«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2003-12-17 | #233, 2003-12-18 | #234, 2003-12-19


ԱՄՆ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ

Ուրեմն Ադրբեջանն էլ կնախընտրի ԱՄՆ-ի հետ անմիջական կապը առանց Թուրքիայի միջնորդության

Դեկտեմբերի 15-ին Բաքվում հողին էր հանձնվել բոլոր ժամանակների ամենանշանավոր ադրբեջանցուՙ Հեյդար Ալիեւի մարմինը։ Նրա թաղմանը Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Թուրքիան ներկայացված էին նախագահների, իսկ Վրաստանըՙ նախագահի պաշտոնակատարի եւ նախկին նախագահի մակարդակներով։ Օգտվելով առիթից նշենք, որ վերոհիշյալ բոլոր երկրները, բացառությամբ Թուրքիայի, ԱՊՀ անդամ են, որոնցից թերեւս միայն Ղազախստանն էր, որ իբրեւ թուրքալեզու հանրապետությունՙ հանձին Նազարբաեւի, նախագահի մակարդակով էր ներկայացել թաղմանը։

Սա ուշագրավ փաստ է, հատկապես թուրքալեզու հանրապետությունների համագործակցություն ստեղծելու Թուրքիայի հավակնությունների, ինչպես նաեւ Ալիեւի թաղմանը վերոհիշյալ երկրների նախագահների մասնակցությունն Ադրբեջանի միջազգային բարձր հեղինակությանը վերագրելու թուրք պետական գործիչների փորձերի սնանկության առումներով։ Ինչ միջազգային հեղինակություն, երբ դա պատշաճ մակարդակով չեն հարգում Ադրբեջանի հետ այսպես կոչված եղբայրական կապերով կապված Ուզբեկստանը, Թուրքմենստանը եւ Ղրղզստանը։

Ուրեմն խնդիրն Ադրբեջանի միջազգային հեղինակությունը չէ, այլ հեղինակության մասին եզրահանգումներով Ալիեւի թաղումը Բաքվում խաղաղ բնակչության նկատմամբ բիրտ ուժի գործադրման միջոցով մթագնած նախագահական ընտրությունները պայծառացնելու նպատակին ծառայեցնելը։ Որքան էլ դա անհրաժեշտ լինի Իլհամ Ալիեւին, այնուամենայնիվ, հարց է ծագումՙ ինչո՞ւ են այդ պարտականությունն ստանձնում թուրք պետական գործիչները։ Պատասխանը միանշանակ էՙ որովհետեւ նախագահական ընտրություններում Իլհամը Վաշինգտոնի թեկնածուն էր, որն էլ մթագնման սպառնալիքի տակ էր դնում Ադրբեջանում դիրքերի հետագա ամրապնդման Թուրքիայի հեռանկարը։ Այսինքնՙ Վրաստանի տարբերակը կրկնվում է, ինչը լուրջ մտավախություն է պատճառում Թուրքիայի ղեկավարներին։

Ինչո՞վ դա բացատրել։ Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ Թուրքիան Ալիեւի թաղմանը ներկա էր ամենաբարձր մակարդակով։ Բացի երկրի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերից, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հիլմի Օզքյոքից, թաղման արարողությանը մասնակցել են 10 նախարարներ եւ 76 պատգամավորներ։

Թերեւս բացակայել է Սուլեյման Դեմիրելը։ Թուրքական «Վաքիթ» թերթը դեկտեմբերի 18-ի համարում անդրադառնալով դրան գրում է. «Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը չմասնակցեց Հեյդար Ալիեւի թաղմանը։ Թերեւս դրանով էլ անհավատարմության օրինակ ցույց տվեց, որովհետեւ երբ ողջ էր Ադրբեջանի նախագահը, նրան «եղբայրս, բարեկամս» անվանելու ոչ մի առիթ բաց չէր թողնում»։ Ավելին, ըստ թերթի, Դեմիրելը, ստանալով Ալիեւից Ադրբեջանի պատվավոր քաղաքացու կոչումը, նրան ասել էր. «Առ այսօր ես ձեզ դիմում էի «ազիզ եղբայր» ձեւով։ Հիմա արդեն մեծարգո նախագահ եմ ասում, որ կատարեմ Ադրբեջանի քաղաքացիությունից բխող իմ պարտականությունը»։

Ինչ վերաբերում է Թուրքիայի վերոհիշյալ մտահոգությանը, ապա պետք է ասել, որ Հեյդար Ալիեւը ամերիկամետ դիրքորոշում ուներ։ Թեեւ նա Ադրբեջանում ամերիկամետ քաղաքականություն էր վարում, սակայն Վաշինգտոնի աջակցությամբ նախագահ չէր դարձել, ոչ էլ նախագահական ընտրություններում, ինչպես Իլհամը, եղել էր ԱՄՆ-ի թեկնածուն։ Թերեւս այս հանգամանքը, անկախ որդեգրած դիրքորոշման բնույթից, Հեյդար Ալիեւին տալիս էր ամերիկյան ազդեցությունը ռուսականով հավասարակշռելու եւ հավասարակշռության կայունությունը Թուրքիայի հետ ռազմական ու ռազմավարական բնագավառներում համագործակցությամբ ապահովելու հնարավորություն։

Եթե մի կողմ թողնենք փորձի պակասը, ընտրություններում Վաշինգտոնի թեկնածու լինելը, առավել եւս նրա աջակցությամբ նախագահ ընտրվելն Իլհամ Ալիեւի համար չափազանց պարտավորեցնող հանգամանք է, հատկապես այն դեպքում, երբ աչք են փակում խախտումների վրա եւ ողջամտորեն շրջանցում ինչպես սպանություններն ու ձերբակալությունը, այնպես էլ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի գործադրումը։

Այլ կերպՙ Իլհամ Ալիեւը երկրում ամերիկյան ազդեցությունը ռուսականով հավասարակշռելու հնարավորություն գրեթե չունի։ Հետեւաբար չի ունենա հավասարակշռության կայունությունը Թուրքիայի հետ համագործակցելու միջոցով ապահովելու կարիքը։ Այն առումով, որ ԱՄՆ-ը, հանձին Վրաստանի, ռազմական ներկայություն է ապահովել Անդրկովկասում։ Ուրեմն նա, չունենալով Անդրկովկասում Թուրքիայի միջոցով գործելու կարիք, պետք է գործի անմիջականորեն։

Դա ենթադրում է ԱՄՆ-ի անդրկովկասյան քաղաքականության մեջ Թուրքիայի նշանակության զգալի նվազում։ Այս պայմաններում Իլհամ Ալիեւի, հետեւաբար Ադրբեջանի, ինչպես եւ Վրաստանի համար միանգամայն նախընտրելի է դառնում ԱՄՆ-ի հետ Թուրքիայով միջնորդավորված կապի փոխարեն ուղղակի կապ հաստատելը։ Իսկ դա, անկախ Իրաքի հարցում ԱՄՆ-ի հետ տարաձայնություններից, չի կարող նպաստել Թուրքիայի ազդեցությանը ոչ Ադրբեջանում, ոչ էլ Վրաստանում։ Ուրեմն նրա ազդեցությունը կթուլանա նաեւ Անդրկովկասում։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4