«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2003-12-10 | #228, 2003-12-11 | #229, 2003-12-12


ՎՐԴՈՎՄՈՒՆՔ «ԷԿՈՆՈՄԻՍՏԻ» ՀՈԴՎԱԾԻ ԱՌԹԻՎ

«Էկոնոմիստ» անգլիական հեղինակավոր շաբաթաթերթի նոյեմբերի 22-ի համարում տպագրված Ստամբուլի ահաբեկչական գործողություններին վերաբերող հոդվածը առաջացրել է մեր հայրենակից սանֆրանցիսկոյաբնակ Չարլզ Փասքերյանի զայրույթը։ Նա անմիջապես նամակ է հղել պարբերականինՙ կոչ անելով իր հայրենակիցներին նույն ձեւով վարվել։

Նախ մի փոքր հատված վերոհիշյալ հոդվածի առաջաբանից. «Թուրքիանՙ իսլամական միակ աշխարհիկ հանրապետությունը, կրոնական հանդուրժողականության երկար պատմություն ունի, որը գնում է մինչեւ 15-րդ դարի վերջը, երբ իսպանական հալածանքներից ճողոպրած սեֆարտացի հրեաներն ապաստան գտան Թուրքիայում եւ սիրով ընդունվեցին սուլթան Բայազեդ Բ-ի կողմից։ Սուլթանն այն ժամանակ հայտարարեց, որ ցանկանում է իր կայսրությունը դարձնել մարդկության ամպհովանի»։

Այս բառերը վրդովեցրել են Փասքերյանին եւ հարկադրել շարադրել հետեւյալ նամակը. «Ողջունելով սուլթանին իր մարդկային խոհերի համար, կարծում եմ, յուրաքանչյուր խելամիտ անձնավորություն վիրավորված պետք է զգա պատմության նման խեղաթյուրման համար։ Կարծում եմ, դա հետեւանք է իրական փաստերին բացարձակապես անտեղյակ լինելու, հոդվածի հեղինակի անպատրաստության եւ թույլ խմբագրումի, ինչը զարմանալի է «Էկոնոմիստի» նման մի պարբերականի համար։

Պնդել, որ 15-րդ դարից սկսած Թուրքիան «կրոնական հանդուրժողականություն» է դրսեւորել ամբողջապես, սխալ է։ Ես ամաչում եւ զզվում եմ այն բանից, որ նման աղբյուրների եւ, իմ կարծիքով, մտավորական գրողների տեր մի պարբերական թույլ է տվել այսօրինակ հիմար արտահայտություն տպագրել։

Ավելի քան 400 տարի, ներառյալ մեր օրերը, թուրքական կառավարության ներկայացուցիչները հետապնդել են հրեաներին, քրդերին, հույներին, ասորիներին եւ հայերին։ Թուրքիայի ներկա քաղաքացիական օրենքները երկակի ստանդարտներ ունեն թուրք քաղաքացիների համար ըստ նրանց կրոնական պատկանելության եւ ուղղված են քրիստոնյաների ու մյուս ոչ մահմեդական փոքրամասնությունների դեմ (ապացույցներ կտրամադրվեն պահանջի դեպքում)։

Ներկայիս թուրքական կառավարությունն ավելի քան 23 անգամ ՄԱԿ-ի սանկցիաների է ենթարկվել ՄԱԿ-ի օրենքներին չհետեւելու համար։ Եվրամիությունը Թուրքիային առաջարկել է ընդունել Հայոց ցեղասպանության փաստըՙ որպես պայման Եվրամիության անդամ դառնալու։

Ավելինՙ Եվրամիությունը, ՄԱԿ-ը, Ֆրանսիան, բրիտանական Լորդերի պալատը եւ շատ այլ երկրներ դատապարտել են Թուրքիային հայերի դեմ ցեղասպանություն գործելու եւ այդ արարքը ժխտելու համար։ «Էկոնոմիստը» նման անհեթեթություն տպագրելով փաստորեն նպաստում է այդ պահվածքին, որը հետագայում կարող է ավելի սրել վայրագությունները մարդկության դեմ։ Ակնկալում եմ, որ «Էկոնոմիստը» ներողություն կխնդրի եւ հերքում կհրապարակի նման վիրավորական հոդվածի համար»։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4