«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2003-10-28 | #197, 2003-10-29 | #198, 2003-10-30


«ՄԱՐՍԻ» ԿԱՌԱՎԱՐԻՉ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՎԱԾ Է

Երեկ հայտնի դարձավ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանի սեփականությանն անցած ձեռնարկություններից «Մարս» գործարանի կառավարիչ ընկերությունը։ Դա «Ռադիոէքսպորտ» արտաքին-տնտեսական միավորումն է։ Վերջինիս գլխավոր տնօրենի տեղակալ Անատոլի Դյակովը եւ գործարանի նոր գլխավոր տնօրեն Ռադիկ Վանունցը երեկ հանդիպեցին լրագրողների հետ։

Անատոլի Դյակովը տեղեկացրեց, որ «Ռադիոէքսպորտը» ստեղծվել է 1963-ին։ Այդ ժամանակվանից ի վեր ձեռնարկությունը նոր տեխնոլոգիաներ էր ներմուծում արտերկրից եւ արտահանում այստեղ արտադրված էլեկտրոնային սարքավորումներ եւ այլ տեխնոլոգիաներ։ «Ռադիոէքսպորտի» գործունեությունը հիմնականում առնչվում էր ԽՍՀՄ պաշտպանական ձեռնարկություններին, այդ թվում հայկական «Հրազդանմաշ», «Էլեկտրոն», ԵրՄՄԳՀԻ «Մերգելյան» գործարաններին։ «Ռադիոէքսպորտի» փոխտնօրենը հայտնեց, որ «Մարսն» իր ներկայացրած ընկերության կառավարմանն է անցել համաձայն Ռուսաստանի գույքային հարաբերությունների նախարարության որոշման։

Ինչ վերաբերում է «Մարսում» իրականացվելիք ծրագրերին, ապա ո՛չ Անատոլի Դյակովը, ո՛չ Ռադիկ Վանունցը, ըստ էության, ոչինչ չասացին։ Անատոլի Դյակովը նշեց, որ բիզնես-պլանը պատրաստ է, բայց մինչեւ տարեվերջ պետք է լինի ավելի կոնկրետ բիզնես-պլան, որից հետո էլ կասվի, թե ինչ է կատարվելու գործարանում առաջիկա ժամանակաշրջանում։ Չնշվեցին որեւէ ժամկետ, ներդրումների ծավալներ, չասվեց, թե ինչ արտադրանք է նախատեսված թողարկել։ «Մարսի» գլխավոր տնօրենը միայն հայտնեց, որ ներկայիս խնդիրը ձմռանը նախապատրաստվելն է։ Այսինքնՙ տանիքները, էլեկտրական եւ ջեռուցման ցանցերը նորոգելը։ Այս պահին աշխատում է մոտ 240 մարդ, որն աշխատակիցների ընդհանուր թվի 10 տոկոսից էլ պակաս է։ Ռադիկ Վանունցը չբացառեց նաեւ, որ բացի ռուսական պատվերներից, ձեռնարկությունն ընդունի պատվերներ այլ երկրներից։ Նա խոստացավ, որ ժամանակ առ ժամանակ կհանդիպի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ կներկայացնի արդեն կատարված աշխատանքի արդյունքները։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4