«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2003-10-18 | #191, 2003-10-21 | #192, 2003-10-22


ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՃՆՇԵԼ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Բրյուսելում (Բելգիա) գործող «Արդարության եւ ժողովրդավարության հայկական-եվրոպական ֆեդերացիայի» գրասենյակից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է.

Թուրքական կառավարությունը շարունակում է խոսքի ազատությունը ճնշելու իր երկարամյա ավանդույթը։ Հակառակ բարենորոգումներ որդեգրելու իր խոստումներին, երկու աղաղակող փաստեր վկայում են, որ ազատ արտահայտվելու համար մարդիկ ձերբակալվում են այդ երկրում։

Առաջին դեպքում Ռագիփ Զարաքոլուն էՙ մարդու իրավունքների թուրքական ընկերակցության հիմնադիրը, որին, համաձայն թուրքական օրենսգրքի 312 հոդվածի, «հասարակական, ցեղային եւ կրոնական պատճառներով մարդկանց մեջ ատելություն առաջացնելու» մեղադրանք է ներկայացված։ Նրան հետապնդում են «Սեպտեմբերի 12-ի վարչակարգը փորձության առաջ» գրքի լույսընծայման համար։ Մի գիրք, որը դատապարտում է 1980-ականներին երկրում զինվորականների հաստատած բռնատիրությունը։ Վերջին անգամ սեպտեմբերի 24-ին ազգային անվտանգության տրիբունալի առաջ տեղի ունեցած լսումներից հետո նրա դատավարությունը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 3-ը։

Հրատարակիչների միջազգային ընկերակցությունը դատապարտել է այս դատը եւ կոչ արել թուրքական կառավարությանը դադարեցնել Զորաքոլուի մեղադրական հետապնդումները։

Երկրորդ դեպքում անկախ հեռուստաալիք «Մեգա Գրիքի» լրագրող Յաննիս Կանելակիսն ու տեխնիկ Անեստիս Մութաֆիսն են, որոնց հոկտեմբերի 7-ին Չայկարայում (Տրապիզոնի մոտ) ձերբակալել են։ Այդ վայրում նրանք իրականացրել են հաղորդում Պոնտոսի հույների մասին։ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության տվյալներովՙ նրանց ձերբակալել են «Պոնտոսի հույների օգտին քարոզարշավ» իրականացնելու մեղադրանքով։ Նրանց արդեն բաց են թողել, սակայն առգրավել են բոլոր փաստաթղթերն ու տեսաժապավենները։ Թուրքական իշխանությունները մտադիր են քննել դրանքՙ պարզելու համար, թե «Թուրքիայի հասցեին վիրավորական ոչինչ չկա՞ դրանցում»։

«Այս երկու դեպքերը բավական են ցույց տալու Թուրքիայում խոսքի ազատության պաշտոնական ճնշումները։ Որեւէ քաղաքական քննադատություն աներկբայորեն պատժվում է։ Որեւէ փոքրամասնություն, ինչքան էլ փոքր լինի քանակով, համարվում է սպառնալիք ազգային անվտանգությանը», հայտարարել է «Արդարություն եւ ժողովրդավարության հայկական-եվրոպական ֆեդերացիայի» տնօրեն Լավրենտի Լեյլեկյանը, որն ավելացրել է. «Ռագեփ Զարաքոլուին մեղադրել թուրքական զինվորական հեղաշրջումը դատապարտելու համար նշանակում է, որ ներկայիս վարչակարգը հավանություն է տալիս նրանց գործադրած բռնի միջոցներին։ Դրանով նրանք մի անգամ եւս ցույց են տալիս իրենց պատրաստակամությունըՙ հետեւելու անցյալի ոճրագործների օրինակին, հրաժարվելով մարդկության դեմ գործված ոճրագործությունները ճանաչելուց, ինչպես, օրինակ, Հայոց ցեղասպանությունը»։

«Մենք անընդհատ լսում ենք բարենորոգումների 6-րդ, 7-րդ փաթեթների մասին, բայց իրականում ոչինչ չի փոխվում։ Եվրամիությունը պետք է դադարի անտեսել զինվորական խունտայի արդյունքում ծնված այս երկրի ժողովրդավարական բարեփոխություններ իրականացնելու անկարողությունը։

Պրն Զարաքոլուն ճիշտ է, երբ պահանջում է, որ սեպտեմբերի 12-ի զինվորական գնդապետներին դատեն Չիլիի, Արգենտինայի եւ Հունաստանի հեղաշրջումների պատասխանատուների նման», եզրակացնում է Լեյլեկյանը։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4