայի կառավարող շրջանակները շարունակում էին հայտարարություններ անել, թե «Թուրքիան պարտավոր է Իրաք զորք ուղարկել», «դա անհրաժեշտ է Իրաքի վերակառուցմանը մասնակից դառնալու համար», «զորք ուղարկելը հնարավորություն կտա սաստելու Հյուսիսային Իրաքի քրդերին», «շնորհիվ դրա կստիպենք ԱՄՆ-ին Հյուսիսային Իրաքից դուրս բերել PKK-KADEK-ի զորամիավորումները», որպեսզի արդարացնեն Մեջլիսի վրա գործադրված ճնշումը, հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց Իրաքի մասին ամերիկյան բանաձեւը։

Թվում էր, թե ամերիկյան բանաձեւի ընդունումը միաժամանակ կօրինականացնի Իրաք զորք ուղարկելու թուրքական կառավարության պատրաստակամությունը։ Սակայն թուրքական զորքի հարցում պաշտոնական Վաշինգտոնի շրջադարձը գերազանցեց բոլոր ենթադրությունները։ Ինչո՞վ դա պայմանավորել։ Մինչ հարցին պատասխանելն ասենք, որ Մեջլիսում օրինագծի ընդունումը ողջունող նախագահ Բուշը հանկարծ հայտարարեց. «Իրաք թուրքական զորք ուղարկելու հարցը ենթակա է հետագա ճշգրտման», իսկ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը այդ հարցը պայմանավորեց Իրաքի ժամանակավոր կառավարության խորհրդի մոտեցմամբ։ Ռամսֆելդը միաժամանակ նշեց, որ Իրաք թուրքական զորք ուղարկելու համար անհրաժեշտ է խորհրդի համաձայնությունը։

Մինչդեռ այդ խորհուրդը բազմիցս հայտարարել է. «Իրաքում թուրքական զորք չենք ուզում»։ Հայտարարություններից Ռամսֆելդն անտեղյակ լինել չէր կարող։ Ուրեմն նա թուրքական զորքի մուտքն Իրաք վերոհիշյալ խորհրդի համաձայնությամբ էր պայմանավորում, որ դրա քուրդ անդամներից Մասութ Բարզանին Բուշի վարչակարգին սպառնալիքով նախազգուշացնի. «Իրաք թուրքական զորք մտնելու դեպքում դուրս կգամ խորհրդի կազմից»։ Իսկ ամերիկացիները հիմք ընդունելով իրաքցիների բացասական դիրքորոշումը, թուրքական զորքի մուտքն առայժմ հետաձգում են։

Թուրքական թերթերն Իրաք զորք ուղարկելու առնչությամբ ԱՄՆ-ի շրջադարձը պայմանավորում են անկախ ծագումից բոլոր իրաքցիների բացասական վերաբերմունքով, առանց հաշվի առնելու, որ այդ վերաբերմունքը հայտնի էր բոլորին, ամերիկացիներինՙ առավել եւս։ Թուրքական հանրային հեռուստատեսությունն էլ ՄԱԿ-ի ԱԽ-ում ամերիկյան բանաձեւի ընդունումը պայմանավորեց Մեջլիսում «Իրաք զորք ուղարկելու մասին» կառավարական օրինագծի հաստատմամբ։ Այլ կերպ, ենթադրեց, որ Թուրքիան օրինակ է ծառայել ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ 15 երկրներին։

Հարցին սպառիչ պատասխան տալն անհնար է, մանավանդ որ ձեռքի տակ համապատասխան տեղեկություն չկա։ Բայց եւ այնպես, ավելի իրատեսական է թվում թուրքական զորքի նկատմամբ ԱՄՆ-ի կատարած շրջադարձի պայմանավորումը ՄԱԿ-ի ԱԽ-ում ամերիկյան բանաձեւի ընդունմամբ, քան բանաձեւի ընդունման վրա «Իրաք զորք ուղարկելու մասին» թուրքական կառավարության բարերար ազդեցությունը։ Ինչո՞ւ, որովհետեւ Իրաքի հյուսիսում քրդական ծրագրերը ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրներից ոչ մեկը, անկախ տարաձայնությունների բնույթից, այնքան հիվանդագին չի ընդունում, որքան Թուրքիան։ Չի բացառվում, որ Իրաք զորք ուղարկելու որոշման հիմքում հենց այդ ծրագրերի իրագործումը հնարավորին խոչընդոտելու հաշվարկները լինեն։

Ուրեմն, ԱՄՆ-ի վերոհիշյալ շրջադարձի հիմքում էլ պետք է լինի թուրքական հաշվարկներն ի չիք դարձնելու նկատառումը։ Ըստ երեւույթին, Թուրքիայի քաղաքական ձախողումն ակնհայտ է, որ վարչապետ Էրդողանը հայտարարում է. «Իրաք զորք ուղարկելու խնդիր, որպես այդպիսին, չունենք, եթե չեն ուզում, ապա չենք ուղարկի», իսկ արտգործնախարար Գյուլը լրացնում է նրան. «Եթե ԱՄՆ-ն Իրաքում թուրքական զորք չի ուզում, ապա դա իր գործն է»։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4