«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2003-10-28 | #197, 2003-10-29 | #198, 2003-10-30


ԷՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՆԵՐԱԾԱԿԱՆՈՎ

«Երգահանի կյանքըՙ վոդեւիլից եւ Ստալինից այն կողմ» վերնագրով լրագրող Դեյվ Քերի «Նյու Յորք թայմսի» հոկտեմբերի 17-ի համարում տպագրված հոդվածից տեղեկանում ենք, որ այդ օրվանից Մանհեթենում ցուցադրվում է ռեժիսոր Փիթեր Ռոզենի նոր վավերագրական ֆիլմը, Էրիկ Պողոսյանի ներածականով։ Ութսուներեք րոպե տեւողությամբ եւ արխիվային հարուստ նյութերի վրա պատրաստված ֆիլմը պատմում է, ըստ հոդվածի, Ա. Խաչատրյանիՙ տաղանդավոր արվեստագետի եւ իդեալիստի մասին, որն սկզբնական շրջանում տարված լինելով կոմունիզմի հնարավորություններով, հետագայում անարդարացիորեն պիտակավորվում է Ստալինի կողմից որպես «բուրժուական ֆորմալիստ» եւ իր գործընկերներ Շոստակովիչի եւ Պրոկոֆեւի հետ մատնվում անուշադրության։ Նա վերականգնում է իր հեղինակությունը 1950-ականների վերջերին, երբ իր հեղինակած «Սպարտակ» բալետն արժանանում է կուսակցության հավանությանը։

«Խաչատրյան» ֆիլմի հեղինակը շատ լավ կարողացել է զուգորդել արխիվային նյութերը արդի հարցազրույցների հետ, որոնք նա անցկացրել է բարեկամների, արվեստագետների եւ ընկերների շրջանակներում։ Ֆիլմի միակ թերությունը, դարձյալ ըստ հոդվածի, ներածականի առաջին դեմքով լինելն է։

Իսկ հոդվածի վերնագրում «վոդեւիլ» բառի հայտնվելը Դեյվ Քերը բացատրում է, որ ամերիկացիներից շատերը խորհրդային շրջանի հայ երգահան Խաչատրյանին գիտեն գլխավորապես «Էդ Սուլիվան Շոու»-ի միջոցով, որտեղ նրա «Սուսերով պարը» «Գայանե» բալետից օգտագործվում էր ձեռնածուների, դանականետների եւ ձողերի վրա ափսեներ պտտեցնողների ելույթների ժամանակ։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4