«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2003-11-20 | #214, 2003-11-21 | #215, 2003-11-22


ԱՅՍՕՐ ԼԻԲԱՆԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆՆ Էՙ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Ընդհանուր տեղեկություններ

Լիբանանի Հանրապետությունը պետություն է Միջերկրական ծովի արեւելյան ափին։ Տարածությունը 10.4 հազ.քառակուսի կմ է, բնակչությունը, որը բաղկացած է քրիստոնյաներից, մահմեդականներից եւ փոքրամասնություններից, ըստ CAS-ի հարցախույզի, 1997-ին եղել է 4 մլն, որի 92.4 տոկոսը լիբանանցիներ են։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, տարածված են նաեւ ֆրանսերենն ու անգլերենը։

Գլխավոր քաղաքներն են Բեյրութը (մայրաքաղաք), Տրիպոլին, Սայդան, Զահլեն, Ջունիեն եւ Սուրը։ Բնակչության մոտ 32 տոկոսն ապրում է Բեյրութում եւ նրա շրջակայքում։ Դրամական միավորը լիբանանյան ֆունտն էՙ լիրան։

Լիբանանը լեռնային երկիր է։ Հարավ-արեւմուտքից հյուսիս-արեւելք զուգահեռ ձգվում են Լիբանանի լեռնաշղթաները մի կողմից մինչեւ 3083 մ, իսկ մյուս կողմից մինչեւ 2814 մ բարձրությամբ։ Երկուսի միջեւ ձգվում է Բեքաա բերրի հովիտը, որտեղից հոսում են գլխավոր երկու գետերըՙ Ասին եւ Լիտանին, որոնք օգտագործվում են ոռոգման եւ հիդրոէներգիա ստանալու համար։ Կլիման մերձարեւադարձային է, չոր ամառով եւ խոնավ ձմեռով։ Չորս եղանակները հավասարապես բաշխված են տարվա ընթացքում։

Պատմական ակնարկ

1516-ից 1918 թթ. Լիբանանը գտնվել է Օսմանյան կայսրության վարչական եւ քաղաքական իշխանության ներքո։ 1920-ին ֆրանսիական զորքերի հրամանատար Գուրոյի հրամանով երկրի ներկայիս տարածքը դարձավ պետությունՙ Մեծ Լիբանան անունով։ 1922-ին Ազգերի լիգան հաստատեց այդ տարածքի վրա Ֆրանսիայի մանդատը, որն էլ ուժի մեջ մնաց մինչեւ 1941 թվի նոյեմբերի 26-ը։ Սակայն փաստացի քաղաքական անկախություն հանրապետությունը ձեռք բերեց 1943 թվի նոյեմբերի 22-ին։ Այդ օրն էլ համարվում է երկրի ազգային տոնըՙ Անկախության օրը։

1945-ին Լիբանանը դարձավ Արաբական երկրների լիգայի եւ այնուհետեւ ՄԱԿ-ի հիմնադիր անդամներից մեկը։ Օտարերկրյա զորքերի դուրսբերումն ավարտվեց 1946 թվի դեկտեմբերի 31-ին։

Հաջորդ երեսուն տարիների ընթացքում Լիբանանը ամենատարբեր մշակութային ժառանգությունների խառնարանը հանդիսացավ։ Հարեւան երկրներում տիրող անկայունության պատճառով մեծ թվով հմուտ արհեստավորներ, ձեռնարկատերեր եւ մտավորականներ մուտք գործեցին Լիբանան։ Նրանք էլ նպաստեցին, որ Լիբանանը դառնա տարածաշրջանի առեւտրական, ակադեմիական, բժշկական եւ մշակութային առաջավոր կենտրոն։

Ներքին եւ արտաքին ուժերի համակցված սադրանքների հետեւանքով, սակայն, 1975 թվին երկրում ծայր առած քաղաքացիական պատերազմը տասնյակ հազարավոր զոհեր խլեց եւ նյութական ծանր վնասներ պատճառեց ժողովրդին։ Դրությունը սաստկացավ իսրայելական զորքերի երկու (1978-ին եւ 1982-ին) ներխուժումների հետեւանքով։ Այս շրջանում չափազանց թուլացավ կառավարության իշխանությունը, ավերվեցին երկրի ենթակառույցները, եւ մասնագետների արտահոսքը հասավ նշանակալի չափերի։

