«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2003-11-05 | #203, 2003-11-06 | #204, 2003-11-07


ՊԵՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

էներգետիկ ոլորտի, խմելու եւ ոռոգման ջրի ընկերությունների, Երեւանի մետրոպոլիտենի 2004-2007 թթ. ֆինանսական առողջացման ծրագրերի եւ կառավարման արդյունավետության բարձրացման մասին երեկ խոսեց այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Մերուժան Միքայելյանը։ Տեղեկացնելով, որ կառավարությունը հավանություն է տվել հանձնաժողովի առաջարկներին, նա փորձեց համառոտ (ինչը չստացվեց) ներկայացնել դրանք։

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ խնդիրներ են առկա ջրային տնտեսության եւ էներգետիկայի ընկերությունների շահագործման ծախսերի ոլորտում։ Խմելու ջրի ինքնարժեքում մեծ է էլեկտրաէներգիայի բաժինը։ Դրա խնայողությունը հնարավորություն կտա մյուս ծախսերն ավելացնել։ Մասնավորապես համակարգի աշխատակիցների շատ ցածր աշխատավարձերը (10-12 հազար դրամ) նախատեսվում է հասցնել մինչեւ 60 հազար դրամի։ Ծրագրվում է նաեւ եկամուտների աճ։ Այդուհանդերձ, «Հայջրմուղկոյուղին» դեռեւս կշարունակվի սուբսիդավորվել պետբյուջեից, իսկ Երեւանի ջրմուղ-կոյուղին կանցնի ինքնածախսածածկման։

Կառավարման համակարգի գլխավոր թերությունն այն է, որ շարունակում է գոյատեւել նախկին պլանային տնտեսության ժամանակ գոյություն ունեցող նախարարություն-ձեռնարկություն ուղղահայաց ենթակայությունը։ Դրա հետ մեկտեղ շատ բաներ անորոշ են մնացել եւ չեն համապատասխանում ներկա տնտեսակարգին։ Այստեղ հանձնաժողովն առաջարկել է պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունների համար կորպորատիվ կառավարում։ Դա նշանակում է տնօրենների խորհրդի ստեղծում եւ գործադիր կառավարման իրականացում ֆինանսական խրախուսման եւ պատժի մեթոդներով։ Խորհուրդների անդամները չպետք է լինեն նախարարության աշխատակիցներ, որպեսզի կախվածություն չունենան տվյալ գերատեսչությունից։ Սակայն այդ անցումն աստիճանաբար պետք է տեղի ունենա։

Էներգետիկայի ոլորտում առկա լուրջ խնդիրներից է մոտ 113 մլրդ դրամ կուտակված պարտքը, որից 23 մլրդ դրամը լուծում չգտնող պարտք է համարվում։ Վերջինիս մարման համար առաջարկվել է երկարատեւ վարկավորման միջոցներ գտնել։ Էլեկտրաէներգիայի ներմուծման-արտահանման գործընթացների վերաբերյալ որոշվել է ներմուծումն ամբողջությամբ չազատականացնել, իսկ արտահանումն ընդհակառակըՙ ազատականացնել։

Խոսելով ջրի, էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների մասին Մերուժան Միքայելյանը կարծիք հայտնեց, որ դրանք պետք է մնան նույնը։ Հանձնաժողովի կարծիքով, չպետք է տարբերակվի նաեւ ջրի սակագինն ըստ մայրաքաղաքի եւ մյուս բնակավայրերի։

«Ազգի» հարցը միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին առնչվում էր էլեկտրատրանսպորտին։ Հանձնաժողովը պետք է առաջարկություններ ներկայացներ նաեւ այս ոլորտի ֆինանսական առողջացման եւ կառավարման արդյունավետության վերաբերյալ. «Արդյոք հանձնաժողովն առաջարկե՞լ էր էլեկտրատրանսպորտի խնդիրների լուծման համար վերացնել էլեկտրատրանսպորտը», մեր հարցին Մերուժան Միքայելյանը պատասխանեց, որ այդ ոլորտի խնդիրներով հանձնաժողովը զբաղվել է աշխատանքների առաջին փուլում։ Իսկ երկրորդ փուլում չի զբաղվել եւ առաջարկություններ չի ներկայացրել էլեկտրատրանսպորտի (տրամվայ, տրոլեյբուս) վերաբերյալ, որովհետեւ այստեղ կառուցվածքային փոփոխություններ են եղել։

Տեղեկացնենք, որ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Մանուկ Թոփուզյանը երեկ ներկայացրեց հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը, որը նույնպես հաստատվել էր կառավարության նիստում։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4