«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2003-10-21 | #192, 2003-10-22 | #193, 2003-10-23


ԲԱԼԱՔՅԱՆԻ «ԱՅՐՎՈՂ ՏԻԳՐԻՍԸ» «ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍԻ» ԲԵՍՏՍԵԼԼԵՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Վաշինգտոնի ՀՅԴ Հայ դատի գրասենյակից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Պիտեր Բալաքյանի նորագույն վեպը Հայոց ցեղասպանության եւ դրա ամերիկյան արձագանքների մասին առաջիկա շաբաթվա ընթացքում նոր բարձունք է նվաճելուՙ ընդգրկելով «Նյու Յորք թայմսի» հեղինակավոր բեստսելլերների ցուցակում։

Բալաքյանի «Այրվող Տիգրիսը» հոկտեմբերի 19-ին հրապարակվելիք ցուցակում զբաղեցնելու է 4-րդ տեղը։ Դա լինելու է Ցեղասպանության վերաբերյալ առաջին գիրքը, որ նման գնահատանքի է արժանանալու։

«Իհարկե, հայերն առաջինը գնահատեցին դրա արժեքը, բայց «Նյու Յորք թայմսի» լավագույն գրքերի ցուցակում լինելը նշանակում է, որ այս կոթողային գիրքն իր ճանապարհն է հարթելու դեպի յուրաքանչյուր կոնգրեսականի գրասենյակ, դեպի պետքարտուղարություն, միջազգային լրատվամիջոցներ, համալսարանների պատմության ամբիոններ եւ վերջապես գրադարաններ։ Միանում ենք բոլոր ամերիկահայերինՙ շնորհավորելու Պիտերին եւ մեր պատրաստակամությունը հաստատելու, որ ամեն ինչ կանենք ընթերցողների հնարավորինս մեծ քանակ ապահովելու համար», այս առթիվ ասել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

«Այրվող Տիգրիսը» լավագույն ստեղծագործություն են ճանաչել նաեւ մի շարք այլ հրատարակչություններ, որոնց թվում «Փաբլիշրզ ուիքլին», որը 7-րդ տեղն է հատկացրել գրքին։ Իսկ USA TODA-ն ընդգրկել է իր 50 լավագույն ստեղծագործությունների ցուցակում։

Սեպտեմբերի 30-ին լույս տեսած գիրքը համապարփակ փաստերով նկարագրում է Մ. Նահանգների մարդասիրական պատասխան-վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպՙ հատուկ ուշադրություն դարձնելով ամերիկացի հերոսների հոծ թվին, որոնք իրենց ձայնը բարձրացրին օսմանյան թուրքերի իրագործած կոտորածների դեմ։ Նրանց թվին են պատկանում Կլարա Բարտոնը, Ջուլիա Ուորդ Հոուին, Թեոդոր Ռուզվելտը, Վուդրոու Ուիլսոնը, գրողներ Սթիվն Քրեյնը, Էզրա Փաունդը եւ բազմաթիվ միսիոներներ ու դիվանագետներ, որոնք անդուլ ջանքերով Մ. Նահանգներին ստիպեցին մուտք գործել համաշխարհային ասպարեզ որպես մարդասիրական հզոր ուժ։

«Այրվող Տիգրիսը» գրքին ջերմորեն են անդրադարձել պատմաբաններ եւ ցեղասպանության մասնագետներ Մարտին Ջիլբերտը, Ռոբերտ Լիֆտոնը, Դեբորա Լիպսշտադը եւ ուրիշներ։ Հոկտեմբերի 5-ին ընդարձակ գրախոսական է տպագրվել «Նյու Յորք նյուսդեյ» թերթում, որտեղ տորոնտոյաբնակ գրող եւ պատմաբան Պոլ Միչինսոնը գրում է, որ Բալաքյանի նորագույն գիրքը մղում է Ամերիկային բացելու ցեղասպանության վերաբերյալ գիտելիքների մոռացված մի հոր եւ վերակենդանացնելու մարդասիրության հանդեպ ցուցաբերած նրա հզորագույն իմպուլսը։ Դրանով Ամերիկան ոչ միայն պատմության դատն էր պաշտպանում, այլեւ ծառայում էր ազատ ու ժողովրդավարական հասարակության առավել ընդգրկուն նպատակներին։

«Նյուսդեյի» հոդվածը փաստորեն ամռան ամիսներին «Փաբլիշրզ ուիքլիի» եւ «Քիրքուս ռիվյուի» գրախոսականների շարունակությունն է։ Նրան էլ հետեւում են ուրիշները։

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4