«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2004-02-24 | #32, 2004-02-25 | #33, 2004-02-26


ՄԻԽԱՅ ՍՏՈՅԿԻՑԱ. «ԱՐԴՅՈՒՆՔԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐԱԾ ԽԱՂԻՆ»

«Ազգը» շնորհիվ ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի մամուլի ծառայության օպերատիվ աշխատանքի, ժամանակին տեղեկացրել է Հայաստանի ազգային հավաքականի կիպրոսյան ելույթների մասին։ Հետաքրքրական է իմանալ հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի գնահատականը։ Մենք նախատեսել էինք Երեւան վերադառնալուն պես հանդիպել հավաքականի գլխավոր մարզչին, սակայն Կիպրոսից Միխայ Ստոյկիցան մեկնել է Ռումինիաՙ վիրահատելու վնասված ծունկը (Իտալիայում մինի ֆուտբոլի խաղի ժամանակ նա ծանր վնասվածք էր ստացել եւ հենակներով էր քայլում)։ Այս հարցում խմբագրությանն օգնեց ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության պետ Արայիկ Մանուկյանըՙ սիրով տրամադրելով Միխայ Ստոյկիցայի գնահատականը, որ նա արտահայտել էր մրցաշարի ավարտից հետո։

Իմ կարծիքով, կիպրոսյան մրցաշարն ընդհանուր առմամբ լավ էր կազմակերպված եւ լավ անցավ։ Սակայն մեր հավաքականի ցույց տված արդյունքը չի համապատասխանում ցուցադրած խաղին։ 3 հանդիպումներում մեր ֆուտբոլիստները 20-ից ավելի գոլային ռեալ պահեր ստեղծեցին, սակայն իրացրին միայն 5-ը։ Հավաքականում մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ փորձարկեցինք եւ գուցե դա էր պատճառը, որ արդյունավետությունը բարձր չէր։ Գուցե տարօրինակ թվա, սակայն մրցաշարում մեր լավագույն խաղը Հունգարիայի հավաքականի հետ մրցավեճն էր, որում մրցակցին զիջեցինք 0-2 հաշվով։ Մեր թիմն առաջին խաղակեսում գոլային երեք ռեալ պահ չիրացրեցՙ ունենալով խաղային առավելություն, իսկ ընդմիջումից հետո կոպիտ սխալների հետեւանքով 2 գոլ բաց թողեցինք, որից հետո ֆուտբոլիստները հուսալքվեցին։ Ղազախստանի հավաքականի դեմ առաջին 45 րոպեները մեր թիմի ամենաանփառունակ րոպեներն էին, թեեւ հաշիվը չբացվեց։ 2-րդ խաղակեսում կողմերը 3-ական գնդակ խփեցին։ Հնարավորություն ունեինք կորզելու հաղթանակը, սակայն զգացնել տվեց մրցավարների կողմնակալությունը։ 3-րդ խաղում մեր ֆուտբոլիստներն առանց մեծ դժվարության հաղթեցին վրացիներին։ Այդ խաղում հաշիվն ավելի մեծ պիտի լիներ, սակայն կրկին գոլային մի շարք պահեր չիրացվեցին։ Ափսոս, սա լավ առիթ էր նախկինում կրած խոշոր հաշվով պարտության դիմաց ռեւանշի հասնելու համար։

Իմ կարծիքով, մեր մրցակիցներից ամենաուժեղը Հունգարիայի հավաքականն էր, որը գրագետ խաղ ցուցադրեց։ Ավելորդ չէ նշել, որ ի տարբերություն մեզ, մյուս թիմերը մրցավայր էին ժամանել մարտական կազմով։ Հաղթող ճանաչված ռումինացիների կազմում խաղում էին Մուտուն, Պանկուն եւ այլ ճանաչված ֆուտբոլիստներ։

Ընդհանուր առմամբ մրցաշարը ծառայեց նպատակին։ Հնարավորություն ունեցանք փորձարկելու երիտասարդ մի խումբ ֆուտբոլիստների, որոնք լավ տպավորություն թողեցին։ Բաց թողած գոլերը հիմնականում պաշտպանությունում թույլ տված սխալների հետեւանք էին, ինչը պայմանավորված էր երիտասարդ ֆուտբոլիստների փորձի բացակայությամբ։ Բացի այդ, չէին խաղում Հարություն Վարդանյանը, Խոսե Բիլիբիոն եւ Կարեն Դոխոյանը։ Մեծ էին սպասելիքները Քարամյան եղբայրներից, սակայն, ցավոք, խաղային պրակտիկայի պակասը նրանց թույլ չտվեց դրսեւորել իրենց ողջ կարողությունները։

Մեր հավաքականին լավ ապագա է սպասում։ Անհրաժեշտ է միայն փոխել ՀՀ հավաքականի ֆուտբոլիստների մտածելակերպը։ Նրանք պետք է ամբողջովին նվիրվեն խաղին, իրենց կարողությունները դրսեւորեն։ Յուրաքանչյուրի համար պետք է մեծ պատիվ լինի ազգային թիմի մարզաշապիկը կրելը։ Կիպրոսյան մրցաշարը մեր երիտասարդ ֆուտբոլիստների համար օգտակար էր նաեւ փորձի ձեռքբերման առումով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4