«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2003-12-10 | #228, 2003-12-11 | #229, 2003-12-12


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՎԻՃԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ՞

Վիեննայի համալսարանը բանավեճի է հրավիրում հայ եւ թուրք գիտնականներին

Թուրքիան բախվում է ներքին եւ արտաքին բազում խնդիրների։ Երբեմն ներքաղաքականի համարում ունեցող խնդիրներն անգամ, ինչպիսիք են, օրինակ, երկրում ազգային փոքրամասնությունների կարգավիճակին կամ քրդերի իրավունքներին առնչվողները, շոշափելով Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները, միջազգային հնչեղություն են ստանում։ Այս հանգամանքը հավելյալ բարդություններ է առաջացնում թուրքական իշխանությունների համար։ Ոչ պակաս բարդ են նաեւ տնտեսական խնդիրները։

Ինչ վերաբերում է արտաքին խնդիրներին, որոնցից թերեւս կարելի է առանձնացնել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի տարաձայնություններն ու Եվրամիությանն անդամակցելու դժվարությունները, փաստի առջեւ են կանգնեցնում պաշտոնական Անկարային։ Եթե տարաձայնությունները բացասաբար են անդրադառնում ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության մեջ Թուրքիայի դերակատարության վրա, ինչի հետեւանքով թուլանում է նրա ազդեցությունը Մերձավոր եւ Միջին Արեւելքում, թերեւս դրանով էլ Անդրկովկասում ու Միջին Ասիայում թուրքական ազդեցության թուլացման նախադրյալներ են ստեղծվում, ապա ԵՄ-ին վերջինիս անդամակցությունն անմիջականորեն անդրադառնում է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» եւ դրա ինքնակոչ նախագահ Ռաուֆ Դենքթաշի կարգավիճակի վրա։

Կիպրոսի խնդրի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակի առանձնահատկությունն այնպիսին է, որ Թուրքիան պետք է զիջի։ Հակառակ դեպքում կարող են ձախողվել ԵՄ-Թուրքիա բանակցությունները։ Մինչդեռ ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները հակակշռելու համար Թուրքիան ԵՄ-ին մերձենալու խիստ կարիքի մեջ է։

Սակայն Թուրքիայի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին խնդիրների բարդությունը, կամ դրանց բազմազանությունն ամենեւին չի խանգարում, որ Հայոց ցեղասպանության հարցը պահպանի երկրի քաղաքական օրակարգում զբաղեցրած առաջնահերթ տեղը։ Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է Վիեննայի համալսարանի նախաձեռնությանը եւ դրան Թուրքական պատմագիտական ընկերության արձագանքին, որի մասին դեկտեմբերի 11-ի համարներում տեղեկացնում են «Միլլիեթ» եւ «Ռադիկալ» թերթերը։

«Ռադիկալ» թերթը «Ցեղասպանության թեզի առումով աննախադեպ նախաձեռնություն» խորագրի տակ գրում է. «Գիտական պլատֆորմում պաշտոնապես քննարկման է ենթարկվելու Հայոց ցեղասպանության պնդումը։ Քննարկումներին որպես կողմ մասնակցելու են Թուրքական պատմագիտական ընկերությունը եւ Հայաստանի գիտությունների ակադեմիան։ Պատմագիտական ընկերության նախագահ դոկտ., պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն նշեց, որ Վիեննայի համալսարանի հովանու ներքո արխիվային համապատասխան փաստաթղթերի փոխանակումից հետո հայերի հետ 1915 թ.-ին առնչվող քննարկումներ ենք անցկացնելու։ «Առաջին անգամ, նշեց Հալաչօղլուն, հայերն ու թուրքերը միեւնույն սեղանի շուրջ քննության են ենթարկելու անցյալը»։ Այնուհետեւ նա ավելացրեց, «2004 թ.-ին նախատեսվող հանդիպման ճշգրիտ ժամանակը համատեղ որոշելու են մասնակից կողմերը»։

Ինչ վերաբերում է «Միլլիեթին», ապա դրա տեղեկության համաձայն, Հալաչօղլուն նշել է, որ 1915 թ. իրադարձությունները քննարկելու առաջարկով Վիեննայի համալսարանը դիմել է ինչպես իր գլխավորած ընկերությանը, այնպես էլ Հայաստանի գիտությունների ակադեմիային։ Հալաչօղլուի վկայությամբ, թուրքական կողմից որպես Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ մասնակցելու է ինքը եւ ընկերության հայկական բաժնի վարիչ դոկտ., պրոֆ. Հիքմեթ Օզդեմիրը։

Քանի որ հայ եւ թուրք գիտնականների նախատեսվող հանդիպման մասին տեղեկությունները քաղել ենք թուրքական թերթերից եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը դեռեւս պաշտոնապես դրանք չի հաստատել, ուստի արձագանքի ակնկալիքով զերծ ենք մնում մեկնաբանությունից։ Պարզապես նշենք, որ Հալաչօղլուն հեղինակն է «Հայերի տեղահանությունը» աշխատության։ Նա որպես Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ աշխատության մեջ կարծիք է հայտնել, որ 1915 թ.-ին տեղահանության են ենթարկվել 436 հազար 758 հայեր, որոնցից տեղ են հասել 382 հազար 148-ը։ Ըստ հեղինակի, ճանապարհին թուրքական որոշ խմբեր, որոնց հարազատների կոտորել էին հայ ավազակները, վրեժխնդրության նկատառումով շուրջ 9-10 հազար հայերի սպանել են։ Ընդ որում «518 հազար 105 սպանված թուրքի» դիմաց։

Հարցը սակայն սոսկ Հալաչօղլուն չէ, այլ Թուրքիայի արտգործնախարարության 2000 թ. նոյեմբերին շրջանառության մեջ դրած «Հայկական հարցի չեզոքացման» նախագիծը եւ 2001 թ. փետրվարի 21-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած օրինագիծը։ Ի դեպ, արտգործնախարարության նախագիծը ենթադրում է հստակեցնել «պատմությունը պատմաբաններին թողնելու Թուրքիայի թեզը», որպեսզի հնարավոր լինի «Հայոց ցեղասպանության շուրջ ծավալվող բանավեճերը երրորդ երկրների խորհրդարաններից փոխադրել գիտաժողովներ», համոզելու համար դրա նպատակահարմարության մեջ Հայաստանին։ Իսկ հանձնաժողովի օրինագծով թուրքական խորհրդարանը «մերժում է պատմականորեն չապացուցված «Հայոց ցեղասպանության մասին» պնդումները եւ դրանք որակում իբրեւ թշնամական քայլ»։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4