Պատերազմական գործողությունները վերջացան 1990-ի հոկտեմբերինՙ 1989 թվին Սաուդյան Արաբիայի Թաիֆ քաղաքում ստորագրված հաշտեցման պայմանագրով։ Նախագահ ընտրվեց Էլիաս Հրաուին։ Երկրի վարչապետ նշանակվեց դոկտ. Սալիմ էլ Հոսը, որին 1992-ին փոխարինեց Ռաֆիկ Հարիրին։ Երկրում կայացան վերջին 20 տարիների ընթացքում առաջին խորհրդարանական ընտրությունները։

1995-ին, սահմանադրական որոշ փոփոխությունների հետեւանքով նախագահ Հրաուիի իշխանության ժամկետը երեք տարով երկարացվեց։ 1998-ի հոկտեմբերին նախագահ ընտրվեց զորավար Էմիլ Լահուդը, որն էլ դոկտ. Սալիմ էլ Հոսին նշանակեց վարչապետ։ Սակայն 2000 թվի խորհրդարանական ընտրություններից հետո Ռաֆիկ Հարիրին փոխարինեց Հոսին այդ պաշտոնում։ Պաշտոնը ստանձնելու իր երդմնառության ճառում, նախագահ Լահուդը մասնավորապես շեշտեց կառավարական կառույցների հզորացման կարեւորությունը, կարգ ու կանոնի հաստատումը, թափանցիկության անհրաժեշտությունը, հավասարության եւ սոցիալական արդարության կիրառումը եւ պատասխանատվության զգացումի բարձրացումը։

Կառավարությունը եւ քաղաքական կուսակցությունները

Լիբանանը խորհրդարանական հանրապետություն է։ Պետության ղեկավարը նախագահն է, որին ընտրում է խորհրդարանը (առաջին փուլում ձայների երկու երրորդի, իսկ երկրորդ փուլումՙ պարզ մեծամասնությամբ) 6 տարի ժամանակով։ Ներկայիս նախագահն է Էմիլ Լահուդը, որն ընտրվել է 1998-ի հոկտեմբերին։ Իր հերթին նախագահը նշանակում է վարչապետին (ներկայումս Ռաֆիկ Հարիրի) խորհրդարանի պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո։ Խորհրդարանի պատգամավորները, թվով 128 հոգի, ընտրվում են չորս տարին մեկ (վերջինը կայացել է 2000 թվին) շրջանային ընտրություններում, որտեղ ընտրվող անդամների թիվը որոշվում է ըստ շրջանի մեծության եւ բնակչության քանակի։

Հանրապետության ժողովրդավարական քաղաքական համակարգը եւ խոսքի ու հավատի սահմանադրականորեն ձեւակերպված ազատությունները լայն ճանապարհ են հարթել քաղաքական կուսակցությունների առաջ։ Երկրում գործում են ավելի քան 30 կուսակցություններ եւ քաղաքական խմբավորումներ, որոնցից են Առաջադիմական սոցիալիստական կուսակցությունը (հիմնվածՙ 1949-ին), Ազգային բլոկը (հիմնվածՙ 1935-ին), Լիբանանյան ֆալանգները (Քաթաիբ, հիմնվածՙ 1936-ին), Սահմանադրական բլոկը (հիմնվածՙ 1934-ին), Ազգային լիբերալ կուսակցությունը (հիմնվածՙ 1958-ին), Նաջադեն (հիմնվածՙ 1934-ին) եւ Լիբանանի աշխատավորների համընդհանուր կոնֆեդերացիան (հիմնված 1970-ին)։ Գործում են նաեւ հայկական ավանդական (Հնչակյան, Ռամկավար-ազատական եւ Դաշնակցություն) կուսակցությունների մասնաճյուղերը։

