«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2003-12-24 | #238, 2003-12-25 | #239, 2003-12-26


«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ» ՎՃՌԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Հանձնաժողովն ընդառաջեց լրացուցիչ քննարկումներ անցկացնելու ընկերության առաջարկին

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գազի սակագների հետագա ճակատագիրը կորոշվի հունվարի 9-ին։ Երեկ, ընդառաջելով «Հայռուսգազարդի»ՙ լրացուցիչ քննարկումներ կատարելու առաջարկին, նման որոշում կայացրեց ՀՀ բնական մենաշնորհների սակագների կարգավորման հանձնաժողովը։ Իսկ մինչ այդ բուռն քննարկումներ ծավալվեցին հանձնաժողովի աշխատակազմի ներկայացրած առաջարկների շուրջ։

Առաջարկները հետեւյալն ենՙ մինչեւ 10 հզ. խմ գազ սպառողների համար 1000 խմ գազի սակագինը սահմանել 51 հզ. դրամ, իսկ 10 հզ. խմ-ից ավելի սպառողների համարՙ 79,1 դոլար։ Այսինքն, փաստորեն սակագինը մնում էր նույնը։ Հանձնաժողովի աշխատակազմը «Հայռուսգազարդին» առաջարկում էր աշխատել 3 տոկոս շահութաբերությամբ, իսկ համակարգի պահպանման ծախսերի հաշվարկում հիմք էր ընդունվել ոչ թե ԳՕՍՏ-ի սահմանած նորմատիվային բազան, այլ ընկերության մենեջմենտի բարելավումից հետո ստեղծված վիճակը։ Բնականաբար, հանձնաժողովի այս եզրակացությունները դժգոհությամբ ընդունեցին «Հայռուսգազարդի» ներկայացուցիչները, որոնք բազմաթիվ փաստարկներ բերեցին ի պաշտպանություն սեփական տեսակետների։

Մասնավորապես, «Հայռուսգազարդի» վարչության նախագահ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով առաջարկվող 3 տոկոս շահութաբերությանը, դա բիզնեսի տրամաբանությանը դեմ համարեց։ Ընկերության կողմից առաջարկվող սակագնի բարձրացումն ինքնանպատակ չէ։ Հակառակ դեպքում ընդհանրապես վտանգվում է գազ ունենալու հնարավորությունը։ Բացի այդ, առաջարկվող շահութաբերությամբ ոլորտում ոչ միայն հնարավոր չի լինի ներդրումներ կատարել, այլեւ համակարգի պահպանման ծախսերը հոգալ։

«Հայռուսգազարդի» առարկությունների վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին նաեւ հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, նշելով, որ տարակարծություններն աշխատակազմի եւ ընկերության միջեւ անգամ լրացուցիչ քննարկումների դեպքում անփոփոխ կմնան, կողմ արտահայտվեց աշխատակազմի ներկայացրած որոշմանը։ Փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանն, ընդհակառակը, այն կարծիքը հայտնեց, որ նոր պայմաններում, նոր ներդրումների դեպքում 3 տոկոս շահութաբերությունը բավարար չէ։ Հանձնաժողովի անդամներից Սամվել Արաբաջյանը որեւէ կոնկրետ տեսակետ չարտահայտեց շահութաբերության չափի վերաբերյալ, բայց կողմ արտահայտվեց այդ հարցը լրացուցիչ քննարկելուն։ Իսկ Շիրազ Կիրակոսյանը կողմ էր աշխատակազմի առաջարկներին, ասելով, որ «Հայռուսգազարդի» մոտեցումներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ընկերության հայտի 90-օրյա քննարկումները չեն եղել։ Վերջնարդյունքում հանձնաժողովը 4 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշեց բավարարել «Հայռուսգազարդի» խնդրանքը լրացուցիչ քննարկում անցկացնելու համար։ Դրանից հետո հանձնաժողովի անդամները եւ «Հայռուսգազարդի» վարչության նախագահը պատասխանեցին լրագրողների հարցերինՙ առավել հանգամանորեն ներկայացնելով իրենց մոտեցումները։

Կարեն Կարապետյանը թվարկեց այն հանգամանքները, որոնք խիստ անհրաժեշտ են դարձնում սակագնի բարձրացումը։ Հայաստանը համեմատական առումով ամենաէժան գազն է ստանում սահմանի վրա։ Միակ երկիրն է, ուր 1997 թ.-ից ի վեր գազի սակագները չեն փոխվել, այն դեպքում, երբ, օրինակ, Բելառուսը այս տարի 3 անգամ փոխել է գազի սակագինը։ Հայաստանը նաեւ միակ երկիրն է, որ մատակարարված գազի դիմաց միջպետական պարտք չի առաջացրել, երբ օրինակ Ուկրաինայի եւ Բելառուսի պես պետություններն ունեն այդպիսի պարտք, եւ միակ երկիրն է, որ գազամատակարարման երաշխավորված երկարատեւ պայմանագիր ունի։ «Այս 7 տարվա մեջ Հայաստանում չկա մեկ ապրանք, որի գինը բարձրացած չլինի։ Ամբողջ աշխարհում գազի սակագինը բարձրանում է, ինչպես կարող է Հայաստանում չբարձրանալ, երբ գազն ամբողջությամբ ներմուծվում է», նշեց «Հայռուսգազարդի» վարչության նախագահը։ Բացի այդ, ներկայումս մեկ խմ գազն ավելի էժան է, քան 7-8 խմ փայտը եւ «Հայռուսգազարդը» առաջարկում է ներկայումս գազ չունեցող հատվածին, որը բնակչության երկու երրորդն է, օգտվել այդ էժան վառելիքից։ Մինչդեռ եթե ընդառաջում ենք բնակչության գազ ունեցող հատվածին /մեկ երրորդին/, չբարձրացնելով գազի սակագինը, ապա զրկում ենք բնակչության մյուս հատվածին գազ ունենալու հեռանկարից, քանի որ նոր ներդրումներ կատարելու հնարավորությունը բացառվում է։

«Շահութաբերության ո՞ր չափը կբավարարի» հարցին Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ այդ չափը գոնե ավելին պետք է լինի բանկային վերաֆինանսավորման տոկոսներից. «Ինչու ոչ այնքան, որքան «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շահութաբերությունն է (17 տոկոս)»։

«Ազգի» հարցին, թե արդյոք վտանգվո՞ւմ է գազամատակարարման երկարատեւ պայմանագիրը հանձնաժողովի կողմից սակագների անփոփոխ թողնելու պարագայում, «Հայռուսգազարդի» վարչության նախագահը պատասխանեց, որ գազամատակարար ընկերությունները փնտրելու են ամենաթանկ շուկան։ «Մենք փորձում ենք մեր շուկան գրավիչ դարձնել եւ կանենք ամեն ինչ, որ այդ պայմանագիրը խոցելի չդարձնենք», նշեց նա։

Ամփոփելով մամուլի ասուլիսըՙ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ իրենց դերը հավասարակշռություն ապահովելն է, որպեսզի պաշտպանելով սպառողի շահերը, չվնասեն գազամատակարար ընկերության ծառայությունների մատուցմանը։ «Հանձնաժողովի դերը հավասարաչափ սակագնային քաղաքականություն իրականացնելն է, որը դժգոհ կթողնի երկու կողմերին էլ», ասուլիսը եզրափակեց նա։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4