«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2003-11-07 | #205, 2003-11-08 | #206, 2003-11-11


ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՆԴԱԿՉՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

Նոյեմբերի 2-ին Ուոլթհեմ (Մասաչուսեթս) միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի է ունեցել «Նյու Ինգլենդի լուսանկարչապատմական ընկերության» միջոցառումըՙ նվիրված Միջին Արեւելքի ֆոտոլրագրության պատմությանը։ Լուսապատճենների (սլայդ) օգնությամբ դասախոսելու է հրավիրվել մրցանակների արժանացած վետերան ֆոտոլրագրող Հարրի Գունդակչյանը։

Ըստ այդ առթիվ էլ. փոստով ստացված հաղորդագրության, ֆոտոլրագրողի իր մասնագիտական կարիերան Գունդակչյանը սկսել է 1952-ին, երբ սկսել է աշխատակցել Լիբանանում հրատարակվող ֆրանսալեզու «Լորիան» եւ արաբալեզու «Էլ Ջարիդա» թերթերին։ Միեւնույն ժամանակ նա լուսանկարներ է տրամադրել նաեւ լիբանանյան այլ թերթերի, ամսագրերի եւ միջազգային մակարդակի այնպիսի պարբերականների, ինչպիսիք են «Լայֆը», «Պարի մաչը», «Իլուստրեյտիդ Լոնդոն նյուսը» եւ «Լոնդոն դեյլի մեյլը»։

1962-ին նա միացել է Ասոշիեյթեդ պրեսի աշխատակազմին եւ հիմնել այդ լրատու գործակալության Բեյրութի մասնաճյուղըՙ դառնալով 1969-ին գլխավոր ֆոտոլրագրողն ամբողջ արաբական աշխարհում։ Որտեղ հրատապ նորություն է եղել, Գունդակչյանը գտնվել է այդ վայրումՙ անկախ վտանգի սաստկությունից։ Իսկ ամեն ինչ սկսվել է 6 տարեկանից, երբ նա քարուքանդ է արել «Կոդակ» մակնիշի մի լուսանկարչական ապարատ, որը դեռ չի հավաքել նորից։ Մայրը լուսանկարչուհի է եղել։ Մեծանալով Սիրիայում եւ Լիբանանում, Գունդակչյանն իր մայրենիի հետ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, արաբերենին եւ թուրքերենին։ Նա հաճախ է որպես թարգմանիչ հանդես եկել։ Արքայական ընտանիքների, կառավարական անդամների հետ նրա հանդիպումների մասին պատմությունները լսվում են գերլարված ուշադրությամբ։ 1979-ին Ասոշիեյթեդ պրեսը Հարրիին եւ նրա ընտանիքին փոխադրել է Նյու Յորք, որտեղ նա մինչ օրս աշխատում է որպես այդ գործակալության միջազգային ֆոտոլրագրող։

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4