Միջազգային հարաբերությունները

Լիբանանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի 86 երկրների հետ, որոնցից 83-ում ունի իր դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունը։ Նույն քանակով դիվանագիտական ներկայացուցչություններ կան նաեւ Լիբանանում։ Երկրում հյուրընկալվում են նաեւ միջազգային կարեւորագույն կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ի ամենատարբեր կառույցները, Արաբական լիգայի իրավաբանական կենտրոնը, Արեւմտյան Ասիայի տնտեսական եւ սոցիալական հանձնախումբը, Համաշխարհային բանկը եւ այլն։

2001 թվի մայիսին երկրի տարածքը իսրայելական զավթումից ամբողջությամբ ազատագրած Լիբանանը հավատարիմ է մնում 1991-ի Մադրիդյան խաղաղության կոնֆերանսի ընդունած դրույթներին եւ պաշտպանում տարածաշրջանում կայունություն հաստատելու ՄԱԿ-ի եւ մյուս միջազգային կազմակերպությունների ջանքերը։ Այդ կայունության տակ հասկացվում է իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը գրավյալ արաբական բոլոր տարածքներից, մինչեւ 1967 թվի հունիսի 4-ի սահմանների միջազգային ճանաչումը եւ պաղեստինցի փախստականների վերադարձը իրենց հայրենիքՙ Պաղեստին։

Հանրապետությունը բաց քաղաքականության երկարամյա փորձ ունի եւ հավատարիմ է ժողովրդավարության սկզբունքներին։ 1999-ի հունվարի 1-ից կենսագործվում են ազատ առեւտրի համաձայնությունները Սիրիայի, Քուվեյթի եւ Եգիպտոսի, իսկ 2000 թվի ապրիլից նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ 1992-ից վավերացրել է մի շարք միջազգային պայմանագրեր, որոնք խրախուսում եւ պաշտպանում են ներդրումները եւ ազատում ներդնողներին կրկնակի հարկումից։ Նման պայմանագիր կնքած երկրների թվում է նաեւ Հայաստանը։

1992-ից հանրապետությունը դիտորդի կարգավիճակով միջազգային առեւտրական կազմակերպության անդամ է։ Նրա գլխավոր առեւտրական գործընկերը Եվրամիությունն է։

Տնտեսությունը

Կառավարությունը ընդհանուր առմամբ կիրառում է մասնավոր ներդրումների գործին չխառնվելու քաղաքականություն։ Կապիտալի տեղաշարժի սահմանափակումներ չկան։ Հանրային սեփականությունը սահմանափակված է ենթակառույցներով եւ կենցաղային սպասարկման հիմնարկներով։ Մասնավոր հատվածը, որը 80 տոկոսով է մասնակցում երկրի տնտեսությանը, ընդգրկում է գյուղատնտեսությունը, շինարարությունը, մշակող արդյունաբերությունը, առեւտուրը, զբոսաշրջությունը, բանկային եւ հյուրանոցային համակարգերը, լրատվական եւ գովազդային ծառայությունները եւ այլն։

Տնտեսության աճը 1960-70-ականների տարեկան 5 տոկոսի փոխարեն 1970-75 թթ. կազմել է տարեկան 7 տոկոս։ Աճի հիմնական աղբյուրը ծառայություններիՙ հիմնականում զբոսաշրջության, բանկային եւ ապահովագրության բնագավառներում է արձանագրվել։

Քաղաքացիական պատերազմի ավերիչ հետեւանքներից հետո, 1991-ից սկսած տնտեսությունը վերականգնվեց. Միջազգային արժութային հիմնադրամի տվյալներով համախառն արտադրանքի չափն ավելացավ մոտ 40 տոկոսով։

1992-ին Հարիրիի առաջին կառավարությունը միջոցներ ձեռնարկեց ամրապնդելու տնտեսական կայունությունը։ 1992-97 թթ. տնտեսական աճը կազմեց միջին հաշվով 5-7 տոկոս։ Պատերազմի հետեւանքով առաջացած փողի արժեզրկումը սկսեց նվազել եւ 1998-ին հասավ ընդամենը երեք տոկոսի։ Հետագայումՙ Հոսի կառավարության օրոք, ավելի նվազեց եւ կազմեց 0,25 տոկոս։ Այդ կառավարությունը նաեւ մշակեց ֆինանսական բարենորոգումների հնգամյա մի ծրագիր, որը նպատակաուղղված է բյուջեի դեֆիցիտը եւ հանրային պարտքը նվազեցնելուն։ Կառավարությանն են պատկանում էլեկտրականության, ջրային տնտեսության, ավիաընկերության ամրացված հեռախոսային կապի բնագավառները։ Կենտրոնական բանկը, իր հերթին, ունի նշանակալի ակտիվներ, որոնց թվում ազգային ավիաընկերությանՙ «Միդլ իսթ էրլայնզի» գրեթե բոլոր բաժնետոմսերը։

