«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2003-11-20 | #214, 2003-11-21 | #215, 2003-11-22


ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՏԵՂԱՀԱՆԵԼ ՎԵՀԱՊԱՆԾ ԿԱՂՆԻՆ

Կփրկվի՞ արդյոք Մելգոնյանը

Նիկոսիայից մեր հատուկ թղթակից Ջորջ Տեր-Բարթողը տեղեկացնում է, որ ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչությունը հավաստիացրել է Կիպրոսի հայազգի պատգամավոր Պետրոս Գալայճյանին, որ Մելգոնյան վարժարանը չի վաճառվելու։ Ընդհակառակըՙ ՀԲԸՄ-ն, գիտակցելով կրթօջախի կարեւորությունը, մտածում է հայկական սփյուռքում բարձրացնել նրա դերը եւ արդիականացնել հարմարությունները։

Անցյալ շաբաթավերջին կենտրոնական վարչության հետ Փարիզում կայացած վճռորոշ հանդիպումից հետո Կիպրոս վերադառնալովՙ Գալայճյանը գոհունակություն հայտնեց տեսակցություններից եւ նշեց, որ ՀԲԸՄ-ն ըստ երեւույթին համոզվեց, որ Մելգոնյանը դեռ կարեւոր դեր կարող է խաղալ Կիպրոսում։ Վարչության ղեկավարները տպավորվել էին լսելով, որ Մ. Նահանգների հեղինակավոր Հարվարդի համալսարանը որոշում էր ընդունել Կիպրոսում հիմնել հետազոտությունների մի կենտրոն։ Հնարավոր է նաեւ, որ այլ միջազգային հաստատությունները նույն նպատակով կօգտագործեն Մելգոնյանի տարածքը։ «Հայ ազգին ծառայելուց 77 տարի անց, հուսով եմ, Մելգոնյանը կարողանալու է պայծառ ապագա ունենալ ճիշտ այնպես, ինչպես հիմնադիր բարերարներն էին կանխատեսել», ասաց Գալայճյանըՙ ավելացնելով, որ կիպրահայերը լավ են հիշում ողբացյալ Ալեք Մանուկյանի խոսքերը, թե վարժարանը մի օր դառնալու է կրթության ավելի կարեւոր մի օջախ, քան այժմ է։ Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխանորդ Բենոն Սեւանը, որը Մելգոնյանի շրջանավարտ է, մի առիթով ասել էր, թե «հնարավոր չէ տեղահանել վեհապանծ կաղնին եւ մեկ ուրիշ վայրում տնկել»։

Բայց վարչության վերաբերմունքի վրա հավանաբար մեծ ազդեցություն էր թողել Մելգոնյանի աշխարհով մեկ սփռված սանուց միությունների արագ եւ վճռական արձագանքը վաճառքի վերաբերյալ տարածված շշուկներին։ Տասնամյակներ շարունակ միայն իրենց անունով ներկա այդ միությունները գլոբալ ճնշման միասնական խմբավորում դարձանՙ շնորհիվ զանգվածային հաղորդակցության ժամանակակից միջոցների։

Պրն Գալայճյանն անցյալ հինգշաբթի հանդիպել է Կիպրոսի կրթության նախարար Փեֆքիոս Գեորղիադեսի հետ։ Հետագայում հանդիպումներ են սպասվում նաեւ ֆինանսների նախարար Մարկոս Կիպրիանուի եւ հանրապետության նախագահ Թասոս Պապադոպուլոսի հետ։ Համաձայն երկրի ամենամեծ շրջանառությունն ունեցող հունարեն «Ֆիլելեֆթերոս» («Լիբերալ») օրաթերթի տվյալների, Բենոն Սեւանը հավանաբար էական դեր է խաղացել ՀԲԸՄ կենտրոնական վարչության նոր դիրքորոշման մեջ։ Ակնկալվում է, որ նա ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության ներկայացուցչական մի խմբի հետ առաջիկա հունվարին այցելի Նիկոսիաՙ բարձրաստիճան անձանց հետ հանդիպելու։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4