«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2003-12-19 | #235, 2003-12-20 | #236, 2003-12-23


ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության օպերատիվ ամփոփագրից, դեկտեմբերի 18-ին ոստիկանության Կենտրոնի բաժին շտապօգնության հիվանդանոցից հաղորդվել էր, որ «Էրեբունի» հյուրանոցի սենյակներից մեկում տղամարդու դիակ կա։ Մեկնած օպերատիվ խումբը նշված սենյակում հայտնաբերել է 40-50 տարեկան տղամարդու դիակՙ մարմնի տարբեր մասերում սուր կտրող գործիքից ստացած վնասվածքների հետքերով։

Պարզվել է, որ սպանվածը 1962 թ. ծնված Գյումրու բնակիչ Ավետիք Հարությունյանն է։ Դեկտեմբերի 21-ին ոստիկանության եւ դատախազության աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն է ներկայացել նախկինում դատված, 1980 թ. ծնված Երեւան քաղաքի բնակիչ Հայրապետ Մանուկյանը։ Վերջինս խոստովանել է, որ նշված սպանությունը կատարել է ինքը։ Հայրապետ Մանուկյանը ձերբակալված է, քննությունը վարում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը։

Ավազակային հարձակում

Դեկտեմբերի 10-ին Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Սարի թաղի տներից մեկում ավազակային հարձակում է կատարվել, որի ժամանակ տան տերըՙ Շ. Մ.-ն, գլխի մասում մարմնական վնասվածք է ստացել։ Ոստիկանության եւ դատախազության աշխատակիցների համատեղ օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 19-ին նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել նախկինում դատված Հ. Թարվերդյանը։ Նա դեկտեմբերի 10-ին մուտք է գործել Շ. Մ.-ի բնակարան, մուրճի գործադրմամբ վերջինիս պատճառել է մարմնական վնասվածքներ եւ, հափշտակելով 150 ԱՄՆ դոլար, 1500 ռուբլի, 3000 դրամ, ոսկյա զարդեր, դիմել փախուստի։ Ձեռնարկվում են իրեղեն ապացույցների հայտնաբերման միջոցառումներ։ Հ. Թահվերդյանը ձերբակալված է, քննությունը վարում է դատախազությունը։

Դեկտեմբերի 20-22-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 3 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 1-ըՙ ստացել մարմնական վնասվածք։ Արձանագրվել է նաեւ վրաերթի 9 դեպք, 2-ը զոհվել են, 7-ըՙ ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։

ՀՀ քր. օր.-ի տարբեր հոդվածների հատկանիշներով դեկտեմբերի 20-22-ը հայտնաբերվել են 17 հետախուզվող անձինք, այդ թվումՙ գողության, իրացնելու-վատնելու, ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար։

Լրաքաղըՙ ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4