«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2004-02-03 | #17, 2004-02-04 | #18, 2004-02-05


20 ՄԼՆ ԴՈԼԱՐԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՆԵՐԴՐԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԻՆ

Հայկական պահանջատիրության համար կարեւորագույն իրադարձություն էր «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերության հավաստիացումը, թե պատրաստ է 20 մլն դոլար վճարել 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր ավանդատուների ժառանգորդներին, ինչպես նաեւ հայկական այն կազմակերպություններին, որոնք նյութական միջոցներ են հատկացրել Եղեռնի հետեւանքները վերացնելու գործին։ Ամերիկահայ փաստաբանների ընկերակցության հրապարակած այդ տեղեկությունն ուշագրավ էր շատ առումներով։ Ամենից գլխավորըՙ «Նյու Յորք լայֆի» նման ամերիկյան մի ընկերության պատրաստակամությունն է Հայոց ցեղասպանության զոհերի համար հատուցում վճարելու։ Առաջին անգամ, փաստորեն, ցեղասպանության զոհերի նյութական իրավունքների մի մասն է վերահաստատվում այսպես, միջազգայնորեն։ Եվ լինելով առաջինը, նախադեպ է դառնում հատուցման նման պահանջների օրինականացման, միջազգային այլ կառույցների կողմից ընդունման համար։ Դա կարող է դառնալ սկիզբը մի շղթայի, որի օղակների մեջ մտնում են ոչ միայն ամերիկյան, այլեւ բրիտանական, ֆրանսիական, ընդհուպ օսմանյան ապահովագրական ընկերությունների, դրամատուների եւ ֆինանսական այլ կազմակերպությունների առաջ դրվող եւ դրվելիք պահանջները։ Ավելինՙ այն սկիզբ է դառնում նույնինքն Օսմանյան կայսրության իրավահաջորդիցՙ Թուրքիայի Հանրապետությունից հայերի բռնագրավյալ կամ լքյալ գույքն ու կալվածքները հետ պահանջելու։ Այլ խոսքովՙ մեր առաջ բացվում է Հայ դատի գործնական հետապնդման մի ասպարեզ, որը թերեւս ամենաուղիղ ճանապարհն է Թուրքիային ստիպելու, որ ընդունի իր հանցանքը եւ պարտավորվի հատուցելու հայ ժողովրդին։ Ահա թե ինչու թուրքերն անհանգստացած են, նրանց մամուլն անցյալ շաբաթ գրում էր, թե «Նյու Յորք լայֆի» որոշումը մեծ գլխացավանք է պատճառելու իրենց։

Այսուհանդերձ, զուտ ֆինանսական տեսակետից հարցին մոտենալու դեպքում կարելի է եզրակացնել, որ 20 մլն դոլարի հատուցումը խիստ անբավարար է ընկերությանը վստահված ապահովագրությունների ընդհանուր գումարի համեմատ։ Անշուշտ, այս հարցը մասնագիտական մոտեցում է պահանջում եւ, մանավանդ, մասնագետների հաշվարկումներ, սակայն մակերեսային տպավորությամբ անգամ ակնհայտ է, որ այդ գումարը շատ քիչ է։

Ծանոթանալով «Նյու Յորք լայֆում» ապահովագրված հայերի ցուցակին, անհրաժեշտ է նկատի ունենալ հետեւյալ տվյալները. նրանց ընդհանուր թիվը կազմում է 2231 հոգի, որոնցից 571-ն ապահովագրվել է ֆունտ ստեռլինգովՙ 18-ից սկսած մինչեւ 40 հազար գումարներով։ Մնացածներից 1638 հոգին ապահովագրվել է ֆրանսիական ֆրանկովՙ 100 ֆր.¬ից մինչեւ 50 հազար ֆր. գումարներով։ Իսկ 22 հոգու պարագան անորոշ է, արձանագրությունների մեջ չի նշված, թե նրանք ի՞նչ արտարժույթով են ներդրել իրենց գումարները։ Ֆունտ ստեռլինգով ներդրված գումարները ներդրման պահին կազմել են 209860 ֆունտ ստեռլինգ կամ 315104 ԱՄՆ դոլար (2001 թ. հունվարի 2-ի սակագնով հաշված), մինչ ֆրանսիական ֆրանկով ներդրվածները կազմում են 6821768 ֆրանսիական ֆրանկ կամ 988808 ԱՄՆ դոլար (նույն թվականի սակագնով հաշված)։

Նկատի ունենալով, որ այդ գումարները ներդրվել են 1915 թ.-ից առաջ, հետեւաբար առնվազն 90 տարվա վաղեմություն ունեն։ Ինչքան ինձ է հայտնի, 100 տարվա վաղեմությամբ գումարները սովորաբար բազմապատկում են 20-25-ով, որպեսզի նրանց այսօրվա արժեքը որոշեն։ Հետեւաբար 1303912 դոլար արժողությամբ ավանդների այսօրվա արժեքը կազմում է շուրջ 30 մլն դոլար, որի վրա պետք է գումարել առնվազն 90 տարվա տոկոսները, որի դեպքում այդ գումարը կարող է բազմապատկվել մի քանի անգամ։

Չպետք է մոռանալ նաեւ մի այլ, կարեւոր պարագաՙ «Նյու Յորք լայֆը» փաստորեն գիտակցաբար թաքցրել է իրեն տրված այդ ավանդների մասին տեղեկությունըՙ շատ էլ լավ տեղյակ լինելով հանդերձ, որ դրանց տերերը ոչնչացվել են։ 90 տարվա ընթացքում ընկերությունը ոչ մի անգամ աշխատանք չի տարել ավանդատուների հնարավոր ժառանգորդներին գտնելու ուղղությամբ, ինչը, որքան ինձ է հայտնի, Մ. Նահանգներում ծանր հանցանք է եւ ենթակա է խիստ պատժիՙ մեծ տուգանքների։

Այսպիսով, «Նյու Յորք լայֆը» զոհված հայերի ժառանգորդներին պարտք է ոչ թե 20 միլիոն, այլ շատ եւ շատ ավելի, գուցե 1 եւ ավելի միլիարդ դոլար։ Որպես նախադեպի, Ամերիկահայ փաստաբանների ընկերակցությունը պետք է շատ ավելի բծախնդիր ու շահախնդիր մոտեցում ցույց տա այս հարցին։ Չմոռանանք, որ 2001 թ. «Նյու Յորք լայֆը» ընկերակցությանն առաջարկում էր ընդամենը 3 մլն դոլար։

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4