«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2003-12-05 | #225, 2003-12-06 | #226, 2003-12-09


ԳՅՈՒՄՐԻՆ ՀԱՄԱՐՅԱ ՄԵՆԱԿ ՆՇԵՑ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 15-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

88-ի դեկտեմբերյան արհավիրքի 15-րդ տարելիցի օրը ողջ Գյումրին սկսեց քաղաքի գերեզմանատներ այցելությամբ, զսպված անանց ցավով խոնարհվելով աղետի տասնյակ հազարավոր անմեղ զոհերիՙ իրենց հարազատների շիրիմներին։ Ամենամարդաշատը, ինչպես միշտ, քաղաքից հեռու գտնվող «Շիրակ» գերեզմանատունն էրՙ հիշատակի ամենամյա հանդիսությունների վայր խաչքար-հուշարձանով, հարազատների կողմից չգտնված անհայտ զոհերի լքված, անխնամ շիրիմներով։ Կեսօրին մոտ, ճիշտ երկրաշարժի ժամին, այստեղ այցելեցին եւ զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության, դեմկուսի ղեկավարները, ուրիշներ։ Խաչքար-հուշարձանին ծաղկեպսակներ դրվեցին հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից, Ազգային միաբանություն կուսակցության, զինվորականների կողմից։

Հանրապետության բարձր ղեկավարությունից ոչ ոք այս անգամ չէր ժամանել Գյումրի։ Երեւի դա էր «Շիրակ» հասնելու անհրաժեշտությունից ազատել նաեւ մարզային ու քաղաքային իշխանություններին, որոնց ղեկավարները պսակ դրեցին քաղաքի կենտրոնում այս տարի կառուցված հուշարձանին։ Այստեղ ծաղկեպսակներ դրվեցին նաեւ նախագահ Քոչարյանի, Շիրակի հոգեւոր թեմի, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության, կրթական ու առողջապահական կառույցների, մի շարք հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, այդ թվումՙ ՀՌԱԿ հանրապետական վարչության կողմից։

Դեռ անցյալ տարի դեկտեմբերի 7-ի թողարկման ժամանակ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ լսեցինք, թե իբր Գյումրին թոթափել է երկրաշարժի հետեւանքները։ Թերեւս դա կարելի էր վերագրել որեւէ լրագրողի անտեղյակությանը, սակայն այս տարի եւս դեկտեմբերի 7-ի ժամը 17-ի «Հայլուրով» միտք հնչեց, թե գյումրեցիների համար աղետի հետեւանքները մնացել են անցյալում։ Մնում էր նման անբարեխիղճ ստի համար ասելՙ ամոթ ձեզ։ Բարեբախտաբարՙ սխալը հետո ուղղվեց, եւ «Հայլուրի» հաջորդ եթերաժամին այդ անհեթեթ միտքն այլեւս չհնչեց։ Իսկ ասելու դրական բան, իհարկե, կար եւ բազմիցս տեղին ասվեց։ Այդ օրը երկրաշարժի տարելիցը նշող Գյումրին այլեւս այն հուսաբեկ քաղաքը չէր, որպիսին էր մինչեւ վերջին տարիներս։ Հատկապես անցյալ եւ այս տարի քաղաքում կատարված հսկայածավալ շինարարությունը, հանձնված բնակելիները մարդկանց հույս ու լավատեսություն են ներշնչել առ այն, որ քաղաքի շինարարական վերականգնման ավարտը չի ուշանա։ Թերեւս սա էլ ամենից կարեւորն է։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4