«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2004-02-21 | #31, 2004-02-24 | #32, 2004-02-25


ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՄՆԱՑԵԼ Է ԵՐԿՈՒ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ

Խորվաթական Պուլա քաղաքում Եվրոպայի առաջնության պարգեւներն են վիճարկում բռնցքամարտիկները։ Բացի առաջնության մեդալներից, կաշվե ձեռնոցի վարպետները խաղարկում են նաեւ Աթենքում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր։ Յուրաքանչյուր քաշային կարգում Աթենքում հանդես գալու իրավունք կստանան կիսաեզրափակիչ մտած բռնցքամարտիկները։

Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ ասպարեզ է դուրս բերել 8 բռնցքամարտիկների։ Ցավոք, նրանցից 6-ն արդեն ավարտել են իրենց ելույթներըՙ զրկվելով օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու հնարավորությունից։ Առաջին իսկ մենամարտից հետո պայքարից դուրս մնացին Վաչագան Ավագյանը (51 կգ) եւ Սամվել Մաթեւոսյանը (69 կգ)։ Հարություն Թովմասյանը (57 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Բագրատ Ավոյանը (60 կգ) եւ Եվրոպայի նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիր Մարատ Թովմասյանը (91 կգ) հաջողությամբ հաղթահարելով առաջին փուլի արգելքը, պարտություն կրեցին երկրորդ մենամարտում։ Մարատը միավորներով զիջեց թուրք Էրտուղրուլ Էրգեզենին։ Բագրատ Ավոյանը եւս պարտվեց թուրք բռնցքամարտիկինՙ Այդին Սելջուկին։

Այսպիսով, մեր հավաքականից ասպարեզում մնացել են ընդամենը երկուսըՙ 48 կգ քաշային փորձառու բռնցքամարտիկ Ալեքսան Նալբանդյանը եւ Արտակ Մալումյանը (81 կգ)։ Նրանք շահել են երկուական մենամարտ եւ մտել 1/4 եզրափակիչ։ Եթե հայ մարզիկներին հաջողվի հաղթահարել եւս մեկ փուլ եւ մտնել կիսաեզրափակիչ, ապա անկախ հետագա պայքարի ընթացքից նրանք օլիմպիական ուղեգիր կնվաճեն։ Նշենք, որ Ալեքսան Նալբանդյանը հաղթել է ռումինացի Սիլվիու Օլտեանուին եւ ֆրանսիացի Ասլում Ռեդուանեին, իսկ Արտակ Մալումյանը պայքարից դուրս է մղել ռումինացի Կոնստանտին Բեջենարուին եւ շվեդ բռնցքամարտիկ Կամարային։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4