Զբոսաշրջությունը

Լիբանանի աշխարհագրական դիրքը, մեղմ կլիման եւ բնության գեղեցկությունը (ձյունածածկ լեռները, բերրի հովիտները եւ Միջերկրական ծովի զուլալ ջրեր) զբոսաշրջության գրավականներն են։ Երկիրն արաբական աշխարհում միակն է, որ դահուկասպորտի եւ ձմեռային այլ սպորտաձեւերի ու միջոցառումների հնարավորություն ունի։ Մեծ ներդրումներ են կատարվում այժմ ընդլայնելու եւ արդիականացնելու զբոսաշրջության բոլոր ծառայությունները։

Արդյունաբերությունը

1995-ին երկրի արդյունաբերությունը (հիմնականում ցեմենտի, թղթի, դեղորայքի, կոսմետիկական եւ ախտահանող միջոցների, հագուստեղենի եւ ուտեստեղենի արտադրությունը) կազմում էր համախառն արտադրանքի 17.3 տոկոսը։ Համարյա բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները սեփականաշնորհված են։ Կառավարությունը քաջալերում է արդյունաբերական կառույցների հիմնադրումըՙ երկրում վարելով մաքսային տուրքերի նվազեցման եւ հարկերից ազատելու քաղաքականություն։

1993-2001 թթ. Միջազգային ֆինանսական կորպորացիան 34 ներդրումային եւ ֆինանսական ծրագրեր է իրականացրել Լիբանանումՙ երկրին բերելով 336 միլիոն ԱՄՆ դոլար, գումարած 256 միլիոն դոլարի վարկեր։

Կրթական համակարգը

Կրթական կառույցների բազմազանությունը խոսում է միջազգային հանրության առաջ բաց քաղաքականություն վարելու օգտին։ Երկրում գործում են տեղական եւ օտար, բազում կրոնական եւ աշխարհիկ, պետական եւ մասնավոր դպրոցներ, որոնց թիվը հասնում է 2.719-ի (1998-1999 թթ.)։ Դրանցից 45.7 տոկոսը պետական դպրոցներ են, 36.2 տոկոսըՙ մասնավոր կոմերցիոն, իսկ 10 տոկոսըՙ մասնավոր ոչ կոմերցիոն։ Ընդհանուր առմամբ դպրոցներում ընդգրկված են 871.580 աշակերտներ (1998-99 ուստարվա տվյալներով)։

Համալսարանական ուսանողների թիվը նույն ուստարվա համար կազմում է 101.400։ Գլխավոր համալսարաններն ենՙ Լիբանանյան համալսարանը, Արաբական համալսարանը, Բեյրութի ամերիկյան համալսարանը, Լիբանանա-ամերիկյան համալսարանը, Աստվածամոր համալսարանը, Ճիզվիտների Սենթ Ժոզեֆ համալսարանը, Հայկազյան համալսարանը եւ Բալամանդ համալսարանը։ Գործում է նաեւ ֆրանսիական եւ լիբանանյան կառավարությունների ջանքերով ստեղծված Գործարարության բարձրագույն դպրոցը, որը կառավարման, գործարարության եւ ֆինանսական բնագավառի մասնագետներ է պատրաստում։

Բոլոր ուսումնական հաստատությունները հագեցած են ժամանակակից հարմարություններով։

Կրթության հանդեպ կառավարության ցուցաբերած առանձնահատուկ հոգատարության վկայությունն են երկրում գործող երեքՙ ազգային կրթության, երիտասարդության եւ սպորտի, պրոֆտեխնիկական կրթության ու մշակույթի եւ բարձրագույն կրթության նախարարությունները։

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4